ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները, կարծես թե, կրկին փոխել են իրենց ծրագրերը: Բանն այն է, որ նրանք վաղուց ունեն սահմանադրական ամբողջական փոփոխություններ անելու ծրագիրը, սակայն այս փուլում բավարարվեցին միայն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե անցկացնելով: Սակայն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Այն կազմված է 16 անդամից. ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ ներկայացուցիչ, ինչպես նաեւ 6 իրավաբան-գիտանականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ եւ, իհարկե, անդամներ նաեւ խորհրդարանական խմբակցություններից:

Եվ, ահա, չի բացառվում, որ այս հանձնաժողովի աշխատանքի եւ սահմանադրական նոր փոփոխությունների ժամկետները հետաձգվեն: Նախ նշենք, որ երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին եւ ձեւավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաեւ, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: Բացի այդ, այլ հստակ ժամկետներ եւս նախատեսված են: Մասնավորապես, երեք ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է հայեցակարգ ներկայացնեն, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերն էլ՝ նախագիծը, որից հետո կսկսվեն ծավալուն հանրային քննարկումներ:
Եվ չնայած երեկ տեղի է ունեցել մասնագիտական հանձնաժողովի նիստը, որը, ինչպես նշեցինք, ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սակայն վերջինս նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արդեն այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ: Մասնավորապես, նա նշել էր. «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը, ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն»։
Իսկ, ահա, երեկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց. «Բոլոր ուղղություններով քննարկվում են, Սահմանադրության ամբողջ տեքստով քննարկվում են՝ սկսած առաջին գլխից մինչեւ վերջին գլուխ»:
Եվ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնաժողովի ստեղծումը որոշակի ժամկետներ է ենթադրում: Մասնավորապես, գործունեությունը սկսելուց եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվի հանրային քննարկման եւ կներկայացվի վարչապետի աշխատակազմին։ Իսկ արդեն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը, ըստ որոշման, պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը: Եվ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւս նախկինում հույս էր հայտնում, որ մինչեւ տարեվերջ փաստաթուղթը պատրաստ կլինի, ինչը նաեւ ենթադրում էր, որ այն հանրաքվեի կդրվեր արդեն 2021 թվականին: Սակայն վարչապետի կողմից նախօրեին, կարծես թե, նոր ժամկետ սահմանվեց, եւ վերջինս չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին:
Եվ այդ տեսակետից չի բացառվում, որ կընդարձակվեն այս հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները: Նաեւ հանձնաժողովականները երեկ քննարկման ժամանակ այնպիսի տեսակետ են արտահայտել, թե սահմանադրական փոփոխությունները ժամանակատար գործընթաց է, եւ լուրջ աշխատանք է իրենից ենթադրում, իսկ հիմա կարճ ժամանակ է դրված այս կազմի առջեւ՝ մինչեւ աշուն:
Ստացվում է՝ մի կողմից՝ հանձնաժողով են ստեղծում փոփոխությունների համար, մյուս կողմից՝ որոշում նոր Սահմանադրություն ընդունել, իսկ դրան զուգահեռ էլ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաեւ Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ, որոնց փոփոխությունները եւս կապված են Սահմանադրության հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՊՆ-ՈՒՄ ՈՒԺԵՂԻ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պատշպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ռազմական ոստիկանությունում փակ խորհրդակցությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանը հանձնարարել է աշխատել զորամասի հրամանատարների հետ, քայլ առաջ լինել հնարավոր իրադարձություններից եւ տիրապետել զորամասում առկա իրավիճակին: Տոնոյանի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող եւ այլ հարցեր: Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել են մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր: Մեզ հայտնի դարձավ, որ ազատված պաշտոնյաներն են ՊԲ-ի Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի ՌՈ բաժնի պետերը: Ի դեպ, ՌՈ պետի ժամանակավոր պատոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսան Աղաջանյանը: Եվ չնայած ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, սակայն դեռեւս թափուր է մնում ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի պաշտոնը: Բանն այն է, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսան Ալեքսանյանը, որը բանակի դեպքերի պատճառով եւս ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, ՊՆ-ում փնտրում են ուժեղ զինվորականի, որպեսզի նա կարողանա այդ պաշտոնը զբաղեցնել, սակայն դեռեւս չեն կարողանում գտնել:

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը դատի է տվել Շիրակի մարզպետարանին: Մասնավորապես, նա պահանջում է չեղյալ համարել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ 2020 թվականի հունվարի 17-ի որոշումը, որով հիվանդանոցի թափուր տնօրենի մրցույթում հաղթող էր ճանաչվել Ժորժիկ Սերոբյանը: Եվ, ահա, դաշնակցական նախկին տնօրենը որոշել է դատարանում վիճարկել մարզպետի որոշումը: Բանն այն է, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար իրականում թեժ պայքար է տեղի ունեցել, եւ տնօրեն նշանակված Սերոբյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը: Եվ, ահա, այս տարվա հունվարի 14-ին կայացած մրցույթում Ժորժիկ Սերոբյանը իր միավորներով զիջել էր Աշոտ Կուրղինյանին. վերջինս 50 գրավոր հարցերին բացառապես տվել էր ճիշտ պատասխաններ՝ հավաքելով 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը հավաքել էր 48 միավոր։ Բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել էին՝ 5 հարցերին տալով ճիշտ պատասխաններ, սակայն, մարզպետի որոշմամբ, Ժորժիկ Սերոբյանն է նշանակվել տնօրեն։ Եվ, ահա, նախկին տնօրենը որոշել է վիճարկել որոշումը:

 

 

 

 

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շեննախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը լուրջ անհանգստություններ են հայտնել Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», – ասել են նրանք` նկատի ունենալով 2020թ. փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ադրբեջանցի իրավապահների բռնությունները: Համազեկուցողների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան՝ արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները: «Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է եւ պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում:

 

 

 

ՕՐԻՆԱՉԱՓ
Եթե խոսվում է գնումների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու մասին, ապա պետք է սեղանին դրվի այն առաջարկների փաթեթը, որը ցույց կտա, թե ինչն ենք ուզում փոխել եւ ինչով. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի խոսքով՝ գնումների օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու առաջարկ իրենք չեն ստացել: «Մենք շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որի վերաբերյալ ստացել ենք առաջարկներ թե՛ հանրային սեկտորի ներկայացուցիչներից, թե՛ պետական կառավարման մարմիններից, թե՛ հասարակական կազմակերպություններից: Կամփոփենք, կներկայացնենք քննարկման եւ որոշումներ կկայացնենք»,- ասել է նա: Այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մարդկանց կյանքը լավացել է, եւ որպես օրինակ նշում, որ 50 եվրոյով մարդիկ կարող են մեկնել Հռոմ, Ջանջուղազյանն արձագանքել է. «Շատ օրինաչափ է, որ մարդիկ տարբեր տեսակետներ են հայտնում: Չի կարող այնպես լինել, որ որեւէ իրադարձության, երեւույթի վերաբերյալ լիներ համատարած մեկ միասնական ընկալում: Հիմա եթե հարցն այն է, թե արդյոք 50 եվրոյով Հռոմ գնալը հնարավորություն է, թե ոչ, ապա միանշանակ հնարավորություն է»:

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Փետրվարի 24-ին՝ ժամը 10:15-ին, նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:




Լրահոս