Թափուր պաշտոններ՝ Կադաստրի կոմիտեում. ինչու է նորանշանակ ղեկավարն ազատում հին կադրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է. կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Այս ընթացքում կադաստրի կոմիտեում բազմաթիվ թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին աշխատողները, որոնք նախորդ տարվա նոյեմբերի 7-ին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում աշխատանքից ազատել նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի կադրերին եւ լուծում տալ ոլորտում կուտակված խնդիրներին, դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով կոմիտեում տեղի ունեցող իրավիճակին, ասաց. «Մենք չէինք կարողանում հանդուրժել կադրային քաղաքականությունը. այն ավելի խորացավ, երբ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց այդ պաշտոնին: Ինքը նշանակումներ էր անում, որոնք համակարգից հեռու մարդիկ էին: Սարհատը որեւէ քայլ չարեց հին կադրերից ազատվելու համար, իսկ մենք դա էինք պահանջում: Անգամ բողոքի ակցիա կազմակերպեցինք կառավարության շենքի դիմաց, մեր տեսլականը ներկայացրինք վարչապետի աշխատակազմին»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս բողոքի ակցիայից հետո կառավարությունում ոչ պաշտոնական հանդիպում է տեղիունեցել: «Մենք պահանջում էինք, որ Սարհատ Պետրոսյանի կադրերին դուրս հանեն համակարգից: Վարչապետը հստակ հանձնարարական էր տվել, ինչից հետո ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, այդ ժամանակ էլ բացատրեցին, որ կոմիտեն նոր նախագահ է ունենալու, պրոֆեսիոնալ մարդ է լինելու:

Սուրեն Թովմասյանը երիտասարդ է, ոլորտից հասկանում է, կարեւորը՝ լսելու ունակություն ունի. իրեն ոլորտային սխալների, խնդիրների մասին երբ ասում ենք, ներկայացնում, ինքը լսում է ու փորձում է դրանք ուղղել»,- բացատրեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ Թովմասյանը ցանկություն է հայտնել, որ իր հետ աշխատենք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սուրեն Թովմասյանը, որը այս պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում: Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը: Բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով:

Ըստ Գուրգեն Պողոսյանի՝ աշխատանքից ազատվել են նաեւ տեղակալներ, աշխատակազմի ղեկավարը, մասնագիտական վարչության պետեր եւ այլն: Այժմ Կադաստրի կոմիտեում թափուր տեղեր կան, որոնք լրացվում են մրցույթների միջոցով:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ կոմիտեի ներկայիս ղեկավարը պարբերաբար հանդիպում է նախկին աշխատողների հետ եւ քննարկում ոլորտում առկա խնդիրները: Այդ խնդիրներից մեկն էլ ռեգիստրների հետ է կապված: Պարզվում է՝ ռեգիստրները նախկինում անկախ, ազատ չեն գործել, այլ ցուցումով:

«Ռեգիստրներին պետք է թողնել ազատ, պետական գույքերը գրանցողներն են: Կոմիտեի ղեկավարն արձագանքել է նախկին աշխատողների խնդրանքին եւ հանձնարարել է, որպեսզի չխոչընդոտեն ռեգիստրների աշխատանքը: Իսկ նախկինում ստորաբաժանման ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը, ցուցում էր տալիս ռեգիստրին, թե սա պետք է գրանցվի, սա՝ ոչ: Եղբա՛յր, եթե դու պատասխանատվություն չեսկրում՝ այդ գործիհետ կապված, ինչո՞ւ ես ցուցում տալիս»,- նկատեց Պողոսյանը:

Զրույցի ընթացքում Գուրգեն Պողոսյանը եւս մեկ խնդրի շուրջ բարձրաձայնեց. խոսքը ռեգիստրների ցածր աշխատավարձի մասին է, որը կազմում է մոտ 120-130 հազար դրամ. «Իրենք օրական 30-40 գործ են փակում, իսկ դա շատ մեծ թիվ է: Ռեգիստրների աշխատավարձերի հարցով դիմել ենք Սուրեն Թովմասյանին, ասել է՝ ես ուզում եմ, ցանկություն ունեմ, բայց գումար չկա: Իսկ ռեգիստրներն էլ հիասթափված են, ուզում են թողնեն այդ աշխատանքը, բայց նորերն էլ գալիս են, տեսնում են, որ ծանրաբեռնված աշխատանք է, աշխատավարձն էլ ցածր, նորիցթողնում են ու գնում»: Բացի այս, եւս մեկ խնդիր. Երեւանում գրասենյակները չեն բավարարում: Այժմ Երեւանում կա երեք գրասենյակ, բայց նախկին աշխատողներն առաջարկում են եւս մեկ գրասենյակ բացել Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջաններում:

Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է: Պարզվում է՝ կադաստրային քարտեզները փորձում են բերել այն տեսքին, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: «Երբ մարդը դիմում էր կադաստր իր գույքի գրանցման համար, գլխավոր հատակագծով կոորդինատում էր, Կադաստրը մերժում էր՝ նշելով, որ համադրում կա, օրինակ, իր տան հողը հարեւանի հողի տակ է ընկել:

Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանում կա X կոորդինատներով հասցե եւ գույք, բայց պարզվում է, որ նույն հասցեի նույն գույքը, ըստ Կադաստրի քարտեզի, Y կոորդինատով է անցնում։ Այդ խնդիրը կա, դատական գործեր կան 300-ից ավել»,- պարզաբանեց Կադաստրի նախկին աշխատակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Գուրգեն Պողոսյանին առաջարկվել է մասնակցել Երեւանի միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնի համար տեղի ունենալիք մրցույթին: Սրան զուգահեռ՝ վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պողոսյանին առաջարկվել է նաեւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ինքը՝ Գորգեն Պողոսյանը, լսելով հարցը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց:

Այս հարցերի շուրջ զրուցելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նրա քարտուղարուհին՝ խոստանալով փոխանցել Թովմասյանին եւ հետ զանգահարել, սակայն ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ Թովմասյանից զանգ չստացանք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս