Ո՞վ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, որին փաստաբանական խումբը բացարկ էր հայտնել: Նա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմն է ու վստահելին:
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Փետրվարի 25-ին կայացավ այս գործով առաջին դատական նիստը, որտեղ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբը պնդում էր, որ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել, եւ որ իրենք դատաքննությանը փուլ առ փուլ դա ցույց կտան, եւ այս ամենի արդյունքում քրեական գործով մեղադրող դատախազին բացարկ էին հայտնել: Գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, սակայն, երեկ մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Նկատենք, որ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն իսկապես այդքան էլ պատահական մարդ չէ: Դատախազն անցած տարի հայտնվեց բավականին ուշագրավ պատմության կիզակետում: 2019 թվականի հունվարի 11-ին ոստիկանությունը օպերատիվ տվյալներ էր ստացել այն մասին, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում: Հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջիրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Նկատենք, որ Արսեն Մարտիրոսյանը բավականին մտերիմ կամ, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ահա այս պատճառով, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, վստահելով նրան եւ իր շուրջ հավաքելով հավատարիմ մարդկանց, 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատեց Մարտիրոսյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ:
Քնար Մանուկյան