Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր արձագանքել էր մամուլում հրապարակված լուրին, ըստ որի Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկյա մատանիներ:
Այս առնչությամբ, Դիանա Գասպարյանը համացանցի իր էջում գրել էր. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում»:
ArmLur.am-ը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից հետաքրքրվել է, թե ադամանդե քարերով ոսկյա մատանիներն ինչ արժողության են եղել, և քանի նորապսակի է հանձնվել:
«Նորապսակներին Տեառնընդառաջին նվիրված տոնակատարությանն ընդառաջ նվիրվել են սիմվոլիկ մատանիներ. դա ավանդույթ է Էջմիածնում. արվել է նաև նախորդ տարիներին: Այս տարի 5 զույգ է ցանկություն հայտնել մասնակցել քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը: Մատանիներն առաջին հայացքից թվում է՝ ոսկյա, ադամանդե քարերով, թանկարժեք են, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Մատանիների արժեքը, որքանով ես տեղյակ եմ, եղել է 30 հազար դրամին մոտ, նաև 40 օրական մեկ մանուկի նվիրել են ոսկա խաչ: Դա եղել է քաղաքապետարանի գնումը»,- ասաց նա:
Ի դեպ, ArmLur.am-ի տեղեկություններով մատնի են նվիրել նաև Էջմիածնի քաղաքապետարանին կից ենթակառուցվածքների բաժնի աշխատակցիներին ևս:
Այս առնչությամբ Դիանա Գասպարյանը որևէ բան չբացառեց. «Կարող են մասնակիցների մեջ լինել քաղաքապետարանի աշխատակիցներ, ովքեր հայտին մասնակցել են»:
Լիդա Եղիազարյան