ՄԵՐ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք շոուբիզնեսցիներին, որոնք այս կամ այն հարցում առաջատար են եւ աչքի են ընկնում իրենց ամենատարբեր արժանիքներով: Այս անգամ խոսքը հայկական շոու-բիզնեսի ամենադիվանագետ աստղերի մասին է: Նրանք գիտեն՝ ինչպես ներկայանալ, որտեղ ինչ խոսել, որքան խոսել: Վերջիններս հազվադեպ են իրենց ավելորդություններ թույլ տալիս, խուսափում են հաճախակի հանդես գալ հարցազրույցներով, հանրության աչքին երեւում են այն ժամանակ, երբ իսկապես ասելիք ունեն:

Խորեն Լեւոնյան
Այս դերասանը փորձում է հնարավորինս քիչ խոսել, շատ գործել: Մեծ մասամբ նա խուսափում է հարցազրույցներից, բայց երբ, օրինակ, ասուլիսների ժամանակ նրան որեւէ հարց են ուղղում, կարողանում է ճիշտ պահին գործի դնել հումորը: Նա չի խոսում իրեն չվերաբերող թեմաների մասին, աշխատում է չխառնվել, օրինակ, քաղաքական կյանքին: Անձնականի մասին Խորենը խոսում է քիչ, ասեկոսեներին սովորաբար չի արձագանքում:

Քրիստինե Պեպելյան


Երգչուհին իր հրապարակումներում միշտ զուսպ է, կոռեկտ: Տարիների ընթացքում նրա անվան շուրջ ինչ լեգենդ ասես, որ չի հյուսվել: Քրիստինեն դրանց վերաբերվել է համբերատար կերպով՝ զերծ մնալով ավելորդ էմոցիոնալ արձագանքներից: Քաղաքական կյանքի վերաբերյալ նրա դատողությունները մեծ մասամբ չեզոք են, հնչում են ժողովրդի անունից: Ընտանեկան կյանքի մասին երգչուհին առհասարակ չի խոսում, միայն որդու ծնունդն էր, որ ինչ-որ չափով դարձավ հանրային իրադարձություն: Ամեն դեպքում, նա հազվադեպ է հրապարակում որդու լուսանկարներն ու տեսանյութերը: Դրանց մեծ մասի մեջ երեխայի դեմքը չի էլ երեւում:

Սիրուշո


Այնպիսի տպավորություն է, որ այս երգչուհին «Անգերազանցելիներ»-ի գրեթե բոլոր շարքերում ընդգրկված է, բայց արդարության համար պետք է ասենք, որ, այո, Սիրուշոն, բացի շնորհալի լինելուց, նաեւ բավականին իմաստուն է: Ի դեպ, նա իր առաջին մասնագիտությամբ հենց դիվանագետ է, եւ իր ձեռք բերած մասնագիտական հմտություններն օգնում են ճիշտ շփվել երկրպագուների, լրագրողների, իրեն քննադատողների հետ: Նա գիտի՝ ինչ չափաբաժնով տեղեկություններ հաղորդի իր գործունեության եւ ընտանիքի մասին: Մի անգամ, խոսելով երեխաների մասին, Սիրուշոն նշել է, որ չի փորձում հանրայնացնել նրանց կյանքը, թողնում է, որ նրանք մեծանան, եւ իրենք որոշեն՝ ուզում են հայտնի լինել, թե ոչ: Սիրուշոն բավականին զուսպ է նաեւ սկեսրայրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հրապարակումների մասով: Նա զերծ է պահում իրեն քաղաքականությունից, իսկ եթե որեւէ հրապարակում անում է, չի անցնում կոռեկտության սահմանը:

Նառա


Երգչուհի Նառան աչքի է ընկնում իր ջերմ վերաբերմունքով եւ մի ժպիտով կարող է հալեցնել անգամ իրեն չսիրողների սրտերը: Ի՞նչ է սա, եթե ոչ դիվանագիտություն: Նրան կարելի է անվանել պոզիտիվ եւ կյանքով լի մարդ: Եվ չնայած Նառան սիրում է խոսել նաեւ ընտանիքի մասին, նա սովորաբար ցույց է տալիս իր կյանքի վառ եւ պայծառ կողմերը:

Սոֆի Դեւոյան


Պարուհին նույնպես բավականին դիվանագետ է: Եթե նա կարողանում է ապրել նման մեծ, աստղային ընտանիքում եւ սիրով լցնել ընտանիքի անդամների սրտերը, նշանակում է, որ արտիստուհին իսկապես օժտված է իմաստնությամբ: Տիկին Դեւոյանը հարցազրույցների ժամանակ կարողանում է վարպետորեն շրջանցել իր համար տհաճ թեմաներն ու սահուն անցում կատարել այն թեմաներին, որոնք իր համար շահեկան են: Միշտ երիտասարդ պարուհին այնպես է մատուցում իրեն, որ տարիներ շարունակ համարվում է կանանց համար խնամվածության եւ գեղեցկության լավագույն սիմվոլներից մեկը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ ՇԻՆԱՐԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է: Ոչ բոլորը գիտեն, որ նա 1969-ին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ եւ սովորել 5 տարի: Պարոն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասնագիտությունն ընտրել է ծնողների կամքով. «Հորս ցանկությունն էր, որ ես Պոլիտեխնիկ ընդունվեի: Ինքն արդեն չկար, մայրս ասում էր, որ հայրս շատ ուրախ կլիներ, եթե շարունակեի իր գործը: Ցավոք, ես մինչեւ վերջ չդիմացա, թեեւ Պոլիտեխնիկն ավարտեցի: Վերջին կուրսից արդեն ընդունվել էի Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա: Փաստորեն, դեռ ուսանող ժամանակվանից ինձ ընդունեցին գործի: Բայց ասեմ, որ Պոլիտեխնիկում սովորելու սկզբի տարիներին նույնիսկ չէի մտածում դերասան դառնա   լու մասին: Վերջին կուրսում արդեն Ուրախների եւ հնարամիտների ակումբում էի խաղում. այդպես որոշվեց իմ ուղին»,- պատմեց պարոն Ստեփանյանը:
Ի դեպ, դերասանի մայրը սկզբնական շրջանում չի էլ իմացել, թե ինչով է զբաղվում իր որդին: «Մորս ընկերուհին մի անգամ շնորհավորել էր նրան, ասել էր՝ տղայիդ տեսել եմ, փայլուն խաղում էր… Մայրս չգիտեր էլ՝ որտեղ էի խաղում, ինչ էի խաղում… Չէի ուզում ասեի, բայց հետո, իհարկե, իմացավ»,- հիշեց պարոն Ստեփանյանը:
Բոլոր այն մարդկանց, որոնք նոր են մուտք գործում դերասանական աշխարհ, պարոն Ստեփանյանը կոչ արեց ականաջալուր լինել ավագ սերնդին, քանի որ այդ սերնդի ներկայացուցիչները շատ բան գիտեն թատրոնի, կինոյի մասին, մեծ փորձ ունեն իրենց ասպարեզում: «Ես կուզենայի վերադարձնել այն լուրջ վերաբերմունքը մեր մասնագիտության հանդեպ, որ կար նախկինում: Դա շատ կարեւոր է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Վիգեն Ստեփանյանը սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը հիմք դարձավ «Մետրո» թատրոնի համար, եւ եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Աշխատել է Լիբանանում: Հետո վերադարձել է Հայաստան եւ նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան եւ բեմադրիչ: 2007թ.-ից աշխատում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ռեժիսորական կուրս է ղեկավարում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս