Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ:
Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի մասնակցի հրավերով պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար:
Եվ արդյունքում, ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել են հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արդեն հայտնի է, որ իշխող թիմը կակտիվանա մարտի 2-ից, եւ հենց այդ օրն էլ արձակուրդ է մեկնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արձակուրդում կլինի նաեւ Պապիկյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո: Քննարկումների արդյունքում որոշվել է շատ ուժեր չկենտրոնացնել աշխատանքային ժամի քարոզաշավի վրա:
Ինչպես արդեն հայտնեցինք, երեկ իշխող թիմի դրամահավաք-երեկոյին հավաքվել էր 205 մլն դրամից ավելի գումար, եւ եղել են նաեւ հանգանակության խոստումներ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք է անում՝ ընտրություններում մասնակցության ծախսերը հոգալու համար, եւ տարբեր տարիներին հանգանակված գումարի չափը տարբեր է եղել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին անգամ դրամահավաք է անցկացրել 2016թ. փետրվարի 18-ին, որի ընթացքում հավաքել է 4,850,000 դրամ: Երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ եւ կատարվել է 1,8 մլն դրամի խոստում: Հաջորդ դրամահավաքն արդեն եղավ ոչ միայնակ, այլ «Ելք» դաշինքով 2017թ. մարտին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, եւ դրամահավաքին նվիրաբերվել էր 15 մլն դրամ, «Ելք»-ի մյուս՝ կրկին 2017թ. ապրիլին կատարված դրամահավաքին հավաքվել էր 5,127,000 դրամ։
Վերջին՝ 2019թ. նոյեմբերի 25-ին ՔՊ-ն հավաքել էր 236 մլն դրամ: Այս դրամահավաքի գումարն էլ ծախսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Եվ ստացվում է՝ եթե հաշվարկվեն նաեւ ոչ առձեռն նվիրատվությունները, ապա այս դրամահավաքի արդյունքները կարող են ամենատպավորիչը լինել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: