Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության եւ մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող եւ նախատեսվող աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս