ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿՈՒՆԵՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի իրանական Ամանորը` Նովրուզը նշելու համար Հայաստան այցելող իրանցիների թիվը էապես կնվազի: Պատճառը Իրանում գրանցված կորոնավիրուսն է: Համենայնդեպս, զբոսաշրջության ոլորտի մասնագետներն անհանգստացած են. եթե իրավիճակը չկարգավորվի, ապա իրանցի զբոսաշրջիկների քանակը զգալի կպակասի:

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Նշենք, որ երեկ՝ առավոտյան, տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Բացի այս, օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի նիստին որոշում է կայացվել որեւէ սահմանափակում չկիրառել ՀՀ եւ Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Նաեւ ՀՀ կառավարությունը պետք է երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի կառավարության հետ լինի սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնի տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ հետագա անելիքները ճշգրտելու համար:
Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայաստանում: Այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը: Նշենք, որ Նովրուզի համաշխարհային օր սահմանված է մարտի 21-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Մեխակ Ապրեսյանի հետ: Մասնագետը մեզ հետ զրույցում որոշ թվային տվյալներ ներկայացրեց: Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի: Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար: Մեխակ Ապրեսյանը փոխանցեց նաեւ, որ 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ: «Բայց 2017 թվականի առաջին եռամսյակում, երբ տոնվում է նաեւ Նովրուզը, ՀՀ Իրանից ժամանել է 45 հազար իրանցի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 48 հազար, բայց 2019 թվականի առաջին եռամսյակում այն նվազել է՝ կազմելով մոտ 27 հազար: Եթե ցամաքային հաղորդակցությունը շարունակվի փակ մնալ, ապա կարող ենք ենթադրել, որ շուրջ 20 հազար իրանցի, հնարավոր է, պակաս այցելի մեր հանրապետություն»:
Ըստ մասնագետի՝ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները 2017, 2018, 2019 թվականներին դինամիկ աճել են. մոտ 5700 այցելություն եղել է 2017-ին, 9000 եղել է 2018-ին, իսկ 15000՝ 2019 թվականին:
«Եթե չկարգավորվի իրավիճակը մինչ մարտի 15-ը, երբ սկսում են ՀՀ գալ իրանցիները, ապա Նովրուզի համար այդ այցելությունների մասով այդ օրերին միջինը շուրջ 20 հազար այցելություն կարող է չլինել: Բայց պետք է հաշվի առնել, որ իրականացվող միջոցառումը՝ անվտանգության տեսանկյունից սահմանը փակելը, անհրաժեշտ է մեզ ամար: Եթե իրավասու մարմիններն այդ քայլին գնացել են, ուրեմն դրա համար կան լուրջ հիմքեր»,- լրացրեց Մեխակ Ապրեսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել որոշակի կանխատեսումներ անելու համար: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ սա ժամանակավոր կարգավորում է, որի արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, եւ որքանով է իրավիճակը կառավարելի:
«Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում: Երբ երկշաբաթյա ժամկետը լրանա, մենք հանդես կգանք համապատասխան մեկնաբանություններով, ինչպես նաեւ ռիսկերի հաշվարկներով», -փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Պարզվում է, որ Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու հետեւանքով մանր առեւտրականներն են փոքր-ինչ տուժելու. նրանք տարիներ շարունակ Իրանից Հայաստան են ներկրել պլաստիկ, հագուստ, սպասք, կոնֆետ եւ այլ իրեր ու վաճառել: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Բեռներին չի վերաբերվում, բեռնատարները կարողանում են տանել-բերել, տուրիստի շարժն է դադարեցվել, իսկ բեռնատարի օրական 200-250 վարորդի հսկողությունը ռեալ է իրականացնել, իսկ ոտքի շարժը մի քանի անգամ ավել էր, դժվար էր հսկելը: Մեղրեցիները եւ ոչ միայն հայկական կողմից վերջին շրջանում դեպի Իրան այցերը ինտենսիվացել էին: Իրենց թույլատրված չափաքանակը՝ 25 կգ, գնում-ձեռք էին բերում ու անցկացնում էին Հայաստանի սահմանը: Բայց բեռնատարների վարորդների նկատմամբ իսկապես լուրջ հսկողություն է սահմանվում, ջերմությունն են չափում: Իրանում էլ է իրարանցում, գործարաններ կան, որոնք կանգնել են, չեն աշխատում կամ էլ պասիվ են այս օրերին»:
Սակայն էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցեց, որ տնտեսության վրա ազդեցությունը առավելագույնս նվազեցնելու նպատակով որոշվել է, որ բեռնափոխադրումները պետք է բնականոն հունով շարունակվեն, իսկ օդային փոխադրումները՝ որոշակի հսկողության պայմաններում. «Կարծում ենք, որ վաղ է գնահատական տալ իրավիճակին: Լիահույս ենք, որ ռիսկերը կլինեն կառավարելի, եւ կկանխվեն բացասական զարգացումները»:
Նշենք, որ Հայաստանն առեւտրային դրական հաշվեկշիռ ունի Իրանի հետ, նկատելիորեն ավելի լավ, քան հարեւանները: Հայաստանի արտահանման մեջ գերակշիռ մաս են կազմում էլեկտրականությունը, ոչխարի միսը եւ մարտկոցների ջարդոնները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դեպի Իրան արտահանումը նախորդ տարվա ընթացքում կազմել է 83 մլն 851 հազար դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԵՐԱՇՏ՝ ՁՄՌԱՆԸ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում՝ Կոթիում, Ոսկեվանում, Բաղանիսում, երաշտ է: Սովորաբար երաշտը լինում է ամռանը, սակայն հիմա ձմռան ընթացքում է երաշտը: Գյուղերը սնուցող շատ աղբյուրներ ցամաքել են, խիստ վատացել է խմելու ջրի մատակարարման գործը: Ոսկեվանի բնակիչներից շատերը, մոտ 8 կմ ճանապարհ անցնելով, ավտոմեքենաներով իրենց կարիքների համար խմելու ջուր են կրում Ոսկեպար գյուղից ներքեւ գտնվող աղբյուրից: Ոսկեվանի մի բնակիչ իր մարդատար ավտոմեքենայում ջրի մեկ տոննա տարողությամբ տարա է տեղադրել, Ոսկեպարի նշված աղբյուրից ջուր է կրում եւ համագյուղացիներին 1 տոննա ջուրը վաճառում 3 հազար դրամով: Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի շրջակա աղբյուրները ցամաքել են, Բաղանիսի բնակիչները խմելու ջուր են ստանում չորս օրը մեկ անգամ: Նարեկ Սահակյանը նաեւ նշեց, որ 4 օրվա ընթացքում խմելու ջրամբարում կուտակվում է 30 տոննա ջուր, որը տրվում է սահմանամերձ գյուղի բնակիչներին: Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս ձմռանը ընդամենը մեկ անգամ է ձյուն տեղացել, որը մի քանի ժամից հետո հալվել է: Գյուղի վարչական ղեկավարը նաեւ հայտնեց, որ Բաղանիսում անցյալ տարվա աշնանը 8 հեկտար գարի են ցանել, եւ ինքը վերջերս տեսել է, որ այդ գարին ընդհանրապես չի ծլել: Նա հայտնեց, որ իրենք արտեզյան հոր բացելու համար դիմել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մասնագետներ են եկել, երկրաբանական հետախուզություն կատարել եւ գյուղի հարավային ծայրին արտեզյան հոր փորելու համար ստորգետնա ջուր են հայտնաբերել: Այդ ջուրը պետք է լաբորատոր հետազոտության ենթարկվի՝ պարզելու համար՝ արդյոք այն պիտանի է բնակիչների խմելու համար:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) ռեկտորի թափուր հաստիքը համալրելու համար հայտարարված մրցույթը տեղի կունենա մարտի 1-ին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է 5 հոգի: Հավակնորդներին առաջադրվող պահանջներին չբավարարող եւ մերժման ենթակա հայտեր չեն ստացվել: Բուհի խորհուրդը փետրվարի 21-ին կայացած հոգաբարձուների նիստի ընթացքում հաստատել է բոլոր 5 թեկնածուների մասնակցությունը:
Նրանք են Արմեն Ծատուրյանը, Զարուհի Վարդանյանը, Ռուբիկ Դալլաքյանը, Ռուստամ Սահակյանը եւ Ստեփան Ստեփանյանցը:
Հիշեցնենք, որ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի հաստիքը թափուր է 2018թ. օգոստոսից: Նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի բնակիչ 1983 թվականի ծնված Աշոտ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչ, 1983թ. ծնված Կարեն Ասիրյանին ապօրինի ծառահատումներ կատարելու համար գումար վճարելու խոստում տալով, իսկ նույն համայնքի բնակիչ, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության տարիքի չհասած Էդգար Ասիրյանին խաբեությամբ ծառահատման գործընթացն օրինական ներկայացնելով, կազմակերպել է անտառային ֆոնդի տարածք համարվող «Հայանտառ» ՊՈԱԿ Սեւքարի անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումը եւ Ն. Ծաղկավան համայնքի բնակիչ Արթուր Մխիթարյանի կողմից «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի ծառահատումից գոյացած փայտանյութը դուրս է բերել եւ տեղափոխել:
Կարեն Ասիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վանաձորի բնակիչ Աշոտ Աթաբեկյանի կազմակերպմամբ Սեւքարի անտառտնտեսության տարածքում կատարել է ապօրինի ծառահատում: Այնուհետեւ իր կողմից կատարված ապօրինի ծառահատումների համար քրեական պատասխանատվության չենթարկվելու համար, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, անձին մեղադրել է տեղի չունեցած հանցագործության կատարման համար՝ կատարելով սուտ մատնություն: Աշոտ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով, 38-296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Կարեն Ասիրյանին՝ 296 հոդվածի 3-րդ մասով, 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս