ԲԴԽ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ ԲԴԽ-ում ներքին նախնական քննարկման ժամանակ մտահոգություն է հնչել, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն հստակ որոշում:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ, ահա, Արայիկ Մելքումյանը չէր հաշտվել իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու շուրջ մեկ տարի անց՝ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, բավարարեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչեց Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը։
Տեղեկացանք, որ դատավորը չնայած գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փաստաբանի միջոցով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնի լիազորությունները: Արդյունքում ԲԴԽ-ն վարույթ է ընդունել Արայիկ Մելքումյանի փաստաբան Դիանա Գրիգորյանի դիմումը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի ներսում քննարկում է եղել, եւ կարծիքներ են հնչել այն մասին, որ ՍԴ-ի որոշումը իրենց գցել է վատ իրավիճակում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամները նշել են, որ ՍԴ-ի որոշումը եղել է անօրինական, պարզապես ՍԴ-ն այս քայլով ցանկացել է այլ իրավիճակ ստեղծել դատական համակարգում:
Իսկ ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՍԴ-ն, հակասահմանադրական ճանաչելով Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը, դատավորների մոտ փորձում է լավ կերպար ստեղծել, որ դատավորները ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության հետ խնդիրները լուծելու համար համախմբվեն ՍԴ-ի շուրջ: Բարձրագույն դատական խորհրդում նախնական քննարկման ժամանակ որոշել են, որ այլընտրանք չունեն եւ պետք է վերականգնեն դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:
Սակայն այսքանով ԲԴԽ-ի ներքին քննարկումները չեն ավարտվել. ԲԴԽ անդամները նեղսրտած հայտնել են, որ բավական չէ, որ դատավորի լիազորությունները դադարեցրել են, մի բան էլ պետք է պետական բյուջեից 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար:
Նկատենք, որ դատավոր Արայիկ Մելքումյանը դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եւ սպասում է որոշմանը, որպեսզի վերադառնա Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2018 թվականին դատավոր Արայիկ Մելքումյանը սնանկ ճանաչվեց, քանի որ Դիանա Կատայանը Արայիկ Մելքումյանին տվել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անտոկոս փոխառություն։ Ա. Մելքումյանը կատարել է մասնակի վճարումներ։ 26.04.2017թ. դրությամբ վերջինիս պարտքը կազմել է 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որն առ այսօր չի վճարել։ Դիանա Կատայանը դիմել է դատական պաշտպանության իր խախտված իրավունքները վերականգնելու համար։ Դատավորից գումար գանձելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որը հայտնել է, որ դատավորը բանկին պարտք է ավելի քան 78 հազար ԱՄՆ դոլար: Իսկ, ահա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին դատավոր Մելքումյանը պարտք է 22 հազար ԱՄՆ դոլար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿՈՌԵԿՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: «Ժողովուրդ» օրաթերթը զինվորների մահվան դեպքերի մասով բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, թե զինվորները ինչ խնդիրներ են ունեցել եւ ինչ հանգամանքներում են փորձել ինքնասպան լինել: Եվ, ահա, բանակում զինվորների մահվան պատճառով աշխատանքից ազատման դիմումներ գրեցին ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:
ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Ադամյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ:
-Ալեքսան Ալեքսանյանի մեղքը կատարված դեպքերի մասով ո՞րն է, եւ արդյոք արդարացվա՞ծ է նրան պաշտոնանկ անելու որոշումը:
-Բարոյահոգեբանական վիճակը եկեք ես չմեկնաբանեմ, սակայն պետք է հայտնեմ՝ կոռեկտ չէ, որ ենթական գնահատական տա իր ղեկավարի մասին. ես իրավասու չեմ նման գնահատական տալու եւ երբեք էլ չեմ տա:
-Որպես ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի տեղակալ՝ Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարված դեպքերի մասով:
-Բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:

 

 

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՆՏԱՊԵՏԻ ԴԵՄ
Վանաձորի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է դիմել Գոռ Մաթեւոսյանը եւ հայց ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի: Վերջինս իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2020 թվականի թիվ հունվարի 8-ի հրամանը անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի, միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձի:

 

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին եւ ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագրերը:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում եւ կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրգործի նախաքննությունը: Պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արմավիրի մարզի բնակիչ է: Նա, տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու եւ հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել: Որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում եւ տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները: Փոխանցված գումարները հաշվից հաշիվ է փոխանցել, ապա կանխիկացնելու եղանակով հափշտակել է: Նրան մեղադրանք է առաջադրվել:

 

 

 

 

2.6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՐԳԵԼԱՆՔ
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են, 2018թ. համեմատությամբ, 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական եւ դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Հարուցվել է 931 քրեական գործ, ինչը մոտ 37% ավելի է՝ 2018թ. համեմատ: Ընդհանուր առմամբ, 2019թ. վարությում քննվել է նշված բնույթի 1200 քրեական գործ՝ 2018 թվականի 857-ի դիմաց: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2019 թվականի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 2.6մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա:

 

 

 

ՄԵՐԺՎԵԼ Է
Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ:




Լրահոս