ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար. Դրանք այն գումարներն են, որոնք այս կամ այն ճանապարհով գողացվել են մեր երկրից:

Սակայն Բեռլինում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում, «Տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ, ամեն դեպքում, նա դժգոհ է այս արդյունքներից: «Ե՛վ անձամբ ես, ե՛ւ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետեւ մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ», – նշել է նա:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը գնաց թեմայի հետքերով` պարզելու, թե ով որքան գումար է վերականգնել պետական բյուջե.
Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար, ՊՊԾ նախկին ղեկավար գեներալ Վաչական Ղազարյանն ու իր կինը բյուջե են վերադարձրել 2,8 մլրդ դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար. Ալեքսանդր Սարգսյանը նաեւ վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի եւ այլ անձանց կողմից պետությանը պատճառած վնասը՝ 54 մլն դրամ:
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար: Հրազդանի նախկին քաղաքապետԱրամ Դանիելյանը փոխհատուցել է 102 մլն դրամ:
Պետությանը տարածք է նվիրաբերել նաեւ մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո: «Գոլդեն փելիս» հյուրանոցի համար մինչեւ հիմա, սակայն, գնորդ չի գտնվել: Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, եւ առաջիկայում նման հատկացումներ կրկին կարող են լինել:
Իսկ, ահա, Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է 2019 թվականի ինը ամիսների տվյալները՝ առկա քրեական գործերի եւ պետությանը հասցված վնասի փոխհատուցման մասին:
Ըստ այդմ, 2019 թվականի ինը ամիսների ընթացքում ԱԱԾ-ին փոխանցվել է 846 նյութ, եւ դրանցով այլ մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ: Բացի այդ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում եւս հարուցվել է 223 քրեական գործ, այսինքն՝ ընդհանուր առմամբ հարուցված է եղել 446 քրեական գործ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության, այլ մարմինների է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՔԾ, 5-ը՝ ՊԵԿ, 2-ը՝ Զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ: Ընդ որում, միայն այս 111 քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործության պատճառած ընդհանուր վնասը կազմել է 1 մլրդ 876 մլն 240 հազար 329 դրամ եւ 256 հազար դոլար, որից պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 1 մլրդ 351 մլն 152 հազար 273 դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ եւ 256.000 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվարից մինչեւ մայիսը ԱԱԾ-ի կողմից հարուցված է եղել 95 քրեական գործ, վերսկսված էր եղել 11 քրեական գործի վարույթ, իսկ 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել էր 2018թ.:
Որպես համեմատություն՝ նշենք նաեւ, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով` հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր 84 մլրդ 869 մլն 951 հազար դրամ, եւ բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել էր 27 մլրդ 775 մլն դրամ: Բացի այդ, 2018 թվականի մայիսի 10-ից, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո մինչեւ 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.: Ընդ որում, հետաքրքիր է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված է եղել 72 քրեական գործ:
Որպես համեմատություն` նշենք, որ 2018 թվականին այդպիսի քրեական գործերի թիվը եղել է 41-ը: Բացի այդ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից մայիսի 10-ից մինչեւ հունիսի 14-ը քննված է եղել 406 քրեական գործ, որոնցից 137-ը եղել է անձի նկատմամբ: Այստեղ վարույթը կարճվել է 35 քրեական գործով, կասեցվել է 19 քրեական գործով: Տվյալների համաձայն` 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ իրավապահ կառույցների կողմից նմանատիպ աշխատանքներ կատարվում են, եւ առաջիկայում նոր տվյալներ կլինեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԱՏԻԺ` ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը»:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` նա պետք է ազատազրկման դատապարտվեր 7 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատվել էր դատավճռով նշանակված պատժից: Իսկ, ահա, մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ եւ գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ Աժ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սահակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով:

 

 

ՆՈՐ ԲԱՇԽՈՒՄ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում կկատարվի եռամսյակային միջծրագրային բաշխում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար նախատեսված 70 մլն դրամը եւ «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված 100 մլն դրամը կհատկացվի Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքում Հայաստան-Սիլիկոնյան հովիտ հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար, տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողների եւ վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրման համար պայմանագրի կնքմանը: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ 76,2 մլն դրամ կհատկացվի նախարարությանն անհրաժեշտ համակարգչային եւ այլ սարքավորումների, ինչպես նաեւ այլ ծառայությունների ձեռքբերման համար: Իսկ, ահա, 33 մլն դրամ կտրվի հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների ձեռքբերման համար: Պարզվում է՝ նախարարությունը 33 մլն դրամով մտադիր է բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերի վերաբերյալ 2020-ի ընթացքում հեռուստահաղորդումներ պատրաստել եւ հեռարձակել:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով՝ ՀՀ դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ: ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Հարությունյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում: ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում: Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում: Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Չիչոյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնում: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Մարգարյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

 

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ
Ազգային ժողովը 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի. այս մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

 

 

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ
2021թ. նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որին կվերապահվեն քննչական եւ հետախուզական գործառույթներ: 2021թ. կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կքննի մեկ մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Այն կմեկտեղի նախաքննական եւ հետաքննական գործառույթները, կունենա քննչական մարմին եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ստորաբաժանում: Ներկայումս կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննում են 4 մարմիններ՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն եւ ՊԵԿ-ը:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը հետաձգվել է: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Ա. Դանիբեկյանի խոսքով՝ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման: Յուրի Խաչատուրովի պաշտպանը ցանկացել է հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չի տվել՝ նշելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:




Լրահոս