Ինչպես 2009 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հասարակությանը համոզում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, այնպես էլ այս օրերին ՀՀ առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, համառորեն վստահեցնում էր, թե կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, սահմանները փակելու կարիք չկա, ամեն ինչ վերահսկելի է:
Եվ չնայած 2009 թվականին եղավ ճիշտ հակառակը, եւ ճգնաժամը ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլեւ բավականին լուրջ հետեւանքներ թողեց տնտեսության վրա՝ միանգամից հետընթաց գրանցելով բոլոր ոլորտներում,այս պահի դրությամբ իսկապես կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հակառակ նախարարի պնդումներին, հրահանգեց փակել Իրանի հետ Հայաստանի սահմանը` չնչին բացառություններ նախատեսելով:
Բայց այս պահի դրությամբ Հայաստանը կանգնած է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդրի առջեւ: Բանն այն է, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ Չինաստան դիմակներ էր ուղարկել, եւ այսօր մենք արձանագրում ենք, որ Հայաստանում դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են.սա՝ այն դեպքում, երբ դեռեւս մեկ ամիս առաջ պահեստներում մեծ քանակությամբ դիմակներ էին պահվում, որոնք ներմուծված էին հենց Չինաստանից: Եվ, ահա, չնայած այս պահի դրությամբ կորոնավիրուսը դեռեւս Հայաստան չի հասել, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով:
Եվ բավական չէ՝ դեղատներում դիմակներ չկան, լինելու պարագայում էլ գներն աստղաբաշխական են. դրանք թանկացել են հինգ, նույնիսկ վեց անգամ: Դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։
Միեւնույն ժամանակ Հայաստանում մասնավոր անձինք եւ կազմակերպությունները եւս շարունակում են Չինաստան դիմակներ ուղարկել, այն էլ՝ մեծաքանակ: Օրինակ՝ Երեւանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը Չինաստան դիմակների առաքման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է: Իհարկե, բարեգործություն անելն ու կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելը կարեւոր է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում եղել են նաեւ մարդիկ, դեղատներ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են գնել, սակայն Հայաստանում իրացնելու փոխարեն արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ վաճառել ավելի բարձր գնով:
Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու գործին: Իհարկե, բիզնեսը՝ բիզնես, հասկանալի է` մարդիկ ունեն ազատ առեւտուր անելու իրավունք, բայց ո՞վ, ինչպե՞ս պետք է վերահսկեր իրավիճակը:
Բանն այնտեղ է հասել, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Իր հերթին էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է հայտարարություն տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի եւ այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաեւ շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:
Եվ, ըստ էության, ՏՄՊՊՀ-ն եւս փորձելու է պարզել՝ արդյոք եղել են դեպքեր, երբ դիմակներն իրացվելու փոխարեն վերավաճառվել են այլ երկրներում, եւ հենց դա է պակասուրդի իրական պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրենք եւս այս ընթացքում տարբեր հարցումներ են ուղարկում, այդ թվում՝ նաեւ Պետական եկամուտների կոմիտե: ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախնական պատկեր ներկայացրեց.
«Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների եւ առեւտրային ցանցերի նկատմամբ։ Փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներից։
Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ խոշոր դեղատնային ցանցերի («Նատալի Ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ») կողմից բժշկական դիմակների իրացման գների բարձրացում չի արձանագրվել։ Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին վերոնշյալ դեղատնային ցանցերում վաճառքում առկա չեն բժշկական դիմակներ։ Դիմակների պակասուրդը առավելապես պայմանավորված է ներմուծման ծավալների կտրուկ կրճատմամբ, ինչպես նաեւ պահանջարկի կտրուկ ավելացմամբ», – նշեց Անի Սմբատյանը:
Միեւնույն ժամանակ Պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացան թվեր ներկայացնել, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից՝ ասելով, թե առանձին այդպիսի վերլուծություն չունեն: Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ իրենք եւս դիմել են տարբեր աղբյուրների դիմակների պակասը լրացնելու համար,եւ ընդգծեց, որ բժշկական հաստատություններում դիմակների դեֆիցիտ չկա, իսկ դեղատներում էլ առկա իրավիճակը կփորձեն լուծել այլ աղբյուրների հաշվին:
Ի վերջո, ո՞վ է վերահսկում, եւ ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանից հասկանալ՝ իրենց կենտրոնն ինչ գործառույթ ունի այս հարցում: Սակայն Գաբրիելյանը բացատրեց. «Դեղատնային օղակի հետ կապված՝ մեր կենտրոնը վերահսկողական որեւէ գործառույթ չունի: Այստեղ հսկվում է միայն գրանցված վաճառվող ապրանքների որակը»:
Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը վերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, ըստ լուրերի, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու եւ այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որեւէ կառույց չհերքեց:
Սա նույնն է, որ առաջիկայում պարզվի՝ մեր երկրի համար պահուստային ցորեն կամ ալյուր էլ չունենք կամ քիչ ունենք: Ու եթե, կորոնավիրուսով պայմանավորված, անհրաժեշտություն լինի ՀՀ սահմանները ընդհանրապես փակել, ինչպե՞ս է լուծվելու տարրական` հացի խնդիրը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան