ՔԱՐՈԶ ԿԱՆԵՆ, ԿՀԱՄՈԶԵՆ, ՄՆՈՒՄ Է ԻՄԱՆԱՆ՝ ԻՆՉ, ԵՐԲ, ՈՐՏԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է սահմանադրական բարփոխումների հանրաքվեի քարոզարշավը, բայց հայրենի իշխանությունները ծրագիր չունեն, թե ինչ են անելու, երբ, որտեղ եւ, ամենակարեւորը, ինչպես: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս տարածքներ են փնտրվում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն ու, հատկապես, այդ ամենը իրականացնեն մարզերում, քանի որ Երեւանի դեպքում այն ավելի հեշտ է: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է իրենց ներսում, ինչու քարոզչություն չեն իրականացնում, եթե դրա մեկնարկն արդեն տրվել է:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք պետք է «ԱՅՈ» քարոզեք հանրության շրջանում, սակայն դեռեւս չեք սկսել. ինչո՞ւ:
-Նախ նշեմ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցելու են քարոզարշավին, ուղղակի ԿԸՀ ներկայացվել են 44 պատգամավորների անունները: Վստահեցնում եմ, որ մեր խմբակցության բոլոր պատգամավորներն էլ մասնակցելու են քարոզարշավին:
-Դուք որտե՞ղ եք «ԱՅՈ» քարոզելու:
-Սյունիքի մարզում:
-Իսկ ի՞նչ եք քարոզելու սյունեցիներին, այս հանրաքվեն ինչի՞ համար է արվում, ինչո՞ւ պետք է գնալ եւ «ԱՅՈ» ասել. ինչպե՞ս եք համոզելու սյունեցիներին:
-Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք, մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին:
-Քարոզարշավը մեկնարկել է, բայց որեւէ բան չի արվում Ձեր կողմից:
-Մեկնարկել է, այո, թո՛ւյլ տվեք այս պահին չբացել բոլոր խաղաքարտերը, կսկսի, կտեսնեք ե՛ւ պաստառները, ե՛ւ, ե՛ւ , ե՛ւ..
-Բայց ե՞րբ է մեկնարկելու, օր կա՞ որոշված:
-Շուտով, մենք չենք ուշանա:
-Տեսակետ կա, որ իշխանությունների համար դժվար օրեր են սպասվում, քանի որ պետք է շատ հստակ հանրությանը ներկայացնել, թե ինչու պետք է իրենք գնան մասնակցելու հանրաքվեին: Նշվում է, որ քաղաքացիներին դժվար կլինի բերել ընտրատեղամաս: Այդ հարցը ինչպե՞ս եք լուծելու:
-Ոչ, վստահ եմ, որ դժվար չի լինելու:
-Ըստ Ձեզ՝ հասկանալի՞ է հանրությանը, թե հանրաքվեն ինչ է տալու իրենց:
-Այո:
-Այս հանրաքվեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համա՞ր է արվում:
-Ոչ, սա անձի դեմ ուղղված չէ:
-Ինչի՞ն է ուղղված:
-2018 թվականին սկսված պրոցեսների շարունակությունն է՝ դատական իշխանության ձեւավորումը, որը ընդունելի, ընկալելի եւ վստահելի կլինի հասարակության համար, այն ռոֆորմների շարունակությունը, որի սկիզբը դրվեց 2018թ., այդ թվում՝ դատական իշխանությունում:
-Բայց հանրության լայն զանգվածը չի առնչվել Սահմանադրական դատարանի հետ, ու, կարելի է ասել, իրեն չի էլ հետաքրքրում. Դուք համակարծիք չե՞ք այդ տեսակետի հետ:
-Քարոզչական խմբերի, նաեւ քարոզչության հիմնական նպատակը լինելու է նաեւ դա, ու Դուք տեսնելու եք, թե ինչպես է այդ ամենը բացատրվելու մարզերում ու Երեւանում, տարբեր տեղերում:
-Մարզերում ավելի քիչ են առնչվել ՍԴ-ի հետ, ու տեսակետ կա, որ մարզերում քարոզիչների գործն ավելի դժվար է լինելու:
-Վերջին տասնամյակում սյունեցիները բազմաթիվ հնչեղ դատական գործերի են ականատես եղել եւ տեսել են, թե ինչպես են մարդասպանները դատարանի կողմից ազատ արձակվում, եւ ինչպես են տուժողները վերածվում մեղադրյալների, ինչպես են մահափորձեր, ըստ օդում կախված լուրերի, բեմադրվում, հետո մարդիկ են կալանավորվում, մեկ տարի անցկացնում քրեակատարողական հիմնարկներում, հետո բաց են թողնվում առանց որեւէ բացատրության, մեկնաբանության… Սյունեցիները դատական համակարգում տեղի ունեցող «լավ» պրոցեսներին բազմիցս են առիթ ունեցել շփվել, այնպես որ, Սյունիքի հետ կապված որեւէ խնդիր չկա: Սյունեցին գիտի, որ դատական իշխանության նկատմամբ պետք է լինի վստահություն, որովհետեւ մենք բոլորս մեր մաշկի վրա ենք զգացել, ես անմիջական այդ գործերի հետ կապված… նաեւ մարդկանց ինչպես են կեղծ մեղադրանքներ առաջադրվել եւ այլն, չեմ ուզում մանրամասնել:
-Արդյոք հանրաքվեի ժամանակ իշխանությունները իրենց ռեսուրսները օգտագործելո՞ւ են իրենց ուզած արդյունքին հասնելու համար՝ փորձելով ճնշում գործադրել պետական աշխատողների, գյուղապետերի, վարչական շրջանի ղեկավարների վրա եւ այլն:
-Ոչ, նման բան չի լինելու: Եթե վարչական շրջանի ղեկավար կա, կուսակցական է, կամ «ԱՅՈ»-ի կողմնակից է, ուզում է քարոզարշավին մասնակցել, եթե օրենքը չի հակասում, ի՞նչ կարող ենք անել, եթե հակաիրավական գործընթաց չէ, ես այդտեղ որեւէ բան չեմ տեսնում: Ճնշումներ չեն լինելու, դրա ժամանակներն անցել են, մենք արդեն ապացուցել ենք, որ մենք նման քայլերի չենք գնում:
-«ՈՉ» կարծիքների շտաբը եւս ձեւավորվել է: Ըստ Ձեզ՝ այն կկարողանա՞ ավելի լավ քարոզչություն իրականացնել, քան Դուք:
-Ես չեմ ուզում գնահատական տալ, ամեն դեպքերում գնահատական տալու է ՀՀ քաղաքացին իր քվեարկությամբ:

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ «ՈՉ» Է ՔԱՐՈԶԵԼՈՒ

Երեկ, ի վերջո, հանգուցալուծվեց նաեւ այն հարցը, թե ովքեր են «Ոչ» քարոզչության կողմը ներկայացնելու: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստով պաշտոնապես հաստատեց «Ոչ» քարոզչության կողմը։ Նշենք, որ ԿԸՀ-ին դիմել էին շուրջ 61 իրավաբաններ՝ Ռուբեն Մելիքյանը, որը խմբի լիազոր ներկայացուցիչն է, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթեւոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը եւ այլք։

Հիշեցնենք, որ ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, խմբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր. «Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլեւ խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին. ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից մենք շատ ավելի մեծ վնասներ եւ կորուստներ կունենանք, եթե, բացի հակասահմանադրականությունից, խնդիր հարուցվի նաեւ արդարացիությունն այս գործընթացում»:
Խմբին, կարելի է ասել, միացել են այնպիսի անձինք, որոնք եղել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները տարբեր ոլորտներում: Դրանց թվում է նաեւ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսի 19-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արտակ Ասատրյանին, քանի որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը չի ցանկացել Ասատրյանի հետ աշխատել:
Հիմա Արտակ Ասատրյանն էլ է ընդգրկվել «ՈՉ»-ի քարոզիչների խմբում եւ պետք է հակաքարոզչություն իրականացնի: Հանուն արդարության՝ նշենք, որ Արտակ Ասատրյանն իր ոլորտում իսկապես պրոֆեսիոնալ է եղել, ու նրան փոխնախարարի պաշտոնից ազատելու պատճառները անհասկանալի են մնացել մինչեւ այժմ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին փոխնախարարի հետ՝ պարզելու համար, թե ինչու է որոշել «ՈՉ» քարոզել, ինչպես է դա անելու: «Զուտ «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնությանը աջակցելու համար. այս պահին այսքանը կարող եմ ասել: Եթե «ՈՉ»-ի շտաբին միացել եմ, ուրեմն խնդիրներ տեսնում եմ, իսկ ինչ հիմնավորումներով, ինչպես ու իմ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հետագայում կքննարկենք»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին` «ՈՉ»-ի ճամբարում հայտնվելը արդյոք պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ իշխանությունները իրեն պաշտոնանկ են արել առանց որեւէ բացատրության, Ասատրյանը վստահեցրեց, որ նման բան չկա:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԿԳՆԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում արձակուրդ կմեկնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, նա հանդիսանում է «Այո»-ի շտապի պետ, իսկ նախարարի կարգավիճակը նրան թույլ չի տալիս մինչ 18:00-ն զբաղվել քարոզարշավով: Եվ, ըստ էության, աշխատանքներին լայն թափով ներգրավվելու համար նա արձակուրդ կմեկնի: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ եւ որքան ժամանակով նախարարը կմեկնի արձակուրդ: Ամեն դեպքում, խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց Պապիկյանի՝ առաջիկայում արձակուրդ գնալու մտադրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ առաջիկայում նախարարներից ոմանք եւս արձակուրդ կմեկնեն քարոզարշավին մասնակցելու նպատակով: Խոսքը հատկապես վերաբերում է գործադիրի այն անդամներին, որոնք հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հավելենք նաեւ, որ մարտի 2-ին արձակուրդ է մեկնում նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կրկին քարոզարշավին մասնակցելու նպատակով:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է, որպեսզի քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի նախագիծը կիրառվի ամենայն պատասխանատվությամբ եւ ճիշտ: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը: Սակայն ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանը չի սահմանափակվել միայն դա ստորագրելով եւ ուղերձ է հղել իշխանություններին, դատական համակարգին: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը փաստել է, որ օրենքում կարգավորված են այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսեւորումներ եւ վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձեւավորվող հարաբերություններին: Նա նաեւ կարեւորել է օրենքում նախատեսված հասակցությունների գործնական կիրառումը ամենայն պատասխանատվությամբ: Նշենք, որ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով կառավարությունը քրեական պատասխանատվություն է սահմանվել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու եւ պահպանելու համար։ Եվ խորհրդարանում քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները եւս բարձրաձայնում էին այն հարցը, որ սա կարող է մահակ լինել իշխանությունների ձեռքին: Փաստորեն, Արմեն Սարգսյանը եւս մտահոգություններ ունի:

 




Լրահոս