Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցները:
«Ասացին, որ ես զբաղվել եմ ինքնիրավչությամբ: Չկա տենց գործողություն, որ ես պաշտոնից բխող չեմ կատարել: Չի կարող պացիենտների բուժումը որևէ բանից տուժի: Մենք մեր դժգոհությունը հայտնում ենք: Այս ամեն ինչը չի կարող անդրադառնա մեր աշխատանքի վրա: Սա բողոք չի, սա անհամաձայնություն է: Անհնար է ուժային մեթոդներով լուծել հարցը: Ամեն ինչ պետք է լուծվի օրինականության սահմաններում: Էսքան վարչապետ կա, իսկ վարչապետների ձայնը ոչ մի տեղ չի հասնում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը:
Հավելենք, որ հավաքվածների մեջ էր նաև ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա լրագրողներին ասաց, որ փոխտնօրեին բերման են ենթարկել կնիքի հետ կապված պատմության պատճառով. «Ինչքան հասցրեցի ծանոթանալ, ընդունում–հանձնումը պետք է իրականացնի համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովը, այլ ոչ թե մեխանիկորեն փոխանցվի։ Այս պատճառով կնիքը չի փոխանցվել տնօրենի պաշտոնակատարին, որն էլ հաղորդում է տվել ոստիկանություն, եւ դրա հիման վրա փոխտնօրենին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու»։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: