ԿԳՄՍՆ-Ն ՄԵՂԱՆՉԵԼ Է ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱՀԱՆՋԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՌԱ՞Ջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա մարտի 29-ին, նախկինում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու առթիվ Ղարիբյանը մի քանի հիմնավորում էր ներկայացրել. երկու հիմնական պատճառներից մեկը ՊՈԱԿ-ների մասին օրենքն է, ըստ որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումն ու Օրբելյանի՝ հայերենի չիմացությունը: Դրանից հետո Օրբելյանը պահանջել էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանը» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել: Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օրբելյանի քաղաքացիական հայցը՝ ընդդեմ Նազենի Ղարիբյանի: Ապա ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը:

Օրեր առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնելու նրան տնօրենի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է կրկին բողոքարկել դատարանի վճիռը. «Մենք՝ որպես կողմ, իրավունք ունենք վիճարկելու վճիռը: Մի անգամ օգտվել ենք այդ իրավունքից, վիճարկել ենք, հետագայում դատարանի կողմից վերադարձվել է բողոքը տեխնիկական թերությունների եւ մի քանի այլ նկատառումներով: Մեզ մոտ քննարկում է եղել, եւ եւս մեկ անգամ բողոքելը համարել ենք ոչ նպատակահարմար: Առաջին ատյանի վճիռը մտել է ուժի մեջ»,- մեկնաբանեց վարչության պետը:
Հարցին՝ այն փաստարկները, որ ներկայացնում էր Նազենի Ղարիբյանը, արդյոք հիմնավոր է համարում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Կան բաներ, որոնց հետ ես համաձայն եմ. սա որպես իրավաբան եմ ասում, բայց ընդհանուր համատեքստում մենք մեզ մոտ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ շարունակել»:
Մենք զրուցեցինք նաեւ Նազենի Ղարիբյանի հետ: Նա նշեց, որ շատ վատ է վերաբերվում այն փաստին, որ Օրբելյանը կրկին օպերային թատրոնի տնօրեն է. «Բացի այն, որ Օրբելյանը չի կարող երկու պաշտոն համատեղել, ես գիտեմ, որ պարոն Օրբելյանը շարունակում է նաեւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը լինել: Այսինքն՝ երեք պաշտոն է զբաղեցնում: Առհասարակ, մի կողմ թողնելով այն, որ որեւէ մեկը մաեստրո է, հանճարեղ մարդ է, միանգամայն պարզ է, որ մի հոգին չի կարող միաժամանակ այդքան պաշտոն զբաղեցնել: Լավ փաստաբանը շատ հանգիստ կարող էր Օրբելյանի փաստարկներին հակափաստարկներ ներկայացնել: Ես ինքս կարող եմ դա անել: Կարդացել եմ դատարանի եզրակացությունը, դա շատ ծիծաղելի է եւ վիճահարույց, իրավաբանական տեսանկյունից ոչ հիմնավոր: Առկա է կողմնապահ վերաբերմունք, որի հետեւում գուցե ուրիշ հաշիվներ, խնդիրներ, գործակցություններ կան, որոնց մասին մենք չգիտենք: Եթե օրենքին հակառակ կարելի է պաշտոնավարել, թող Օրբելյանը պաշտոնավարի, ի՞նչ ասեմ…»:
Ի դեպ, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Ղարիբյանը նշել էր. «Հավանաբար ԿԳՄՍՆ-ն հետամուտ չի եղել դատը շահելուն կամ էլ չի կարողացել բավարար չափով ուշադրություն դարձնել այս գործընթացին: Նախարարության համար միեւնույն է եղել՝ Օրբելյանը կվերադառնա այդ պաշտոնին, թե ոչ: Այդ ամիսների ընթացքում նախարարությունների միացման գործընթացն է եղել, եւ հնարավոր է՝ դա է դեր խաղացել, ու շատ հարցեր բավարար ուշադրությունից դուրս են մնացել: Պիղատոսյան կեցվածքն ու ինձանից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում»:
Այս իրավիճակն առնվազն տարակուսելի է: Իրադարձությունների ընթացքը երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ Նազենի Ղարիբյանի ներկայացրած փաստարկներն առ այն, որ Օրբելյանն ապօրինաբար է զբաղեցնում օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, անհիմն են, կա՛մ էլ, եթե դրանք անհիմն չեն, ԿԳՄՍՆ-ն մեղանչել է օրենքի եւ նահանջել հենց Օրբելյանի առջեւ: Չի բացառվում, որ նրանց միջեւ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կողմերը փոխադարձ համաձայնության են եկել, արդյունքում էլ, ինչպես տիկին Ղարիբյանն է նկատել, իրեն քավության նոխազ են սարքել: Հարց է ծագում՝ եթե տիկին Ղարիբյանի ներկայացրած փաստարկներն անհիմն էին, ինչո՞ւ է ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանն ասում՝ կան բաներ, որոնց հետ ինքը՝ որպես իրավաբան, համաձայն է: Եթե համաձայն է, ինչու՞ դատարանի վճիռը կրկին չի բողոքարկվում: Ի՞նչ է նշանակում հետեւյալ ձեւակերպումը. «Մենք մեզ մոտ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ շարունակել»: Մենք ասելով՝ վարչության պետն ու՞մ նկատի ունի: Ինչի՞ց ելնելով է ԿԳՄՍՆ-ն սկզբում բողոքարկել դատարանի վճիռը, իսկ հետո հետ կանգնել իր բռնած ուղուց: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԱԹԵՆԱՆ ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ԲԵՅՈՆՍԵԻՆ»

«Աթենան նմանակում է Բեյոնսեին, նրա վատ տարբերակն է: Երգչուհին ակնհայտորեն կրկնօրինակում է հայտնի աստղին, իսկ դա այն երեւույթն է, որ տանել չեմ կարողանում: Իհարկե, Աթենան ունի լավ պոտենցիալ, սակայն ես կցանկանայի տեսնել նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա: Նկատելի է նաեւ, որ մեր մասնակիցը մաքուր է երգում, մնում է՝ ինքն իրեն գտնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց երգչուհի Ջուսը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հնարավորություններին:

Նշենք, որ Աթենան հանդես է գալու «Chains on you» երգով: Մեր պատվիրակն ընտրվեց Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մրցութային համերգին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:
Ջուսի համոզմամբ՝ Աթենայի երգը առօրյայում լսելու համար լավն է, բայց «Եվրատեսիլ»-ի համար բոլորովին մրցակցային չէ. «Միջազգային այդ մրցույթի համար թույլ երգ է ընտրված: Ի վերջո, խոսքը երգի մրցույթի մասին է, ոչ թե վոկալի կամ շոուի: Թեեւ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, չեմ կարծում, որ մենք այս տարի հաղթելու որեւէ շանս ունենք»:
Ջուսը կարծում է, որ եթե տարիներ առաջ «Եվրատեսիլ»-ը կարելի էր լուրջ մրցույթ համարել, ապա վերջին տարիներին այն բավականին անլրջացել է. «Տարիների ընթացքում մրցույթը քաղաքականացվեց, օգտագործվեց քարոզչական նպատակներով, մոռացվեց, որ երգը պետք է լինի առաջին տեղում»,- եզրափակեց երգչուհին:
Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։
Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվեարկության արդյունքում՝ 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ եւ առաջին մենամարտը կանցկացնի մարտի 13-ին` մրցելով դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ. «Մրցակիցս լինելու է դոմինիկացի մարզիկ Դագուվերտո Ագուերոն, ով 15 մենամարտերից հաղթել է բոլորում: Անկնկալիքները շատ մեծ են: Ուսումնասիրել եմ մրցակցիս, պատրաստվել եմ մենամարտին, գիտեմ, որ տեխնիկապես շատ հզոր է, բայց ամեն ինչ կերեւա ռինգում: Ես թողել եմ WBC International Silver գոտին, քանի որ այն պաշտպանելու համար մեծ գումարներ էին հարկավոր, իսկ ես պրոմոութերական պայմանագիր չունեի: Հարկավոր էր մոտ 50.000 դոլլար մենամարտերին մասնակցելու համար: Թողեցի գոտին, որ կարողանամ պայքարել ավելի բարձր չեմպիոնական գոտիների համար:
Մենամարտերին նվիրվում եմ 110%-ով. պատրաստվելու շրջանն ամենածանրն է, իսկ մենամարտի օրը տոն է ինձ համար»,- ասել է Ավագյանը լրագրողների հետ զրույցում:

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Անգլիական «Նյուքասլ Թաունի» ֆուտբոլիստ Ժոզեֆ Թրեւորը դատապարտվել է ցմահ ազատազրկման թմրանյութերի ազդեցության տակ 18-ամյա աղջկա բռնաբարելու եւ դանակի 9 հարվածով սպանելու համար: Անգլիական պարբերականները տեղեկացնում են, որ սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին, բայց ոստիկաններին գործը բացահայտել հաջողվել է միայն հիմա: Նյուտոն Մեգանը՝ Թրեւորի զոհը, այդ օրն ավարտել է աշխատանքը եւ գնացել ակումբ, այնուհետեւ ակումբից դուրս գալուց հետո հանդիպել է Թրեւորին եւ հրավիրել իր տուն: Այդ օրն էլ ֆուտբոլիստը բռնաբարել է աղջկան, իսկ հետո, վախենալով, որ Մեգանը կբարձրաձայնի կատարվածը, սպանել է նրան` մեջքին հասցնելով դանակի 9 հարված:
Ֆուտբոլիստը եղել է ալկոհոլի եւ կոկաինի ազդեցության տակ:

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Իսպանական «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի նոր ձեռքբերման` երիտասարդ Ռեիներ Ժեժուսի մասին. «Հզորագույն ֆուտբոլիստները խաղում են հենց այս ակումբում: Մենք միշտ մտածում ենք մեր ապագայի մասին: Մենք գնել ենք աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին: Այս օրը երբեք չի մոռացվի, սա սովորական շնորհանդես չէր, սա «Ռեալի» պատմության լավագույն տրանսֆերներից մեկն էր»,- ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ 18-ամյա բրազիլացին «Ֆլամենգոյից» է տեղափոխվել «Ռեալ»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 




Լրահոս