«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը կրկին նախաքննություն իրականացնելու լիազորություն կունենա: Ինչպես նախկինում էր, նորից կունենա հետաքննություն անցկացնելու, քրեական գործ հարուցելու, նախաքննություն անելու եւ դատարան ուղարկելու լիազորություն: Եվ, ահա, մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Այո՛, մենք ենք մշակել այդ օրենքը»:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող խմբակցությունը։ Եվ, ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության աշխատակիցները դիմակներով քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում:
Ոստիկանության հրապարակած տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթը կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երեւում է, որ Գեղարքունիքի մարզում բերման ենթարկված անձանց պառկեցնում են չոր ասֆալտին, տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ Գեղարքունիքի մարզում առատ ձյուն էր այդ օրերին:
Սա դեռ վերջը չէ. օրերս ապօրինի զենք պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին էր բերման ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ իր այդ քայլով անլուրջ տպավորություն ստեղծելով ոստիկանության գործողություններիշուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, Դուք հետեւո՞ւմ եք, թե ինչպես է ոստիկանությունը պայքարում քրեական ենթամշակույթը կրող անձանց դեմ:
-Այո:
-Եվ ինչպե՞ս եք գնահատում՝ որպես նախարար: Ձեր կողմից ներկայացված ու ընդունված օրենքը քրեական ենթամշակույթի դեմ ինչպե՞ս է ոստիկանությունը կիրառում:
-Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել , քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի:
-Մինչ ոստիկանության պետը կգնահատի, մենք կոնկրետ փաստերով կխոսենք: Հետեւում ենք եւ տեսնում, որ ոստիկանությունը բերման է ենթարկում, հետո ազատ արձակում անդեմ մարդկանց, ցուցադրում կադրեր՝ փակ դեմքերով, ու բաց թողնում: Շատ բերման ենթարկվածներ ծիծաղում են ոստիկանության վրա: Այսպիսի՞ն էիք պատկերացնում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ։
-Կտեսնեք. երբ որ տարբեր միջոցառումներ է անում ոստիկանությունը, ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորությունները իրականացնում:
-Ունե՞ք վիճակագրություն օրենքի ընդունումից հետո, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ: Քանի՞ քրեական ենթամշակույթ ունենալու հակում ունեցող է դարձի բերվել։
– Ո՛չ, դիմե՛ք ոստիկանություն:
-Կդիմենք. լուրեր կան, որ ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը կրկին նախաքննություն իրականացնելու լիազորություն կունենա, ինչպես նախկինում էր:
-Այո՛, մենք ենք մշակել այդ օրենքը:
-2014 թվականին, օրինակ,Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, իսկ հետո անջատվեցին: Ստեղծվեց ՀՀ քննչական կոմիտեն, որի նպատակն էր անաչառ նախաքննություն իրականացումը:
-Հիմնավորումներին կանդրադառնանք, ռազմավարության մեջ նշված է:
-Այդքան քննչական մարմին մի երկրում շատ չի՞։ Դատավորները չեն հասցնում քննել գործեր, այդ հարցը ո՞նց եք լուծելու:
-Օպտիմալացվելու է, տարբեր մեխանիզմներ կան, չի լինելու գործառույթների կրկնողություն:
-Ոստիկանության քննչական մակարդակից միշտ դժգոհություն է եղել, պրոֆեսիոնալիզմը ո՞նց եք ապահովելու։
– Ռազմավարությամբ բոլոր քայլերը հաջորդականությամբ սահմանված է՝ոնց ենք վստահությունը բարձրացնելու, ոնց ենք բարեփոխումները անելու, ոնց ենք քաղաքացիական վերահսկողություն ունենալու ոստիկանության նկատմամբ: Այդ նպատակներով նախարարություն է ստեղծվում, եւ այլն, եւ այլն: Ռազմավարության կետերըոր նայեք, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կան: Շնորհակալություն, այսքա՛նը:
Քնար Մանուկյան