ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական ընդհանուր արտադրանքը, անցած տարվա արդյունքներով, նվազել է 4.2 տոկոսով` կազմելով 852 մլրդ 788,9 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 888 մլրդ 138 մլն դրամ, ինչը, 2018-ի համեմատ, նվազել է 3.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 410 մլրդ 361.5 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից պակաս է 7.7 տոկոսով: Ըստ մասնագետների՝ անցյալ տարին գյուղատնտեսության համար այդքան էլ բարենպաստ չի եղել: Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ կառավարությունը գյուղացիներին պետական աջակցության շրջանակներում չի տրամադրել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն: Նշենք, որ ընթացիկ տարում եւս գործադիրը չի տրամադրելու վառելանյութ, պարարտանյութ, փոխարենը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր է իրականցնում, որից, ի դեպ, ոչ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել. դրանք հիմնականում կյանքի են կոչվում վարկավորման միջոցով, իսկ ինչպես հայտնի է, մեր օրերում ոչ բոլորին են բանկերը վարկ տրամադրում, այն էլ՝ այդքան մեծ չափերի, որով հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում տնտեսություն վարել:
Օրինակ՝ անցյալ տարի հացահատիկի բերքատվությունը պակասել է 6.9 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Արարատի մարզում 22.6 տոկոսով պակասել է հացահատիկի բերքատվությունը, Գեղարքունիքի մարզում՝ 38.8 տոկոսով, Կոտայքում՝ 47.3 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կարտոֆիլի դեպքում. բերքատվության անկում արձանագրվել է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերից: Ստացվում է, որ կառավարությունը, մի կողմից, գյուղացուն «զրկում է» էժան գնով վառելանյութից, սերմացուից, պարարտանյութից, մյուս կողմից՝ առաջարկում է վարկ վերցնել (իհարկե, ցածր տոկոսադրույքով) եւ զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, ոչխարաբուծությամբ կամ տավարաբուծությամբ:
Գյուղատնտեսության ոլորտում եւս մեկ խնդիր կա, որն արդեն մի քանի տարի է՝ չի լուծվում. չկա ոռոգման ջուր: Արարատյան դաշտավայրում ջուր չլինելու պատճառով դաշտերը չորանում են: Արմավիրի, Արարատի մարզերում բազմաթիվ հողակտորներ կան, որոնք արդեն մի քանի տարի է՝ չեն ոռոգվում, հետեւաբար չեն մշակվում: Շատ են դեպքերը, երբ գյուղում ապրող մեր հայրենակիցները, չկարողանալով հողագործությամբ ընտանիք պահել, առօրյա հոգսերը հոգալ, ստիպված են լինում գյուղից գնալ՝ աշխատանք գտնելով ՀՀ քաղաքներում, եւ այնտեղ էլ բնակություն են հաստատում կամ էլ երկրից հեռանում են՝ արտագնա աշխատանքի: Իհարկե, կառավարությունը այս խնդրի լուծումը գտել է. ՀՀ տարածքում չմշակվող հողերը կառավարությունը ծրագրում է հետ վերցնել սեփականատերերից: Այսինքն՝ մշակվում է մեխանիզմ. ըստ մարզերի եւ հողի կատեգորիաների՝ կսահմանվի հողի վարձակալության պետական գին, կունենա օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքի ուժով այն պետությունը կվերցնի մարդուց վարձակալության համար, իրեն կվճարի վարձակալության վճար եւ հետո վարձակալությամբ կհանձնի տնտեսվարողին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 442 մլրդ 427 մլն 400 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, նվազել է 1.2 տոկոսով: Այլ կերպ ասած` անցյալ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ անցյալ տարվա արդյունքներով` 3.3 տոկոսով նվազել են նաեւ մսի արտադրության ծավալները: Միայն խոզի մսի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում պակասել են 13.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 14.6 տոկոսով: Փոխարենը ընդհանուր կաթնամթերքի արտադրության ծավալները, անցյալ տարվա արդյունքներով, 39.1 տոկոսով աճել են: Օրինակ` 2019թ.-ին պանրի արտադրության ծավալները աճել են 5.6, թթվասերինը` 34.3, մածունինը` 29.3, իսկ կաթնաշոռինը` 23,9 տոկոսով:
Ըստ ոլորտի մասնագետների` կաթնամթերքի արտադրության ծավալներն աճել են ներկրված կաթի փոշու հաշվին, փոխարենը ձկնաբուծության ոլորտում է 7.3 տոկոսով աճ արձանագրվել: Եւ զարմանալի չէ, քանի որ Հայաստանում վերջին շրջանում սնկի պես աճել են ձկնաբուծարանները: Միայն ձկնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 35 մլրդ 349.1 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ փոխվել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Պատճառն այն է, որ այսպես գործադիրը փորձելու է ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց, չնայած սրան, գյուղատնտեսության ոլորտում բացասական միտումը շարունակվում է, եւ դեռ հայտնի չէ, թե երբ այն ուշքի կգա:

 

 

 

 

«ՆՈՐ ՇՈՐ ԿՀԱԳՆԵՆ, ԿՍԱՆՐՎԵՆ, ԿՍԱՓՐՎԵՆ ՈՒ ԿԳՆԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ»

ՀՀ Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչները մեծ անհամբերությամբ սպասում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ցամաքասարի գյուղապետ Գոռ Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, Ցամաքասարում ի՞նչ կարծիք ունեն Սահմանադրական դատարանի մասին:
-Ա՛յ քուր ջան, ցավդ տանեմ, ո՞ւր ա ժողովուրդ որ… ո՞ւր ա մնացել ժողովուրդ, որ կարծիք ունենան…
-Քանի՞ բնակիչ եւ ընտրող կա Ցամաքասարում:
-Բոլորը դուրսն են, տղաները գնացել են արտագնա աշխատանքի, կգան էլի: Երեկ նստել ենք ու տուն-տուն հաշվել, պարզվեց՝ 500 բնակչից փաստացի մնացել է 321 մարդ:
-Իսկ ի՞նչ առիթ կար, որ տուն-տուն հաշվել եք: Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՞ն եք պատրաստվում:
-Չէ՛, զբաղվելու համար, հորեղբայրս հիվանդանոցում է, ես էլ ամբողջ գիշեր պարապ նստած էի ու տուն-տուն հաշվեցի՝ երեխաներով, մեծերով: Հետաքրքրության համար, ուրիշ բան չկա… Երեւի 140-150 ընտրող հավաքվի:
-Պարո՛ն Գրիգորյան, արդյոք հետաքրքրվա՞ծ են մարդիկ հանրաքվեով: Կմասնակցե՞ն, թե՞ ոչ:
-Գյուղացին հիմա պարապ է, ո՞նց չեն մասնակցի: Ճիշտն ասած, էսօրվա մարդուց գլուխ չես կարող հանել. կասեն՝ այո, բայց կարող է գնան, գրեն՝ ոչ: Շատ գիտեմ:
-Քննարկո՞ւմ են՝ մեզ արդյոք պետք է Սահմանադրական դատարանը՝ ներկա կազմով, թե ոչ:
-Շատ կներես, մեր գյուղի կամ մեր ժողովրդի խելքի բա՞նն է, որ քննարկեն՝ պետք է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանին սիրելով՝ ասում են՝ մեր ղեկավարը ոնց ասում է, այդպես էլ անելու ենք: Շատ կներես, մի 4-5 էլ կլինի, որ Սերժին սիրելով՝ կգնան, կասեն՝ ոչ:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, հանրաքվեին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ: «Այո՞» եք գրելու, թե՞ «ոչ»:
-Բա ամոթ չի՞, որ չգնամ: Իսկ «այո» կասեմ, թե «ոչ»՝ դա էլ թող մնա գաղտնիք:
-Իսկ մարզպետարանից, հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների հետ կապված, որեւէ հրահանգ կամ հանձնարարական ստացե՞լ եք, թե՞ ոչ:
-Չէ՛, չէ՛, նման խոսակցություն չի եղել: Քարոզարշավը որ սկսվի, կգան կասեն, կիրազեկեն մարդկանց…
-Բայց կգա՞ն…
-Ինչո՞ւ չեն գա, ճանապարհները, մայթերը նորոգված են, լուսավորությունը կա. որ հիմա չգան, բա ե՞րբ գան: Հավեսի համար թող գան, պտտվեն գնան: Բայց, դե, ամեն մեկն իր ձեւով հասկանում է, հիմա էն չոբանի հետ էլ որ խոսում ես, մեզանից շատ է հասկանում: Ակտիվ է ժողովուրդը, հա, հա… Ընտրությունը գյուղի համար մի հետաքրքիր բան է, որ մարդիկ գնում են այնտեղ, իրար են տեսնում: Նոր շոր կհագնեն, կսանրվեն, կսափրվեն կգնան, որ իրար տեսնեն. առիթ է: Բա խեղճ ժողովուրդն ի՞նչ անի. ուրիշ զբաղմունք չունի:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է
Դիլիջան քաղաքի կենտրոնում տարիներ առաջ Ջեյմս Թուֆենկյանի կողմից սկսվել եւ այդպես էլ կիսատ է մնացել բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար:
Նա նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրանները դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտվել են: Բացի այդ, հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նախկինում մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել: Երեւանում 2020թ. փետրվարի 7-ին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ, Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» թերթի խմբագիր Ալբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Ջեյմս Թուֆենկյանը մեծ գործ է կատարել Դիլիջանի պատմաճարտարապետական կոթողները փրկելու գործում, դիլիջանցիները դրա համար նրան երախտապարտ են, սակայն քաղաքի կենտրոնում արդեն 15 տարի ձգվում է 100մ երկարությամբ ցանկապատ, հյուրանոցի շինարարությունը վաղուց սառեցված է ,ճիշտ կլինի, որ Թուֆենկյանը վերսկսի հյուրանոցի շինարարությունը կամ վաճառի, վարձակալությամբ հանձնի այն:
Տավուշի մարզպետն ասաց, որ այդ խնդրով ինքը հանդիպել է Ջեյմս Թուֆենկյանի հետ, դրանից առաջ այդ հարցով հանդիպում է ունեցել այդ ընկերության տնօրենի հետ, եւ բոլորի մոտեցումը նույնն է՝ այդ տարածքն այդպես չի կարող մնալ: Մարզպետի խոսքերով՝ դա մասնավոր ներդրում է, որը կախված է այն հաշվարկներից, որոնք կատարվել են շուկայի ուսումնասիրությունների արդյունքում: Հ. Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ անցյալ տարի Դիլիջանում զբոսաշրջության ավելի քան 30 տոկոս աճ է եղել: Սա կարող է պատճառ դառնալ, որ Ջեյմս Թուֆենկյանը եւ Դիլիջանում տուրիստական ենթակուցվածքներ կառուցելու մտադրություն ունեցող այլ ներդրողները Դիլիջանում կառուցեն այդ ենթակառուցվածքները: Մարզպետը նշեց, որ ինքը համոզված չէ, սակայն հույս ունի, որ 2020 թվականին կվերսկսվեն վերոհիշյալ հյուրանոցի շինարարական աշխատանքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս