Սերժ Սարգսյանի գործով որոշումը հայտնի է. ինչ կհայտարարվի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Նախկին նախագահ, այժմ ամբաստանյալ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդեց՝ տասնյակ ընթացակարգային խախտումներով է գործը հասել դատարան, դատախազին էլ մեղադրեց կողմնակալ լինելու մեջ. «Այսինքն՝ դատախազի դերը, նշված մոտեցումները պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած են հարուցում տվյալ քրեական գործով ապօրինաբար ամբաստանյալի դատավարական կարգավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նրա անկողմնակալության և անաչառության նկատմամբ»:

Դատախազ Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար դատավորն անցավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15.30-ին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը, ըստ ամենայնի, չի բավարարվի, ինչի մասին դատավոր Վահե Միսակյանն այսօր կհայտարարի: Նախնական տեղեկություններով՝ դատախազ Մարտիրոսյանը չի թողնի գործը:

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանն և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Նրանք բոլոր ներկա էին նիստին:

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Իրավապահները հայտարարել էին՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողագործներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:




Լրահոս