ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարստացեք և հարստացրեք. Նիկոլ Փաշինյանը դիմեց գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործերի ընթացիկ վիճակը: 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: Այս ընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց նախ թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը:

Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ, 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, ուշադրություն դարձրեք, 1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով: Այս վիճակագրությունը և տոկոսային աճն, իհարկե, տպավորիչ են, եթե չասենք՝ սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտի արձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 մլն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Իմիջիայլոց, մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք, և ստիպված եմ հենվել մոտավոր թվերի վրա:

Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք հենց 150 մլն դոլարը: Եթե Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնում Պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ:

Հարգելի գործընկերներ,

եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվ այստեղ պետք չէ սեթևեթել և պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝ երբեք, կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել: Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը:

Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավական սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ: Այսօր հենց այս թեմաները քննարկելու համար եմ ձեզ հրավիրել, հարգելի գործընկերներ, և հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք գտնել կոնկրետ պատասխաններ:

Բայց մի կարևոր պարզաբանում ևս. այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:




Լրահոս