Հարց քաղաքացիներից՝ հնարավո՞ր է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումը ներկայացնել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումը ներկայացնել առցանց, թե՞ դրա համար պարտադիր պետք է այցելել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաեւ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը եւ ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

Այսինքն` առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված, էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության հավաստագիր եւ գրանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս