ՇՏԱԲ ՈՒՆԵՆ, ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքն այս օրերին զբաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձեւավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում էր կայացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «կուռացիան» իրականացնի Հրաչյա Հակոբյանը, իսկ մյուս վարչական շրջաններում այդ ամենը դրվել է վարչական շրջանի ղեկավարների ուսերին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Հրաչյա Հակոբյանից պարզել, թե ինչ աշխատանքներ է իրականացնում այս օրերին իր տնօրինման տակ հայտնված վարչական շրջանում:
-Պարո՛ն Հակոբյան, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավն արդեն մեկնարկում է, Ձեզ էլ արդեն վստահել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ կապված բոլոր հարցերին լուծում տալը: Որպես շտաբի ղեկավար՝ ի՞նչ եք անում այս օրերին:
-Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, շտաբների ձեւավորում, հիմնականում շտաբային աշխատանքներ են կատարվում, վարչական շրջանի ակտիվի հետ հանդիպումներ:
-Քանի՞ շտաբ եք ձեւավորել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
-Մենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունենք գրասենյակ, որը մինչեւ այսօր գործել է, նախորդ համապետական ընտրությունների ժամանակ էլ այդ գրասենյակը աշխատել է: Այդ շտաբը չի փակվել, գործում է, ու հիմա այդ նույն շտաբն է լինելու, ուրիշ շտաբ դեռեւս չենք բացել ու դեռեւս չգիտենք՝ բացելու ենք, թե չէ, նպատակահարմարություն կա, թե ոչ:
-Հանրաքվեին դեմ արտահայտվողները հայտարարում են, որ այս պրոցեսը հանրությանը չի հետաքրքրում, ինչի համար իշխանությունները խնդիր են ունենալու մասնակցության հարցում: Հիմա Ձեր ղեկավարած շտաբ քաղաքացիներն այցելո՞ւմ են, հետաքրքրվո՞ւմ են հանրաքվեով: Ի՞նչ վիճակ է այդ առումով:
-Պատկերը դեռեւս էդքան պարզ չէ, որովհետեւ այս պահին, կրկնում եմ, շտաբում հիմնականում գալիս է ակտիվը, այսինքն՝ ուղղակի քաղաքացիներ դեռեւս, չէ, չեն գալիս:Դեռեւս քաղաքացիների կողմից ակտիվություն չկա, կա, բայց զգալիորեն չի, որ ասեմ, որ մարդիկ հետաքրքրված են, գալիս-գնում են, շարժ կա: Դա կլինի այն ժամանակ, երբ որ մենք արդեն կսկսենք մեր ակտիվ քարոզչությունը իրականացնել:
-Իսկ այդ դեպքում, խնդրում եմ, ասեք, թե երբ եք իմքայլականներով սկսում ակտիվ քարոզչություն իրականացնել, քանի որ քարոզարշավը փետրվարի 17-ին մեկնարկել է, բայց «ԱՅՈ»-ի շտաբը տեղից չի շարժվում:
-Մենք դիզայնի մրցույթ ենք հայտարարել, դեդլայն կա, լոգո ու մնացած բաները մինչեւ չունենանք, մենք չենք կարող որեւէ ակտիվ քարոզչություն իրականացնել: Հիմա պետք է այդ ամենը պատրաստենք, տպենք, որպեսզի կարողանանք ակտիվ քարոզչություն իրականացնել:
-Չե՞ք ուշանա, կարո՞ղ է չհասցնեք քարոզչությունը ժամանակին իրականացնել:
-Չենք ուշանալու, ամեն ինչ հաշված է, ժամանակին ենք իրականացնելու, մենք ամեն ինչ հասցնելու ենք իրականացնել, ամեն ինչ պլանավորված է՝ ով ինչ է անելու, որտեղ, մենք այդ ամենը պլանավորել ենք, դա ժամանակին իրականացնելու ենք:
-Որտեղի՞ց է մեկնակելու քարոզարշավը: Մենք տեղեկացանք, որ առաջիկայում պատրաստվում եք ասուլիս իրականացնել, հետո ի՞նչ է լինելու, ո՞րոնք են լինելու Ձեր պլանները: Կազմակերպչական հարցերում, կարծես թե, կաղում եք:
-Այդ մասին ես այս պահին տեղեկություն չունեմ: Չեմ կարող այս պահին այդ հարցերի մասին խոսել, որեւէ տեղեկություն չունեմ: Քարոզարշավը կմեկնարկի, բոլորն էլ կտեղեկանան, կհասկանան՝ ինչ, որտեղ, երբ: Մենք շատ լավ գիտենք՝ երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք:
-«ՈՉ»-ի շտաբը եւս ձեւավորվել է: Ինչպե՞ս եք վերաբերվում իրավապաշտպաններից ձեւավորված այդ շտաբին, արդյոք իրե՞նք ավելի ակտիվ քարոզչություն կիրականացնեն, թե՞ Դուք:
-«ՈՉ»-ի շտաբի համակարգողի հարցազրույցն եմ լսել, ու շատ զարմանալի է ինձ համար, որ ձեւավորվում է «ՈՉ»-ի շտաբ, ու համակարգողը հայտարարում է, որ իրենք քարոզելու են, որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամասեր, չմասնակցեն հանրաքվեին: Իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում «ՈՉ»-ի շտաբ ձեւավորում, եթե այլ դիրքորոշում էիք ներկայացնելու: Անունը այդ դեպքում ինչո՞ւ է «Ոչ»-ի շտաբ:
-Կարծում եք՝ Ձեզ մրցակիցներ չե՞ն:
-Չի կարող «ՈՉ»-ը ավելի ուժեղ լինել, քանի որ «ՈՉ» այդպիսին չկա, քանի որ իրենք էլ իրենց խոսքերով արդեն ապացուցել են դրա մասին: Մեզ մոտ ամեն ինչ հերթով իրականացվում է, կանենք ամեն ինչ ե՛ւ քաղաքացիների մասնակցության համար, ե՛ւ հանրաքվեն իր նպատակին հասցնելու համար:
-Իսկ դրա համար օգտագործելո՞ւ եք վարչական լծակներ:
-Մենք որեւէ վարչական լծակ չենք օգտագործելու: Մեր իշխանության օրոք նման բան չի եղել, վարչական որեւէ լծակ չի օգտագործվելու:

 

 

 

 

4 ԱՄԻՍ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ

Դեռեւս 4 ամիս առաջ խորհրդարանում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանձնաժողովի ղեկավարն է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք շատ ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ են ու առաջիկա օրերին պատրաստվում են կրկին նիստ հրավիրել: Մեր դիտարկմանը, թե կոնկրետ ինչ արդյունք ունեն այս պահին, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ իրենց պահանջած փաստաթղթերը շատ ծավալուն են, եւ իրենք ուսումնասիրությունների փուլում են:
«Երկու աշխատանքային քննարկում ենք ունեցել, հիմա տվյալների հավաքագրման փուլում ենք, այս պահին հարցումներ ենք իրականացրել, սպասում ենք պատասխաններին, ստացել ենք նաեւ պատասխաններ, որոնք մշակում ենք, ուսումնասիրում ենք, քննարկում ենք, սպասում ենք ամբողջ տեղեկատվությանը, որպեսզի ընդհանուր պատկերը ստանանք»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը: Մեր հարցին, թե կոնկրետ որ գերատեսչություններին են հարցումներ ուղարկվել, ընդդիմադիր պատգամավորը հայատարարեց, թե այն գերատեսչությունը, որը կարող է կապ ունենալ մարզային, միջպետական, առհասարակ, համայնքային ուղեւորափոխադրումներին, բոլոր մարմիններին իրենք դիմել են: «Բնականաբար, ուսումնասիրություններ իրականացնելու համար մեզ պետք է՝ իրենք տեղեկատվություն տրամադրեն՝ փաստաթղթերի ու ինֆորմացիայի տեսքով: Երկշաբաթյա ժամկետ կա, ու դրա ժամանակահատվածում մենք ստանում ենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»:
Պատգամավորից փորձեցինք պարզել, թե արդյոք այս 4 ամսվա ընթացքում քննիչ հանձնաժողովին հաջողվել է ինչ-որ խնդիրներ ու թերություններ բացահայտել այդ ոլորտում: ԲՀԿ-ականը հայտարարեց, որ փաստաթղթերի ծավալը շատ մեծ է, քանի որ իրենք ուսումնասիրում են 2016-2018 թթ. ընկած ժամանակահատվածը՝ 4 տարվա վիճակը, ինչի համար դեռեւս իրենք փորձում են դրանք ի մի բերել: Հարցին, թե հնարավոր է, որ 6 ամիս ժամկետը բավարար չլինի քննիչ հանձնաժողովի աշխատանքերի ավարտի համար, հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց. «Ամեն դեպքում, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի տեղավորվենք: Եթե աշխատելու էլի տեղ կլինի կիսատ, կդիմենք ԱԺ-ին՝ խնդրանքով, որ էլի երկարացնեն, բայց այս պահին դրա մասին չենք մտածում, աշխատում ենք»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ հերքեց այն տեղեկությունները, թե ինքը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատռել է այն: Նախարարը կոչ արեց նման կեղծ լուրերի չհավատալ: Բանն այն է, որ փետրվարի 6-ին նախարարի արդեն նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով ուսումը, ինչը հակասական ասեկոսեների պատճառ դարձավ: Եվ դրանից հետո նաեւ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ բացի Անափիոսյանից հրաժարականի դիմում է ներկայացրած եղել նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն վարչապետի կողմից այն, ի վերջո, չի հաստատվում: Սակայն նախարարը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե նման բան է եղել:

 

 

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կմեկնի Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Արցախ են մեկնելու նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաները, որպեսզի այնտեղ անցկացնեն Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սակայն, մեր տեղեկություններով, այս նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ: Բնականաբար, նիստը չի անցնի առանց այդ հարցերի քննարկման, եւ չի բացառվում, որ դրանից հետո նոր որոշումներ կայացվեն: Եվ ուշագրավ է, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ֆոնին լարվել է նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը՝ կապված սպասվող համապետական ընտրությունների հետ: Եվ այս հարցը եւս չի մնա առանց քննարկման, չնայած ՀՀ իշխանությունները պաշտոնապես որոշել են զերծ մնալ որեւէ թեկնածուի սատարելուց:

 

 

 

ԿԱԿՏԻՎԱՆԱՆ
Հաջորդ շաբաթվանից Ազգային ժողովում սկսվելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Այդ ընթացքում պետք է քննարկվեն այն նախագծերը, որոնք կքննարկվեն մարտի 3-ին մեկնարկող լիագումար նիստերի օրակարգում: Մշտական հանձնաժողովների նիստերի օրակարգն արդեն պատրաստ է, եւ, դատելով առկա նախագծերից, բուռն նիստեր կարող են լինել թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստերում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրակարգային հարցերից են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ու «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որոնք երկուսն էլ բուռն քննարկման կենթարկվեն՝ հաշվի առնելով ընդդիմադիր պատգամավորների առկա տեսակետները: Իսկ մինչ այդ օրակարգում նաեւ տարբեր լսումների անցկացումն է:

 




Լրահոս