ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔ ԿԳՏՆԵՆ ՈՒ ԿՍՏՈՒԳԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի փաթեթը հանրային քննարկման ժամանակ բազմաթիվ դժգոհությունների էր արժանացել, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից, սակայն այն արդեն Ազգային ժողովում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքի նախագծերի փաթեթը փետրվարի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կներկայացնի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նշենք, որ օրենքի նախագծերի ընդունման պարագայում Գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որը պետք է փնտրի ու գտնի ապօրինի ծագում ունեցող գույք։ Եվ նորաստեղծ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ծանուցում է ուղարկվելու, առաջարկվելու է ներկայացնել եկամուտների ու գույքի հայտարարագիր, որի հիման վրա էլ կայացվելու է որոշում։ Իշխանությունների բնորոշմամբ՝ օրինագիծն առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն բնույթի գործառույթներին։ Քննության շրջանակներում դիտարկվելու է ոչ միայն տվյալ անձի, այլեւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքը։ Դրա օրինական ծագումը չապացուցելու պարագայում անձը զրկվում է գույքից, պետությունն էլ իրավունք է ստանում բռնագանձել այն։ Ընդ որում, օրենքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ գույքի բռնագանձումն իրականացվում է առանց մեղադրական դատավճռի։ Նախագծի հեղինակների համոզմամբ` սա կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն գործոն է։
Այս փաթեթի մեջ է գտնվում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որում ամրագրվելու է մի դրույթ, ըստ որի՝ բանկերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:
Բացի այդ, փետրվարի 27-ին կայանալիք հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այս փաթեթը եւս կոռուպցիայի դեմ պայքարի համար է արվում: Եվ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրապես անկախ, կոռուպցիայից եւ հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձեւավորման համար անհրաժեշտություն է առաջացել մշակել դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ: Եվ, օրինակ, նախատեսվելու է նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք: Միաժամանակ, հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարեւորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը. առաջարկվում է նաեւ ներդնել այլ անձանցից իրավիճակային հայտարարագիր պահանջելու իրավասությունը այն դեպքերում, երբ գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ:
Առաջարկվում է հանձնաժողովին բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորության տրամադրումը: Հստակեցվել են նաեւ դատավորի վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Միեւնույն ժամանակ, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը եւ անկաշառությունը:
Հավելենք, որ փետրվարի 25-ին՝ հանձնաժողովի նիստից երկու օր առաջ, Ազգային ժողովի նիստերի դահլիճում նախատեսվում է խորհրդարանական լսումներ՝ նույն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի առնչությամբ: Այսինքն՝ լսումներ կանեն եւ երկու օր անց կրկին կքննարկեն արդեն հանձնաժողովում: Ըստ էության, սա հայտնի վեթթինգի մասին նախագիծն է, որի մասին ՀՀ վարչապետը հայտարարել էր 2019 թվականի մայիսին՝ դատարանների շրջափակման մասին հայտնի ակցիայի օրը:
Հավելենք նաեւ, որ այս երկու նախագծերը դրական եզրակացություն ստանալու դեպքում կքննարկվեն արդեն մարտի 3-ին կայանալիք Ազգային ժողովի նստաշրջանում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԱՍԻՎ ՀԱՆՐԱՔՎԵ
Չնայած ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն այն որեւէ ակտիվությամբ աչքի չի ընկնում: Եթե «Այո»-ի շտաբն այս օրերին զբաղված է թիմ ձեւավորելու, շտաբներ կազմելու աշխատանքներով, որպեսզի մարտի սկզբին ակտիվանան, ապա «Ոչ»-ի շտաբում այդ առումով որեւէ փոփոխություն առկա չէ: Ինչպես հայտնի է, «Ոչ»-ի կողմ է հանդիսանում 61 հոգուց բաղկացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը, որի լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Սակայն հետաքրքիր է, որ նրանք եւս չեն պատրաստվում ակտիվ քարոզչություն իրականացնել: Նրանք որոշել են այս ընթացքում բավարարվել միայն հարցազրույցներով եւ հրապարակային ելույթներով: Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն էկրաններից այն կողմ քարոզչություն նրանք անպայման կիրականացնեն՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

 

 

 

ՄԵԿ ԱՄՍԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ ամսից Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի Արդարադատության նախարարության մշակած նախագիծը, որով նոր կառույց է ստեղծվելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Վերջինս ստեղծվելուց հետո քննելու է միայն նոր քրեական գործեր, իսկ այժմ ընթանում են նախագծի շտկման վերջին աշխատանքները: Ինչպես հայտնի է, նախագծով Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության որոշ գործառույթներ կտրվեն ձեւավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին։ Նշենք, որ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թվում է խորհրդարանական վերահսկողության ավելացումը: Իսկ, ահա, ձեւավորվելիք կոմիտեի նախագահին ընտրելու են կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ կոմիտեի ստեղծումից հետո կձեւավորվի նաեւ հակակոռուպցոն դատարան։ Հավելենք, որ այս կառույցի ստեղծման շուրջ այնքան էլ միանշանակ տեսակետ չկա հենց իրավապահ մարմինների ներսում. Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ է լինելու մյուս գերատեսչությունների աշխատակիցների ճակատագիրը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
«Երեւանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, ապօրինի օտարված կառույցների վրա կառուցել են ապօրինի շենքեր, հիմա էլ եկել ասում են՝ պետք է օրինականացնեք»,- այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ քաղաքապետարանը դրանք չօրինականացնելու տարբերակ չունի»,- ասել է նա: Վարչապետը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին խորությամբ ուսումնասիրել հարցը: «Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ եւ գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի արհարմարանք է հանրային կարծիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երեւանի ամենակարեւոր զբոսայգին մեջ-մեջ են արել, հիմա էլ ասում են՝ օրինականացրե՛ք, թե չէ դատի կտանք»,-հավելել է վարչապետը: Ի պատասխան՝ նախարարն ասել է, որ խնդրին խորությամբ ծանոթ չէ: «Մենք մանրամասն կուսումնասիրենք»,- հավելել է նախարարը:

 

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀՀ կառավարությունը հաստատել է 2020թ. մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020թ. մայիսի 23՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի: Դրան հաջորդող ուրբաթ օրը, ոչ աշխատանքային սահմանելով, կստացվի հանգստյան 4 օր:

 

 

 

ԿԱԿՏԻՎԱՆԱ
«Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի քարոզարշավը կակտիվանա»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ հանրաքվեի քարոզարշավն արդեն սկսել է, բայց ակտիվ քայլեր չեն նկատվում, ինչ է սպասվում, Սիմոնյանն ասել է. «Ակտիվ քայլեր»: Այն հարցին, թե երբվանից կլինեն ակտիվ քայլերը, նա պատասխանել է? «Կտեսնեք, կտեսնեք ակտիվ քարոզարշավ, ակտիվ շփում մարդկանց հետ, գնալ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյունները, մարդկանց լսել, ասելիքը ասել եւ բացատրել, բայց, ամենակարեւորը, լսել ՀՀ քաղաքացուն»: Ա. Սիմոնյանն ասել է, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, բայց դժվարացել է նշել՝ արձակուրդ կվերցնի, թե ոչ: Ալեն Սիմոնյանն ասաց, որ աստիճանաբար կակտիվանա քարոզարշավը:

 

 

 

«ՄԵՂՐԻ»-Ն ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է
Չինաստանում համաճարակային իրավիճակը, պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռեւս լարված է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Փետրվարի 20-ի դրությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում է՛լ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:




Լրահոս