Երեկ Հայաստանում աննախադեպ իրավիճակի ականատես եղանք. նույն օրը եւ գրեթե նույն ժամին երկու տարբեր դատարաններում ընթանում էր Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերը: Եվ եթե երկրորդ նախագահի գործով դատական նիստերն արդեն երկար ժամանակ է՝ ընթանում են, եւ մի տեսակ սովորական է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, ապա Սարգսյանի պարագայում երեկ առաջին նիստն էր, արտասովորության զգացողություն կա ամենուր եւ ամենքի մոտ: Դա ոչ թե այն պատճառով է, որ անհավատալի է` Սերժ Սարգսյանը ինչպես կարող էր կասկածվել որեւէ հանցանքի մեջ, այլ պարզապես տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ կգա այս օրը երբեւէ: Կարելի է ասել՝ ՀՀԿ վերնախավը ավանդույթի ուժով ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար` գործի դնելով գործարարների ռեսուրսները. «բերման էին ենթարկվել» ՀՀԿ-ական գործարարների աշխատակիցները: Ու թեեւ դատական նիստը նախատեսված էր 15:00-ին, սակայն երկու ժամ առաջ արդեն դատարանի բակում էին երդվյալ հանրապետականներն ու նաեւ գործարար-նախկին պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ Արկադի Համբարձումյանը, թե՛ Արայիկ Գրիգորյանը վստահեցնում էին, որ ոչ մեկին չեն ստիպել գալ դատարանի դիմաց. վերջիններս եկել են իրենց ցանկությամբ՝ հետեւելով ղեկավարների օրինակին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ՝ դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ:
Այսպիսով, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է Հայաստանում. երկրորդ եւ երրորդ նախագահները մեղադրյալի աթոռին են, մեկը՝ 2008թ. մարտի 1-ի օրերին սահմանադրական կարգի տապալման, մյուսն էլ՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, եւ եթե Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ապա Սարգսյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Եվ, ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում: Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երեւում է, որ մարդկանց պառկեցնում են չոր ասֆալտին եւ տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ այնտեղ այդ օրերին առատ ձյուն էր: Չի բացառվում, որ ոստիկանությունը նախկին կադրերն է օգտագործում` ցույց տալու, թե գործ է անում: Օրերս էլ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում ոստիկանության գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդպես է պատկերացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: «Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել, քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի: Ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորությունները իրականացնում», – նշեց նա` դժվարանալով ասել, թե օրենքի ընդունումից հետո քանի քրեածին տարր է դարձի եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում: Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է: Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երեւույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած մասնագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետեւանքով Կադաստրը Արդարադատության նախարարությանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ:
Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։ Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի, մասնակցի հրավերով, պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար: ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները: Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից: Հստակ որոշում է առկա, որ արձակուրդում կլինեն Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո: