ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը եւս մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ինքը հիմնականում քարոզչություն իրականացնելու է Լոռու, Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ ինքն այժմ բնակվում է:
-Պարո՛ն Սանդիկով, արդյոք մասնակցելո՞ւ եք հանրաքվեի քարոզարշավին ու արդյոք ինչ-որ վարչական շրջաններում կամ մարզերում հենց այնտեղ քարոզն իրականացնելու պարտավորվածություն ունե՞ք:
-Քանի որ ես ռուսական համայնքի պատգամավոր եմ, ամենայն հավանականությամբ, աշխատելու եմ իմ համայնքներում, այսինքն՝ այն անձանց հետ, ովքեր ընտրելու իրավունք ունեն, իմ համայնքի հետ բացատրական աշխատանքներ կներկայացնեմ, մեր դիրքորոշումը, մեր տեսլականը: Ինչպես միշտ, քաղաքացու հետ հանդիպումներ կլինեն:
-Իշխանության ներկայացուցիչների միջեւ, կարելի է ասել, բաժանվել են այն տարածքները, որտեղ պետք է քարոզչություն իրականացվի: Արդյոք հստակեցվա՞ծ է, թե Դուք որտեղ եք «կուռացիա» անելու:
-Կարծում եմ, որ միանգամայն տրամաբանական է, որ ես նախ եւ առաջ պետք է աշխատեմ ազգային փոքրամասնությունների հետ, այն համայնքի հետ, որը ես ներկայացնում եմ խորհրդարանում, բնականաբար, դա անելու եմ: Իսկ մնացած մասով, զուտ գործընկերային, թիմային գործընկերությունից ելնելով, ես պատրաստ եմ: Եթե իմ թիմակցին որեւէ տեղ որեւիցե, այսպես ասած, ֆրոնտում բառիս դրական իմաստով որեւէ ուղղության վրա իմ օգնության կարիքը կա, ապա ես պատրաստակամ եմ օգնելու: Ես հիմնականում աշխատելու եմ Լոռու մարզի մեր ռուսական համայնքով, որտեղ համեմատաբար խիստ բնակեցված բնակավայրերն են, բացի դրանից Արմավիրի մարզում կա, Դավիթաշեն համայնքում, որտեղ ես բնակվում եմ, այնտեղ էլ կան իմ ազգակիցները: Ես ավելի շատ կենտրոնանալու եմ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ռուսական համայնքի ներկայացուցիչների վրա: Կարծում եմ՝ դեռեւս ժամանակ կա քարոզչության համար, ես կարծում եմ՝ ժամանակի մեջ հանգիստ կտեղավորվենք ու պատշաճ ժամանակ կունենանք, որ ժողովրդին հստակ ներկայացնենք հանրաքվեի թե՛ նպատակը, թե՛ ակնկալվող արդյունքը:
-Ըստ Ձեզ՝ հանրությանը հասկանալի՞ է, թե ինչի վերաբերյալ է հանրաքվեն իրականացվելու, քանի որ, ընդդիմության կարծիքով, հանրությանը չի էլ հետաքրքրում հանրաքվեն ու դրանից ակնկալվող արդյունքը:
-Առնվազն իմ առօրյա շփումները թե՛ այն թաղամասում, որտեղ ես բնակվում եմ, թե՛ գործի բերումով տարբեր միջոցառումների, երբ որ լինում եմ, ընդհանուր առմամբ ամբողջությամբ հասկանալի է ժողովրդի համար հանրաքվեի հետ կապված ամեն ինչը: Ես կարծում եմ նաեւ, որ քարոզարշավի շրջանում բոլոր քաղաքացիները, ովքեր, այսպես ասեմ, կա՛մ պատկերացում չունեն, կա՛մ լիարժեք ինֆորմացիա չեն ստացել դեռեւս, այդ հնարավորությունը, ամեն դեպքում, կընձեռվի:
-Տեսակետ կա, որ իշխանությունները խնդիր են ունենալու քաղաքացիներին ընտրատեղամաս տանելու հարցում, ինչի դեպքում «ԱՅՈ»-ն չի կարողանալու իր արդյունքն ունենալ: Դուք համակարծի՞ք եք:
-Ես կարծում եմ, որ «Այո»-ն հաղթելու է, եւ կարծում եմ, որ ցանկացած շարժում, ցանկացած նախաձեռնություն, եթե սկսում ես ու համոզված չես այդ նախաձեռնության հաղթանակի մեջ, շատ դժվարացնում է քո հաղթելու, քո՝ նպատակին հասնելու գործընթացը:
-Բայց, ընդդիմության կարծիքով, սա ընդամենը հանրաքվե է մեկ անձի դեմ՝ ի դեմս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի: Արդյոք արժե՞ր մեկ անձին պաշտոնանկ անելու համար նման նախաձեռնությամբ հանդես գալ՝ ֆինանսական առումով եւս տուժելով:
-Բնականաբար, դա այդպես չէ, դա անձնավորված չէ, առավել եւս 7-10 անձի դեմ չէ կամ 5 անձի դեմ չէ, խոսքը սկզբունքի մասին, է, խոսքը համակարգի մասին է, խոսքը Սահմանադրության ոգու, փոփոխություններից հետո այդ ոգու շրջանակներում մենք ունենանք Սահմանադրական դատարան: Իսկ այդ դատարանի ոգին, ըստ մեզ, խախտված է: ՍԴ-ի ոգին վերականգնելու համար մենք նախաձեռնել ենք հանրաքվե ու ակնկալում ենք ժողովրդի ակտիվ մասնակցությունը այդ հանրաքվեին:
-Այսօր ՔՊ-ականները նաեւ նախաձեռնել են դրամահավաք, որպեսզի այդ գումարով քարոզչություն իրականացնեն: Դուք մասնակցելո՞ւ եք դրամահավաքին, Ձեր ներդրումն ունենալո՞ւ եք:
-Այո՛, նախատեսում եմ մասնակցություն այդ միջոցառմանը, ինչպես որ մասնակցում եմ մեր ֆրակցիայի կազմակերպած միջոցառումներին: Ես կարծում եմ, որ դրամահավաքի կազմակերպման ձեւաչափը միանշանակ տրամաբանական է, եւ կարծում եմ, որ այն իրեն արդարացնելու է. դա իրեն արդարացրեց նաեւ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ: Սա ամենաարդյունավետ մոդելն է թափանցիկության առումով, որպեսզի բոլորը կարողանան իրենց մասնակցությունն ունենալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՅԻԼՅԱՆԸ ՇԱՆՍԵՐԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ
Դեռեւս օգոստոսի 13-ին ֆեյսբուքյան էջում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր. «Արցախի քաղաքացիների, քաղաքական եւ հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական եւ քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար: Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը եւ վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը»: Այս հայտարարությունից հետո Մ. Մայիլյանն արդեն պաշտոնապես տեղեկացրեց, որ ինքը մասնակցելու է մարտի 31-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններին:
«Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաեւ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը: Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը», – նշել էր ԼՂՀ ԱԳ նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է մի քանի հարցերի շուրջ զրուցել Մասիս Մայիլյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հեռախոսազանգերին չի պատասխանում: Մենք մի քանի գրավոր հարցեր ենք ուղղել Մ. Մայիլյանին, որը շատ կարճ պատասխաններ է տվել:
-Պարո՛ն Մայիլյան, Դուք մասնակցելու եք ԼՂՀ նախագահի ընտրություններին, արդեն Ձեր թեկնածությունն եք առաջադրել: Ո՞ւմ եք համարում Ձեզ ուժեղ մրցակից:
-Ոչ մեկին չեմ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ:
-Ձեզ մրցակից համարո՞ւմ եք ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, որը եւս իր թեկնածությունն է առաջադրել:
-Նախագահի բոլոր թեկնածուներն էլ այս կամ այն չափով մրցակից են:
-Ըստ տեղեկությունների՝ Արցախում, ընտրություններին ընդառաջ, լարված մթնոլորտ է ստեղծվել: Արդյոք կա՞ նման բան:
-Չեմ կիսում այդ կարծիքը: Արցախում նախընտրական հագեցած վիճակ է, ինչպիսին ընտրական ժամանակահատվածում լինում է երկրների մեծ մասում: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախում քաղաքական նոր, ավելի ազատական մթնոլորտ է ձեւավորվում, ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին, ինչն է՛լ ավելի է ուժեղացրել մրցակցությունը: Ամեն դեպքում, սա դրական երեւույթ է, որը խթանելու է թե՛ արցախյան քաղաքական դաշտի կայացումը եւ թե՛ ընտրությունների մշակույթի զարգացումը: Բայց ամենակարեւորն այն է, որ ընտրությունները կանխորոշված չեն, եւ աննախադեպ մեծացել են ընտրական գործընթացի հանրային վերահսկողության ռեսուրսները:
-Ինչո՞ւ պետք է արցախցին իր ձայնը վստահի Ձեզ:
-Արմատական բարեփոխումների, պետական-կառավարման համակարգի արդիականացման եւ այդ ճանապարհով մեր առջեւ ծառացած նոր մարտահրավերներին համարժեք արձագանքելու կամքի ու վճռականության համար:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Շատ բարձր:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՅԴ ԺՈՂՈՎ
Երեկ Երեւանում մեկնարկել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որը շարունակվելու է մինչեւ փետրվարի 28-ը, եւ նիստեր կլինեն Արցախում: Ինչպես հայտնի է, համաժողովի օրակարգում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներն են՝ Արցախի հիմնախնդրից մինչեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ: Եվ հետաքրքիր է, որ ՀՅԴ-ական գործիչները երեկ խուսափում էին խոսել ներքաղաքական օրակարգի, առավել եւս՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների մասին: Բանն այն է, որ քննարկումների արդյունքում դաշնակցականները որոշել են, ի վերջո, «Ոչ»-ի ճամբար չձեւավորել եւ փողոցային քարոզարշավ չիրականացնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սա չի նշանակում, որ դաշնակցական գործիչներն այս շրջանում պասիվ են լինելու կամ խուսափելու են խոսել հանրաքվեի եւ փոփոխությունների մասին: Պարզապես նրանք քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ «պետք չէ միանալ կեղծ օրակարգերի»: Միեւնույն ժամանակ «Դաշնակցությունը» շարունակելու է ակտիվ լինել Արցախյան հակամարտության հարցում: Մասնավորապես, նրանք վերջերս նաեւ 5 ժամանոց հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, զրուցել ԼՂ հիմնահարցի, ՀՀ արտաքին քաղաքականության մասին:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եկել են այն եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա: Ինչպես հայտնի է, այդ նույն նպատակով արձակուրդ են մեկնելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Այո»-ի շտաբի պետն է, եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ստացվում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը եւս արձակուրդ մեկներ, ապա վարչապետի պարտականությունները պետք է ստանձներ ՀՀ մյուս փոխվարչապետը՝ Մհեր Գրիգորյանը, սակայն գաղտնիք չէ, որ կառավարությունում Գրիգորյանին իրենց թիմակիցը չեն համարում: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշում է կայացվել նման ձեւ քարոզարշավ իրականացնել, որպեսզի նաեւ զերծ մնան ընդդիմադիրների քննադատություններից: Հավելենք, որ վաղը «Դվին» հյուրանոցում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, եւ մի քանի օր անց քարոզարշավն ակտիվորեն կսկսվի: Այս պահի դրությամբ արդեն ամբողջապես պատրաստ է քարոզարշավի մասնակիցների ցանկը, որոշված են անելիքները, շտաբների եւ տարածքների պատասխանատուները: