ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշտ մտածել եմ, որ ընտանիք չեմ ունենալու, բայց երեխա էի ուզում. Պաուզա Անո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա խոսել է իր գործունեության, մեր երկրում տիրող վիճակի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերությունների մասին:

-Նարինե՛, «Ազիզյաններ» սիթքոմի ավարտից հետո Ձեզ էկրաններին չենք տեսնում: Հրավերներ չկա՞ն, թե՞ կան, բայց Ձեր սրտով չեն:

-Դերասանը ո՞նց կարող է հրավեր ունենալ ու չցանկանա այն ընդունել: Բոլոր դերերն էլ դերասանի համար են.լավ ու վատ դեր չկա,պարզապես առայժմ հրավեր չունեմ: Առցանց հաղորդման շրջանակում եմ հանդես գալիս, կոչվում է «Բոլոլա», բայց հիմա արձակուրդում ենք: Մոտ ժամանակներում նորից կսկսենք հաղորդումը՝ արդեն նոր ֆորմատով:

-Հենց այդ հաղորդման շրջանակում անդրադառնում եք նաեւ քաղաքական թեմաների: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տիրող ներքաղաքական վիճակի մասին: Ատելության մթնոլորտի մասին են շատ խոսում. նման բան նկատու՞մ եք. եթե այո, ովքե՞ր են դրա ձեւավորողները:

-Նախ ասեմ, որ քաղաքականությունից գլուխ չեմ հանում, բայց մի բան լավ եմ հասկանում, որ նախկին իշխանավորները, ամեն դեպքում, շանորդի էին: Պարզ է, որ նախորդներն ու ներկաները պետք է միմյանց ատեն, բայց մեր երկրի վիճակը դեպի լավն է գնացել: Քաղաքը մաքրվել է: Ես ապրում եմ Շենգավիթում եւ նկատում եմ դրական փոփոխություն: Գզվռտոցները թողնենք մի կողմ, բայց նաեւ հարգանքի մթնոլորտ կա մեր երկրում: Բարություն է մտել մարդկանց մեջ: Ես երբեք քաղաքական որեւէ ճամբարում չեմ եղել: Սխալ է, արտիստը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Ես ի՞նչ գործ ունեմ…Թող երկրի վիճակը լավ լինի, բայց ինչից խելքս չի հասնում, չի հասնում: Ունեմ շատ ընկերներ, որոնք քաղաքական ճամբարների են բաժանվել: Մտերիմ ընկերներիցս մեկը զանգեց, հարցրեց. «Հո աչքիցդ չե՞մ ընկել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրել եմ»: Ասացի. «Ախպոր պես, դու իմ ընկերն ես, ի՞նչ կապ ունի՝ ինչ ես անում»: Ես ինձ զերծ եմ պահում նման բաներից, բայց մի տեսակ հավատ կա մեջս, որ Փաշինյանը մեր երկրի վիճակը կլավացնի: Արդեն իսկ ահագին բան դեպի լավն է փոխվել: Հարազատ զինվորներ ունեմ, երեխեքը նորմալ սնվում են, նորմալ պայմաններում ծառայում են. դա արդեն իսկ մեծ բան է: Որ հարցնում ենք՝ ինչ է պետք, ասում են՝ ոչինչ,իսկ նախկինում անընդհատ սնունդ ու հագուստ էինք ուղարկում:

-Շոու-բիզնեսից ընկերներ ունե՞ք:

-Բոլոր ասպարեզներից ունեմ ընկերներ, շոու-բիզնեսից՝ համեմատաբար ավելի քիչ: Բայց նրանցից էլ կան մարդիկ, որոնք գալիս են իմ տուն, նստում ենք, սուրճ ենք խմում, ասում-խոսում ենք: Մայրս ասում է՝ քեզ համար բոլորը լավն են: Հա, ես այսպիսին եմ:

-Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ձեր կոլեգան է եղել: Ձեր հարաբերությունները պահպանվե՞լ են: Նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո հանդիպե՞լ եք:

-Այո, երկու անգամ տեսնվել ենք: Իմ Հայկը նույն Հայկն է մնացել,ոչ մի բան չի փոխվել: Հայկոն այն տղերքից է, որին պաշտոնը երբեք չի փոխի, պրեզիդենտ էլ դառնա, չի փոխվի: Ես չեմ ամաչի ասել, որ երազել եմ նրա հետ նկարահանվել: Առաջին անգամ «Սուպեր մամա-2»-ում նկարահանվեցի հետը: Ափսոսում եմ միայն, որ Հայկը որպես դերասան այլեւս հանդես չի գալիս: Հայկ քաղաքապետն էլ է լավը, բայց Հայկ դերասանն ուրիշ էր:

-Դուք բնավորությամբ բավականին պարզ եք, եւ մարդիկ կարող են օգտվել այդ հանգամանքից եւ ինչ-որ առումով շահագործել: Մեր օրերում դժվար չէ՞ այդպիսին լինել:

-Շատ է պատահում, որ մարդուն ընդունում եմ բաց սրտով, ինձ հարազատ եմ համարում, մեկ էլ հանկարծ դիմակը պատռվում է, հիասթափվում եմ, զգում եմ, որ դիմացինս այն մարդը չէ, ինչպիսին պատկերացրել եմ: Ինչ-որ պահի չարանում եմ, մտածում եմ՝ ես էլ եմ այդպիսին լինելու, բայց ես չեմ կարող այդպիսին լինել.ինձ աստված ուրիշ կերպ է ստեղծել: Երեւի է՛լ չեն լինի հիասթափություններ, քանի որ ընկերներն էլ տարիքի հետ ինքնըստինքյան մաղվեցին: Շուտով կբոլորի իմ 50 տարին. հասել եմ այնպիսի տարիքի, որ սթրեսային իրավիճակները երեւի թե մնացին անցյալում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս