ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Ընդ որում, չնայած երկու երկրների ԱԺ նախագահները չեն հանդիսանում Անվտանգության խորհրդի անդամ, սակայն այդ նիստին ներկա են եղել:

Հիշեցնենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկու երկրների անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստն է։ Առաջինը տեղի ունեցավ մարտի 12-ին Ստեփանակերտում՝ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ։ Այդ նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը: Նշենք, որ այդ նիստին չէր մասնակցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Երկրորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Երեւանում։
Եվ ուշագրավ է, որ ինչպես առաջին նիստին, այնպես էլ շաբաթ օրը տեղի ունեցած համատեղ նիստին ներկա չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Առաջին նիստից հետո նախագահի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ պատշաճ հրավեր չի եղել, սակայն կառավարությունից էլ արձագանքել էին, թե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան։ Իսկ արդեն այս անգամ նախագահի բացակայությունը մեկնաբանվեց նրա վատառողջ լինելու հանգամանքով:
Եվ չնայած շաբաթ օրը տեղի ունեցած նիստին նախորդել էին բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ: Սակայն, բնականաբար, նիստը չի անցել առանց այդ հարցերի քննարկման, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում եւս հետաքրքիր շեշտադրումներ է արել եւ հիմնականում խոսել Արցախյան հակամարտության կարգավորման մասին:
«Բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել, եւ այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենեւին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միեւնույն պատկերացումները», – նշել է Փաշինյանը: Սակայն նա ընդգծել է, որ ռազմավարության եւ վեկտորի ուղղությամբ իսկապես առկա է նույնական պատկերացում, եւ դրանք ունեն անհրաժեշտ հենասյուներ: «Այդ հենասյուներից կարեւորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, եւ, առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների, հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում», – հավելել է վարչապետը:
Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ բանակում տիրող իրավիճակին եւ 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին: «Կա դիսոնանս բանակի հեղինակության եւ ծառայության հեղինակության միջեւ: Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ եւ անառարկելի հեղինակություն է: Այսինքն՝ բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում եւ Արցախում, ընդհանրապես, հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երեւույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն, այնուամենայնիվ, որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը», – նշել է վարչապետը:
Իսկ, ահա, խոսելով Արցախում սպասվող համապետական ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է. «Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի եւ Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Արցախի ՊԲ-ում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կլինեն: Եվ, ահա, երեկ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին այդ պաշտոնում փոխարինեց Ջալալ Հարությունյանը: Սա, սակայն, փոփոխությունների միայն սկիզբն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխություններ կլինեն զորամասերի հրամանատարների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների շրջանում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԷԼԻՏԱՐ ԶՈՐԱՄԱՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը: Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին նաեւ Մկրտչյանի համածառայակիցներ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հայտնի դարձավ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելով, հրաժարվել է իր անվտանգությունն ապահովող թիկնապահներից: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել էին դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել նրան: Եվ, ահա, կատարվածից 4 ամիս անց դատավորն իր մտերմիկ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝ իր անվտանգությունը ապահովեն:

 

 

 

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Հայաստանում սուր շնչառական վարակների արագ տարածումից օգտվել են տեղական դեղատները: Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ դեղատները հակաբիոտիկների, ջերմիջեցնող դեղերի գները բարձրացրել են առանց հիմնավորման: Ոչ միայն դեղամիջոցներն են թանկացել, այլեւ հազի դեմ օգտագործվող կակաոյի յուղը: Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկը վրդովված նկատեց, որ մեկ օրվա ընթացքում 7 դեղատուն է մտել բժշկական դիմակ գնելու նպատակով, սակայն այն գտել է միայն 7-ից մեկում, այն էլ՝ 130 դրամով. այն, ի դեպ, նախկինում վաճառվում էր 30 դրամով: Դեղատուն կա, որտեղ բժշկական դիմակը վաճառվում է 150-200 դրամով: Տնտեսվարողները, բժշկական դիմակի դեֆիցիտից օգտվելով, մի քանի անգամ բարձրացրել են դրա գինը: Նշենք, որ դեղատները դիմակները վաճառում են սահմանափակ թվով: Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն տարածեց՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից: Բայց, արի ու տես, դեղատներն ականջալուր չեն այս հորդորներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այս ոլորտում մշտադիտանցում է իրականացնում: Եթե խախտումներ կամ չարաշահումներ արձանագրվեն, կհարուցվեն վարչական վարույթներ, եւ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում:

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից:

 

 

 

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը դիմել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերանայելու առաջարկով, քանի որ բացակայությունների պատճառով երեխաները դուրս են մնում մանկապարտեզից: Ջավախյանի առաջարկը մերժվել է: Ավագանու անդամը, հայտնելով այս մասին, հավելում է, որ, այդուամենայնիվ, պատասխանի մեջ հստակ նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հանձնարարվել է մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում համարել հարգելի՝ հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների հանգամանքը»:

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԵՆ
ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին. այս մասին հայտնել է Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը: Նրա փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը: Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը, Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ, ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին:

 

 

 

ԿՈՂԱՇՐՋՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, եղել են զոհեր եւ տուժածներ: Նախնական տվյալների համաձայն՝ պատահարի հետեւանքով չորս քաղաքացի տուժել են, չորսը՝ մահացել:




Լրահոս