Երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին եւ ձեւավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաեւ, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: Բացի այդ, այլ հստակ ժամկետներ եւս նախատեսված են: Մասնավորապես, երեք ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է հայեցակարգ ներկայացնեն, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերն էլ՝ նախագիծը, որից հետո կսկսվեն ծավալուն հանրային քննարկումներ: Եվ չնայած այս հանձնաժողովի ստեղծումը եւ նոր Սահմանադրություն ունենալը վաղուց էր որոշված, սակայն իշխանությունների ծրագրերը մի փոքր շեղվեցին, եւ հանրաքվեի դրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցը: Եվ հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին, այնինչ նախապես այն պլանավորված էր 2021 թվականին: Մասնավորապես, նա նշել էր. «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը, ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն»։ Ստացվում է, որ, մի կողմից, հանձնաժողով են ստեղծում փոփոխությունների համար, մյուս կողմից՝ որոշում նոր Սահմանադրություն ընդունել: Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը կազմված է 16 անդամից, եւ հիմնական համակարգումը դրված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա, չնայած հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձեւավորման աշխատանքները: Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով եւ արագ կերպով քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաեւ Երեւանում. այստեղ եւս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները: Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս այս օրերին զբաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձեւավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում: «Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», – մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը:
Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Ինչպես հայտնի է, բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: Այս դեպքերի պատճառով ՊՆ-ից ազատման դիմումներ են գրել ՊՆ ՌՈ վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւ ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ: Մասնավորապես, փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել սպա Հայկ Ասրյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ սպան մինչեւ դիրքեր բարձրանալը տեւական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում են ծառայության: «Որ ինքը ստացել է հոգեբուժարանում համապատասխան բուժումը, այն ավարտելուց հետո չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել», – նշեց Օհանյանը:
Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին: Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի): Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի եւ անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ 73 կողմ, 20 դեմ եւ 15 ձեռնպահ ձայներով: Նշենք, սակայն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չնայած ստորագրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, սակայն ուղերձ էր հղել իշխանություններին եւ դատական համակարգին այն մասով, որ օրենքում նախատեսված հասկացությունների գործնական կիրառումը պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «օրենքով գողերի» դեմ պայքարի վրացական փորձն ուսումնասիրել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները: Արդյոք վրացական փորձն ուսումնասիրելը բավարար է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում՝ ցույց կտա ժամանակը, բայց իրավապահ մարմիններն առայժմ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում են միայն «բռնել-բաց թողնելով»: