Արցախում փակել են դպրոցները՝ վերին շնչուղիների սուր վարակի տարածումը կանխարգելելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.

• Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտաբերվել:

• Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 25 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

• Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով:

• Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

• Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ: Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում:




Լրահոս