Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստանի» հետ դատի է տվել ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին:
Որպես պահանջ՝ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել:
Բանն այն է, որ Զուրաբյանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց էր տվել «Առաջին լրատվական»-ին եւ խոսելով ԼՀԿ-ի մասին՝ ասել, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են, եւ ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է: ԼՀԿ-ն պահանջում է հերքել հայտարարությունը և գումարային փոխհատուցում չի պահանջում։
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ՝ պարզելու, թե պատրա՞ստ է հերքել «Լուավոր Հայաստան» կուսակցության մասին արված հայտարարությունները:
«Դա նրանց իրավունքն է, որ ժողովրդավարական երկրում նման ուղի են գտել: Անկեղծ ասած՝ ամբողջ օրը չեմ մտածում, թե որևէ կուսակցություն ինչ պետք է անի: Դատի՞ են տվել, ուրեմն դատարանում կխոսենք, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Լիդա Եղիազարյան