ՊԵԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում տեղի կունենա ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ նիստին բուռն քննարկումներ տեղի կունենան, քանի որ հրավիրվելու են երեք կառույցների՝ ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության եւ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գլխավորած հանձնաժողովն իր գոյության ընթացքում տարբեր հարցումներ է ուղարկել գերատեսչություններ՝ հանքերի շահագործման եւ, մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման մասով, եւ հաջորդ կայանալիք նիստին կամփոփվեն հենց այդ հարցումների պատասխանները: Մասնավորապես, այս հանձնաժողովը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարցման պատասխանը ստանալուց հետո հանձնաժողովի անդամներն այնքան էլ գոհ չեն մնացել:
Բացի այդ, հնէաբանների մասնակցությամբ նախորդ նիստը ե՛ւ նոր բացահայտումների առիթ է հանդիսացել, ե՛ւ արդեն այս մասով հանձնաժողովի անդամները սպասում են կառավարության պատասխանին:
-Պարո՛ն Բագրատյան, քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասով ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
-Հաջորդ նիստը նախատեսված է հաջորդ շաբաթվա մեջ: Մենք այդ նիստին հրավիրելու ենք երեք կառույցների ներկայացուցիչներ: Նախնական համաձայնությունը կա, բայց վերջնական ստանալուց հետո նոր կհրապարակենք արդյունքները:
-Իսկ ի՞նչ պատասխան է առկա ՊԵԿ-ից: Դուք խնդրել էիք ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում:
-Մենք արդեն ստացել ենք պատասխանը, այն եւս քննարկման առարկա կդառնա հենց այդ նիստին երեք գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
-Իսկ պատասխանն ուսումնասիրե՞լ եք: Այն գոհացնո՞ւմ է:
-Այն դեռ ուսումնասիրում ենք, մանրամասն տեղեկատվություն կտամ նիստի օրը: Իսկ ընդհանուր իմ կարծիքն այն է, որ կան ծախսեր, որոնք չպետք է դիտարկվեն որպես ներդրում: Հիմա ողջ ծավալի ինֆորմացիայի ուսումնասիրման համար մենք պետք է որոշում կայացնենք եւ դիմենք համապատասխան կառույցի, որ ողջ ծավալի արդյունավետությունը որպես ներդրում հաշվարկեն: Մեզ պետք է փորձագիտական եզրակացություն տան, եւ կրկին անհրաժեշտություն կա այլ կառույցների դիմելու, բացի ՊԵԿ-ից:
-Դուք բազմաթիվ այլ հարցումներ եւս ուղարկել էիք: Արձագանքներ կա՞ն:
-Այո, դրանք բազմաթիվ են: Դիմել ենք ե՛ւ Շրջակա միջավայրի նախարարություն, ե՛ւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ե՛ւ կառավարություն: Դրանք բոլորը կան, սակայն շատ կարեւոր է հասկանալ ներդրումային ծրագրերի արդյունավետությունը եւ դրանք որպես ծախս ձեւակերպելու իրավական հիմքերը: Հիմա մեր ձեռքի տակ առկա են կառավարության եւ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանները, որոնք եւս քննարկելու ենք այդ օրը: Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված պատասխանի շուրջ այս պահին ձեռնպահ կմնամ խոսել, իսկ ինչ վերաբերում է կառավարությանը, ապա մենք դիմել ենք, որպեսզի այդ գտածոների ժառանգության միջազգային կոնվենցիային մեր մասնակցության հետ կապված խնդիրները վկայագրի, եւ մենք կարողանանք դիմել մեր կոնվենցիոն գործընկերներին: Այս պահին իրենք այդ մասով դեռեւս չեն պատասխանել, սակայն պատասխանել են այլ հարցով, որը ես կներկայացնեմ հանձնաժողովին:

 

 

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՎԱՔՎԵՑ

Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ: Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի մասնակցի հրավերով պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար:

Եվ արդյունքում, ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել են հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Այո»-ի քարոզին լծվածները երեկ զրույցներ են ունեցել նաեւ վարչապետի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները: Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից:
Արդեն հայտնի է, որ իշխող թիմը կակտիվանա մարտի 2-ից, եւ հենց այդ օրն էլ արձակուրդ է մեկնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արձակուրդում կլինի նաեւ Պապիկյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո: Քննարկումների արդյունքում որոշվել է շատ ուժեր չկենտրոնացնել աշխատանքային ժամի քարոզաշավի վրա:
Ինչպես արդեն հայտնեցինք, երեկ իշխող թիմի դրամահավաք-երեկոյին հավաքվել էր 205 մլն դրամից ավելի գումար, եւ եղել են նաեւ հանգանակության խոստումներ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք է անում՝ ընտրություններում մասնակցության ծախսերը հոգալու համար, եւ տարբեր տարիներին հանգանակված գումարի չափը տարբեր է եղել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին անգամ դրամահավաք է անցկացրել 2016թ. փետրվարի 18-ին, որի ընթացքում հավաքել է 4,850,000 դրամ: Երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ եւ կատարվել է 1,8 մլն դրամի խոստում: Հաջորդ դրամահավաքն արդեն եղավ ոչ միայնակ, այլ «Ելք» դաշինքով 2017թ. մարտին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, եւ դրամահավաքին նվիրաբերվել էր 15 մլն դրամ, «Ելք»-ի մյուս՝ կրկին 2017թ. ապրիլին կատարված դրամահավաքին հավաքվել էր 5,127,000 դրամ։
Վերջին՝ 2019թ. նոյեմբերի 25-ին ՔՊ-ն հավաքել էր 236 մլն դրամ: Այս դրամահավաքի գումարն էլ ծախսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Եվ ստացվում է՝ եթե հաշվարկվեն նաեւ ոչ առձեռն նվիրատվությունները, ապա այս դրամահավաքի արդյունքները կարող են ամենատպավորիչը լինել:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
Երեկ խորհրդարանում լսումներ իրականացվեցին դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ: Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, եւ, ըստ էության, դրանով նախատեսվում է ներդնել դատավորների գնահատման համակարգ, եւ այն վերաբերելու է կոռուպցիան վերացնելու գործողություններին։ Այս նախագծով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանը հետեւող հանձնաժողովներում, եւ հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաեւ հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան-գիտնականներ: Փոփոխություններ են կատարվել նաեւ դատավորի թեկնածուների ընտրության կարգում: Բարձրագույն դատական խորհուրդը ընտրության ժամանակ արդեն պետք է հաշվի առնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տված եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ, թեկնածուն հոգեբանական թեստ պետք է անցնի, նաեւ նրա գույքային վիճակը պետք է ստուգվի: Առաջարկվում է նաեւ իջեցնել դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային ցենզը։ Երեկ այս փոփոխությունների շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի ունեցան, եւ դատական համակարգից ներկաներից շատերը դեմ էին նաեւ տարիքային ցենզի իջեցմանը: Օրինակ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը կասկած հայտնեց՝ որքանով է նպատակահարմար դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմը 28-ից դարձնել 25 տարեկան։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Շատ կներեք, բայց որոշ չակերտավոր փորձառու դատավորներ ձեւավորել են շատ վատ համբավ ամբողջ դատական համակարգի համար, պետք չի վախենալ 25 տարեկաններից»։

 

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Իշխանությունները ցանկանում են ակտիվացնել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ համաձայնագրով նախատեսված են փոփոխություններ, որոնք պետք է արդեն արված լինեին, այնինչ աշխատանքները նոր են սկսվում: Եվ, ահա, այսօր խորհրդարանում նախատեսված են լսումներ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման թեմայով: Նախատեսվում է քննարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող եւ նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձեւաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր: Սակայն, մեր տեղեկություններով, խորհրդարանը ակտիվ կլինի նաեւ վաղը, եւ արդեն ԲՀԿ-ի կողմից կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով:




Լրահոս