Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաեւ այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռեւս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։

Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որեւէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, եւ եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։

Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որեւէ իշխանություն վարել է երբեւէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից եւ բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այդ հռետորական հարցի պատասխանը, մեծ հավանականությամբ, բացասական է, քանի որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դիմեր Ռուսաստանի զայրույթն առաջացնելու ռիսկին՝ հանուն Եվրամիության հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։ Ստեղծված իրավիճակի մյուս խորքային պատճառն աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ Հայաստանի նոր իշխանության վերաբերմունքն է։ Իսկ նոր իշխանությունն աշխարհի ու Եվրոպայի հետ շարունակում է հարաբերվել հեղափոխության դիրքերից՝ հանդիմանելով բոլորին, որ նրանք հավուր պատշաճի չեն գնահատում Հայաստանում տեղի ունեցած «աննախադեպ» հեղափոխությունը ու չեն շտապում օգնել Հայաստանին։

Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։

Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս