Ո՛Չ ՎԱԽԵՑՐԵԼ ԵՆ, Ո՛Չ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՎԱԽԵՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է առաջիկա երեքշաբթի` փետրվարի 25-ին, որը բավականին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ դատավոր Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, ինչպես հայտնի է, երրորդ նախագահի քրեական գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» եւ «Ֆլեշ» ընկերությունները: Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանն անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում, պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ, եւ բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
Եվ, ահա, այս գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 25-ին, որին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում են նաեւ Հանրապետական կուսակցության անդամները: Բանն այն է, որ մեր տեղեկություններով՝ վերջիններս ցանկություն ունեն այդ օրը դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել եւ արդեն իրենց ընկերներին կամ կուսակցության անդամներին հորդորել են գալ դատարանի դիմաց: Ավելին, ՀՀԿ-ական գործարարները եւս նման հրահանգ են իջեցրել արդեն իրենց ընկերությունների աշխատակիցներին, որպեսզի այդ օրը մարդաշատ լինի:
Ինչպես արդեն նշեցինք, դատավոր Միսակյանն իր կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, եւ հրամանագիրն էլ ստորագրված է եղել Սերժ Սարգսյանի կողմից: Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը: Եվ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ. քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ: Նման պրակտիկա եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ հայտնեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին՝ հետաքրքրվելով իր վախերի եւ ինքնաբացարկ հայտնելու մասին:
-Պարո՛ն Միսակյան, Ձեզ վախեցրե՞լ են, որ քննեք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասով հարուցված քրեական գործը: Փորձը ցույց է տվել, որ նախագահների գործով շատ դատավորներ տարբեր պատճառներ են առաջ քաշում, ինքնաբացարկ են հայտնում, քանի որ վախենում են քննել նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը:
-Ճիշտն ասած, շատ-շատ զբաղված եմ, պատրաստվում եմ նիստի իջնել, բայց, առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ:
-Մեզ հասած լուրերի համաձայն՝ չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնեք: Ի՞նչ հիմնավորմամբ եք ինքնաբացարկ հայտնելու, ի՞նչ հիմքեր կան դրա համար:
-Մնացածը նիստի ընթացքում, նիստի ընթացքում կերեւա:
-Այսինքն՝ նման ցանկություն կա՞: Դատական համակարգում լուրեր կան, որ Ձեր առաջին քայլերի համար պարտական եք Սերժ Սարգսյանին, քանի որ իր հրամանագրով եք դատավոր դարձել:
-Իջնեմ նիստի, մնացածը, կրկնում եմ, նիստի ժամանակ կերեւա:
-Շատ դեպքերում դատարանի առաջ բողոքի ակցիաները կաշկանդեցին դատավորներին , հիմա կրկին լուրեր կան, որ Սերժ Սարգսյանի մի խումբ աջակիցներ նիստի օրը պատրաստվում են ակցիա իրականացնել դատարանի առաջ. դա Ձեզ կկաշկանդի՞:
-Դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որ ես այդ հարցերի շուրջ ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ ժամանակ ունեմ այդ հարցերի շուրջ մտածելու: Ես պատրաստվում եմ իջնել նիստի, բայց, կոպիտ ասած, Դուք հիմա ինձ «զադերժկա» եք անում:
-Սպասվող ակցիան Ձեզ կկաշկանդի՞ կամ կխանգարի՞ քննել այդ քրեական գործը:
-Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որեւէ հանգամանք կա: Վե՛րջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿԵԼՈՎ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվել է մարել նախկինի պարտքերը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռեւս 2011 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը աշխատացրել է շինաշխատանքներ իրականացնող «Տավրիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, վերջում աշխատավարձը չի վճարել: Եվ հիմա ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ԿԳՍՄ նախարարության՝ «Տոկոսի բռնագանձման» պահանջով, իսկ տոկոսները հաշվվում են,ոչ ավել,ոչ պակաս, 2011 թվականից: Շինաշխատանքներ իրականացրած ընկերությունը պահանջում է ընդհանուր ավելի քան մեկ միլարդ երեք հարյուր հիսուն հազար դրամ:
Այս հայցով առանձնացվել է եւս մեկ գործ, որի քաղաքացիական քննությունը կվերսկսի ընթացիկ տարվա մարտից: Գործի անջատված մասով արդեն իսկ որոշում կա, ըստ որի՝ նախարարությունը պարտավորվել է «Տավրիդա» ՍՊԸ-ին վճարել ավելի քան 43 միլիոն դրամ: Իսկ ի՞նչ է եղել մոտ տասը տարի առաջ:
Բանն այն է, որ դեռեւս 2011թ. այդ ժամանակ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Թալինի արհեստագործական ուսումնարանում կատարել շինարարարական աշխատանքներ (սահմանային պարսպի կառուցում, դրսի զուգարանների եւ նկուղային հարկի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաեւ շենքի ֆասադի, պահակատան եւ պահեստային մասի վերանորոգման աշխատանքներ), որի արժեքը կազմել է 43 միլիոն 827 հազար դրամ: Ավելի ուշ ընկերությունը նախարարությանը հայտնել է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին, ինչին նախարարը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, տվել է իր համաձայնությունը: Սակայն վերջում ընկերությունը ձեռնունայն է մնացել՝ առանց մի կոպեկ վարձատրության: Նախարարությունից «քցված» ընկերության ղեկավարությունը դիմել է այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանին, վերջինս, որպես խնդրի լուծման նախնական տարբերակ, աշխատանքային խումբ ստեղծելու հրաման է արձակել: Դե, աշխատանքային խումբն էլ՝ Քաղաքաշինության նախարարության եւ այլ բնագավառների մասնագետներից եւ փորձագետներից կազմված, 2012թ. ծանուցել է, թե պետք է ներկայացնել աշխատանքի ծավալն ամբողջությամբ: Սակայն ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ գրավոր արձանագրությունները մասամբ են կատարվել:
Արդյունքում Քաղաքաշինության եւ Կրթության ու գիտության նախարարությունները հրաժարվել են վճարել շինարարների աշխատավարձերը: Տարիներ շարունակ պայքարելով եւ դատարանների դռներն ընկնելով՝ ընկերությունը հասել է նրան, որ նոր կառավարությունից կստանա իր գումարի գոնե մի մասը, քանի որ մնացածի մասով գործի են դրվել վաղեմության ժամկետները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Նախօրեին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին իրենց գյուղի հարակից անտառից: Մեքենան փայտանյութով հանդերձ տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

 

 

ՎՆԱՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻՆ
Փետրվարի 18-ին «Սեւան» ազգային պարկից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում ապօրինի հատել է 17 սոճի: Պարզվել է, որ նա եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ: Կասկածվողը նույն օրը մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետեւ դեպքի վայրում մատնացույց է արել հատած ծառերը՝ ասել, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար: «Սեւան» ազգային պարկին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: 46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:

 

 

 

 

22 ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը որոշել է ՄԻԵԴ-ում «Աղանյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով 2019թ. դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 242 հազար եվրոյին համարժեք դրամ՝ 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11 հազար եվրո) վճռով սահմանված արդարացի հատուցման համար: ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար ՄԻԵԴ-ի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020թ. մարտի 5-ն է:

 

 

 

 

ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԲԱԺԻՆ
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն է կատարվել: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում: «Դատարանի որոշմամբ՝ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որեւէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը (խմբ. այսօր)՝ 15.30, հրավիրված եմ Երեւանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին: Կարծում եմ՝ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,- նշել է նա:




Լրահոս