ՍՐՏԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: Ըստ Պալատի՝ շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման շղթան՝ ժամանակին արձագանքման օղակից մինչեւ հոսպիտալացում, ունի բարելավման կարիք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մարզերում շտապ օգնության ծառայությունն իրականացվում է տարածքային կառավարման մարմինների կողմից հիմնադրված բժշկական կենտրոնների միջոցով, բայց անհրաժեշտության դեպքում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կարող է սպասարկել նաեւ կանչեր ՀՀ մարզերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ավտոմատ կերպով չեն ուղղորդվում տարածքային շտապ օգնության ծառայություններ, դրանք ուղղորդվում են Երեւան, Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր:
Այսինքն՝ ՀՀ մարզերից բջջային ցանցի միջոցով 1-03 ծառայության ստացված զանգերն ավտոմատ կերպով չեն ուղղորդվում տարածքային շտապ օգնության ծառայություններ, ինչն էլ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում Երեւանում տեղակայված սահմանափակ թվով հենակետեր ունեցող ծառայության համար՝ առաջացնելով ռիսկեր Երեւանից ստացվող կանչերի ոչ ժամանակին գրանցման եւ սպասարկման գործընթացում:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ դա կապված է բջջային օպերատորների հետ: «Կան օպերատորներ, որոնք այդ հարցը չեն լուծել: Օրինակ՝ «Վիվա-ՄՏՍ»-ը այդ հարցը լուծել է, եւ ով զանգում է այդ օպերատորի հեռախոսահամարից, միանում է իր տարածքում գտնվող շտապ օգնության կայան: Կան օպերատորներ, որոնց մոտ այդ հարցը լուծված չէ, եւ նրանց բաժանորդները միանում են Երեւան: Այդ դեպքում կանչը փոխանցվում է համապատասխան մարզ: Այստեղ կանչը փոխանցելու արագությունն է»,- բացատրեց Թ. Ստեփանյանը:
Այսինքն՝ գյուղի բնակիչը, ահազանգելով շտապ օգնության ծառայություն, դեռ պետք է երկար սպասի, մինչեւ Երեւանի շտապ օգնությունը կապ հաստատի մարզային բուժկենտրոնի հետ, ինչից հետո պարզ կլինի՝ շտապ օգնության մեքենա կա, թե ոչ, կարող են կանչը սպասարկել, թե ոչ, քանի որ կան մարզային բուժկենտրոններ, որոնց շտապ օգնության մեքենաները բավարար չեն կանչերը սպասարկելու համար: Շատ հաճախ դեպքեր են արձանագրվում, երբ մարզի բնակիչն այնքան ժամանակ է սպասում, մինչեւ շտապ օգնության խումբն ավարտում է գրանցած կանչը, որպեսզի մոտենա իրեն, էլ չենք խոսում այն գյուղերի մասին, որոնց համար շտապ օգնության մեքենաներն ուղղակի անհասանելի են փոսառատ ու ոչ սարքին ճանապարհների պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում շտապ բժշկական օգնության կայանների թիվը 2017-ին եղել է 75, իսկ 2018-ին՝ 72, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կայանների քանակը պակասել է: Դրա փոխարեն աճել է շտապ բժշկական օգնության կանչերի ընդհանուր թիվը. եթե ՀՀ-ում 2017-ին այն կազմել է 465 հազար 111, ապա 2018-ին այն եղել է 479 հազար 767:
Տեղեկացնենք, որ կանչերի գրանցումն իրականացվում է Կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգում (ԿԴՀ) կանչի թերթիկի ստեղծման միջոցով: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ սահմանված է ինչպես կանչի թերթիկների ձեւը, այնպես էլ դրա լրացման կարգն ու շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների կարգը: Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ 1-03 ծառայությունը զուգահեռաբար կարող է ընդունել մինչեւ 6 կանչ: Պարզվում է՝ 7 եւ ավելի միաժամանակյա կանչերը չեն գրանցվում դիսպետչերական համակարգում ժամանակին, ինչը, ըստ մասնագետների, լուրջ խնդիր է:
Իսկ, ահա, այս խնդրի շուրջ ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը փոխանցեց հետեւյալը. «Խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք քիչ դիսպետչեր ունենք կամ աշխատող, այլ խնդիրն այն է, որ շտապ օգնությունն այսօր, աշխատելով գերլարված եւ օրական կատարելով 900-ից ավել կանչ, բնականաբար այդ ռեսուրսները շատ բարդ է այս պահին իրականացնել, որովհետեւ կանչերի թիվն այս պահին բարձր է: Եւ անընդհատ կարող է կանչերն ավելանան, եթե մարդիկ վստահեն միայն շտապ օգնությանը եւ չգնան իրենց ընտանեկան բժիշկների մոտ, չգնեն ու չօգտագործեն իրենց դեղահաբերը եւ այլն»:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ սահմանված են կանչերի սպասարկման ընթացքում պացիենտների հոսպիտալացման վերաբերյալ չափորոշիչներ, որոնցից մեկով շտապ բժշկական օգնության կայանի խմբերի կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության եւ անհրաժեշտության դեպքում պարտադիր հոսպիտալացման՝ անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից: Բացի այդ, նախարարի հրամանի համաձայն՝ հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկությունը պետք է ներկայացվի նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման չափորոշիչը գործնականում չի ապահովվում:
Հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել: Այս խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ մերժումների դեպքերը պարբերաբար տեղեկացվել են Առողջապահության նախարարությանը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ 3 բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների կարդիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքներում առկա է եղել 30 ազատ մահճակալ, բայց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից նույն օրը ստացված տեղեկության համաձայն՝ նույն բուժկենտրոնների բաժանմունքները փակ են եղել:
Սակայն Թագուհի Ստեփանյանը վստահեցնում է, որ ոչ մի հիվանդ չի մնում առանց օգնության: Նա, անդրադառնալով այս խնդրին, տեղեկացրեց. «Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 900 ԱՆՁ

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Ի դեպ, այս որոշման մասին նախագիծը ՀՀ ոստիկանությունը երեկ է քննարկման դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ներկայումս կան 20 հազարից ավելի անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրեր, բայց տարբեր պատճառներով պայմանավորված՝ նրանք չեն կարողանում ժամանել Հայաստան անձնագիրը ստանալու համար: Ոստիկանությունը որոշել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որի՝ ազգությամբ հայերին իրավունք կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում։
«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ վերջին տարիներին մեր երկրում կտրուկ աճել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը: Եթե 2013 թվականին քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվել է 38 անձ, ապա 2017-ին՝ 412: Ըստ ՀՀ ոստիկանության՝ ներկայումս Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը գերազանցում է 900-ը:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՆԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Մի կողմից՝ մեր երկրում կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունվեց, խիստ պատիժ սահմանվեց թափառող կենդանիներին նեղացնողների նկատմամբ, մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ թափառող կենդանիների մասին. շները մարդկանց կծում են, ու իրավիճակի համար լուծում չկա:
Հերթական ահազանգը Տավուշի մարզից է: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ թափառող շները հարձակվում են Տավուշի մարզի գյուղերում եւ քաղաքներում, մարզկենտրոն Իջեւանում, նույնիսկ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ կարելի է տեսնել թափառող շների խմբեր: Շները գիշերներն ավելի մեծաթիվ են դառնում եւ ավելի ագրեսիվ վարք դրսեւորում: Նոյեմբերյան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ վաղ առավոտյան թափառող շների ոհմակները ագրեսիվություն են ցուցաբերում քաղաքի փողոցներն ավլող հավաքարարների նկատմամբ, երեկոները տարբեր պարապմունքների մասնակցող դպրոցականները վախենում են փողոցում հանդիպել թափառող շների խմբերին:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին թափառող շունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում հարձակվել էր եւ կծել դպրոցահասակ տղայի, որին տեղափոխել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, կատաղության դեմ ներարկել:
Դիլիջան քաղաքի բնակիչները եւս ահազանգում են, որ թափառող, սոված շների խմբերը կեր են որոնում աղբարկղերում ու կարող են տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ: Դիլիջան քաղաքում թափառող, անտեր շները հարձակվել, հոշոտել են դիլիջանցիների պահած, նրանց համար եկամտի աղբյուր հանդիսացող հավերը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչները հայտնեցին, որ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում թափառող շունը դպրոցի աշակերտներից մեկի ձեռքից խլել է երեխայի սնունդը: Երեխաների ծնողներն անհանգստանում են, որ թափառող շները բազմացել են, դարձել ագրեսիվ եւ մի օր երեխաներին կվնասեն: Նախկինում անտեր, թափառող շներին ոչնչացնելու համար համայնքների բյուջեից, համայնքի ավագանու որոշմամբ, հատկացվում էր որոշակի գումար՝ յուրաքանչյուր շան ոչնչացման համար՝ 5 հազար դրամ: Համայնքապետարանը պայմանագրեր էր կնքում Հայաստանի որսորդմիության անդամ հանդիսացող անձանց հետ, ովքեր գիշերային ժամերին փողոցներում որսորդական հրացանով սպանում էին թափառող, անտեր շներին: Մինչ այդ տեղական լրատվամիջոցներով, մարդաշատ վայրերում փակցվող հայտարարությունների միջոցով բնակիչներին իրազեկում էին, որ վերջիններս փակի տակ պահեն իրենց շները եւ անտեր, թափառող շների ոչնչացման օրերին չանհանգստանան գիշերները հնչող կրակոցների ձայներից:
Այժմ համայնքապետարանները թափառող, անտեր շների ոչնչացման համար գումարներ չեն հատկացնում, քանի որ, շների պաշտպանությամբ հանդես եկող հասարակական կազմակերպությունների ջանքերով, Հայաստանում արգելվել է թափառող շների ոչնչացումը: Իրավիճակը, սակայն, գնալով լարվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս