ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Արցախը յուրացված դիզվառելիքի հետ. ուշագրավ դրվագներ Սերժ Սարգսյանի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում պատմական օր էր. տարբեր դատարաններում քննվում էին նախկին երկու նախագահների մասնակցությամբ դատական գործերը: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի դատն էր, իսկ Շենգավիթի դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քրգործի քննությունն էր:

Օրը պատմական էր. նախկին ամենատեր իշխանության ներկայացուցիչները հավաքվել էին՝ բողոքի ցույց անելու, քանի որ ՀՀԿ երբեմնի ամենակարող առաջնորդը դատարանում մեղադրյալի աթոռին էր հայտնվել: Նկատելի էր, որ ՀՀԿ վերնախավն ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար, թեեւ նրանց մեծ մասը այդպես էլ չէր հասկացել, թե ինչու էին հավաքվել եւ ումից ինչ էին պահանջում:

Իսկ հիմա ամեն ինչ հերթով. նախատեսված էր, որ դատական նիստը կմեկնարկի ժամը 15:00-ին, սակայն ՀՀԿ-ականները 13:00 արդեն դատարանի դիմաց էին հավաքվել: Առաջիներից մեկը ներկայացավ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, այնուհետեւ նախկին պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը, ՀՀԿ կազմակերպչական գործերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը: Այնտեղ էին նաեւ գործարարներ-նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Շուշան Պետրոսյանը, Արտակ Զաքարյանը, Արտաշես Գեղամյանը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը: Դատարանի առջեւ էր նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, եւ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խնամի, նախկին ռեժիմին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը:

ՀՀԿ-ականները հիմնականում հայտարարում էին, որ չեն ցանկանում որեւէ հարցի պատասխանել, եկել են իրենց աջակցությունը ցույց տալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան կամ չցանկացան անդրադառնալ եւ պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ քրեական գործի անհիմն լինելու մասին հիմնավոր բացատրություններ տալով։ Ինչպես «ժողովուրդ» օրաթերթը նախորդ շաբաթ տեղեկացրել էր, նախկին պատգամավորները՝ այժմ գործարարները, չհրաժարվեցին ռեսուրսներ օգտագործելու նախկին արատավոր պրակտիկայից եւ բողոքի ակցիային բերել էին իրենց ձեռնարկությունների աշխատակիցներին, չնայած որ, իրենց իսկ խոսքերով, դա եղել է կամավոր: «Էնքան խաթր ու հարգանք ունեմ, որ աշխատողներս եկել են հետս»,- ահա այսպիսի բացատրություններ էին տալիս նրանք` «բերման ենթարկված» աշխատակիցների մասով:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ` դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը»), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը»): Ի դեպ, Բարսեղ Բեգլարյանը եւս ներկայացավ դատարան՝ հայտարարելով, թե այն, ինչ տեղի է ունենում, թատրոն է, ու «պռազնիկ» է նման դատի մասնակցելը:

Եթե տարիներ առաջ որեւէ մեկը կատակեր, թե գալու է մի օր, որ Սերժ Սարգսյանը անարդարության դեմ բողոքի ակցիա կիրականացնի՝ որեւէ հաստատության առջեւ ցույց անելով, թերեւս խելագար կհամարեին, բայց այսօր դա իրականություն է: Երբ Սերժ Սարգսյանը դատարան եկավ, մինչեւ դատարանի շենք մտնելը մոտեցավ ցուցարարներին ու իր խոսքն ասաց «ռուպրով»: «Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր»,- հայտարարեց Ս․ Սարգսյանը եւ մտավ դատական նիստին: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ կապ ուներ Արցախի ճակատագրի հետ իր մեղադրանքը` դիզվառելիքի հափշտակության կազմակերպիչ լինելու վերաբերյալ:

Ինչեւէ, դատական նիստի ավարտին դատավոր Վահե Միսակյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ 15:30-ին:

Արդյոք հանրապետականների աջակիցները նույն ժրաջանությամբ կհավաքավեն դատարանի դիմաց՝ դժվար է ասել, քանի որ, կարծես թե, Սերժ Սարգսյանն այդ հարցը փակեց իր հայտարարությամբ՝ հորդորելով իր աջակիցներին գնալ եւ զբաղվել իրենց անձնական գործերով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս