Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՐ ԱՐՑԱԽԸ ՅՈՒՐԱՑՎԱԾ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում պատմական օր էր. տարբեր դատարաններում քննվում էին նախկին երկու նախագահների մասնակցությամբ դատական գործերը: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի դատն էր, իսկ Շենգավիթի դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քրգործի քննությունն էր:

Օրը պատմական էր. նախկին ամենատեր իշխանության ներկայացուցիչները հավաքվել էին՝ բողոքի ցույց անելու, քանի որ ՀՀԿ երբեմնի ամենակարող առաջնորդը դատարանում մեղադրյալի աթոռին էր հայտնվել: Նկատելի էր, որ ՀՀԿ վերնախավն ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար, թեեւ նրանց մեծ մասը այդպես էլ չէր հասկացել, թե ինչու էին հավաքվել եւ ումից ինչ էին պահանջում:
Իսկ հիմա ամեն ինչ հերթով. նախատեսված էր, որ դատական նիստը կմեկնարկի ժամը 15:00-ին, սակայն ՀՀԿ-ականները 13:00 արդեն դատարանի դիմաց էին հավաքվել: Առաջիներից մեկը ներկայացավ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, այնուհետեւ նախկին պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը, ՀՀԿ կազմակերպչական գործերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը: Այնտեղ էին նաեւ գործարարներ-նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Շուշան Պետրոսյանը, Արտակ Զաքարյանը, Արտաշես Գեղամյանը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը: Դատարանի առջեւ էր նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, եւ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խնամի, նախկին ռեժիմին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը:
ՀՀԿ-ականները հիմնականում հայտարարում էին, որ չեն ցանկանում որեւէ հարցի պատասխանել, եկել են իրենց աջակցությունը ցույց տալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան կամ չցանկացան անդրադառնալ եւ պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ քրեական գործի անհիմն լինելու մասին հիմնավոր բացատրություններ տալով։ Ինչպես «ժողովուրդ» օրաթերթը նախորդ շաբաթ տեղեկացրել էր, նախկին պատգամավորները՝ այժմ գործարարները, չհրաժարվեցին ռեսուրսներ օգտագործելու նախկին արատավոր պրակտիկայից եւ բողոքի ակցիային բերել էին իրենց ձեռնարկությունների աշխատակիցներին, չնայած որ, իրենց իսկ խոսքերով, դա եղել է կամավոր: «Էնքան խաթր ու հարգանք ունեմ, որ աշխատողներս եկել են հետս»,- ահա այսպիսի բացատրություններ էին տալիս նրանք` «բերման ենթարկված» աշխատակիցների մասով:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ` դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը»), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը»): Ի դեպ, Բարսեղ Բեգլարյանը եւս ներկայացավ դատարան՝ հայտարարելով, թե այն, ինչ տեղի է ունենում, թատրոն է, ու «պռազնիկ» է նման դատի մասնակցելը:
Եթե տարիներ առաջ որեւէ մեկը կատակեր, թե գալու է մի օր, որ Սերժ Սարգսյանը անարդարության դեմ բողոքի ակցիա կիրականացնի՝ որեւէ հաստատության առջեւ ցույց անելով, թերեւս խելագար կհամարեին, բայց այսօր դա իրականություն է: Երբ Սերժ Սարգսյանը դատարան եկավ, մինչեւ դատարանի շենք մտնելը մոտեցավ ցուցարարներին ու իր խոսքն ասաց «ռուպրով»: «Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր»,- հայտարարեց Ս. Սարգսյանը եւ մտավ դատական նիստին: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ կապ ուներ Արցախի ճակատագրի հետ իր մեղադրանքը` դիզվառելիքի հափշտակության կազմակերպիչ լինելու վերաբերյալ:
Ինչեւէ, դատական նիստի ավարտին դատավոր Վահե Միսակյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ 15:30-ին:
Արդյոք հանրապետականների աջակիցները նույն ժրաջանությամբ կհավաքավեն դատարանի դիմաց՝ դժվար է ասել, քանի որ, կարծես թե, Սերժ Սարգսյանն այդ հարցը փակեց իր հայտարարությամբ՝ հորդորելով իր աջակիցներին գնալ եւ զբաղվել իրենց անձնական գործերով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պն-ն նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք պատերազմ են անցել, թե վկայականները ձեռք են բերել անօրինական ճանապարհով: Մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այս օրերին տարբեր զինկոմիսարիատներում ստուգում է այդ վկայականները: Ըստ էության, այդ վկայական ունեցող անձինք բազմաթիվ արտոնություններից են օգտվում, եւ հիմա ՊՆ-ն ստուգում է՝ հասկանալու համար, թե արդյոք արտոնություններից օգտվողները համապատասխան օրինական վկայականներ ունեն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հանձնաժողովը նոր չի ստեղծվել, եւ նպատակն է ստուգել պատերազմ անցած անձանց վկայականները՝ հնարավոր թերությունները, բացթողումները բացառելու համար:

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԳՐԻՊԸ
Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։ Ըստ տեսչական մարմնի՝ կասկածելի դեպքեր չեն եղել։ Հայաստանի սահմանային 7 կետերում շարունակվում է ուժեղացված հսկողությունը. կան անհրաժեշտ պարագաներ. մեկուսարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանին եթե քաղաքացին ինչ-որ ախտանիշներ ունի՝ հազ, ջերմություն, կամ ձայնը խզված է, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները արձանագրում են, շտապ օգնություն հրավիրում եւ հիվանդին տեղափոխում են բուժհաստատություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում հիվանդը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Իսկ եթե սահմանային անցակետերում են տեսչական մարմնի աշխատողները արձանագրում կասկածելի դեպքեր, ապա մարդկանց տեղափոխում են մարզային բուժհաստատություններ: Ի դեպ, բուժկենտրոն կարող է տեղափոխվել անգամ այն քաղաքացին, որի մարմնի ջերմաստիճանը 37.2 է: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզայինները, ապահովված են կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստերով: Բացի այս, եթե քաղաքացին կասկածելի ախտանիշներ ունի, ապա նա հիվանդանոց տեղափոխվելուց հետո ստիպված չէ 14 օր մնալ այնտեղ: ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ եթե ԲԿ-ում կորոնավիրուսը հերքվում է, անմիջապես ստուգվում է գրիպը: Տեսչական մարմինը կառավարությանը ենթակա է, հետեւաբար վերահսկվում է գործադիրի կողմից: Ավելին, տեսչական մարմինը սահմանային անցակետերում կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովին:

 

 

 

ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ ԿԱՆ
Աշխարհաքաղաքական շահերը շատ կարեւոր են. գաղտնիք չէ, որ այսօր Ուկրաինայի հարցում շատ մեծ կոալիցիա կա Արեւմուտքի երկրների կողմից, իսկ Ռուսաստանին աջակցող պատվիրակությունների թիվը բավականին սահմանափակ է. այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը: «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների մասով էլ իրավիճակը բավական միանման է, հետեւաբար բավական հեշտ է Ադրբեջանին փորձել այդ ամբողջ սոուսի տակ դիրքավորել ԼՂ հակամարտությունը: Չնայած դրան՝ մենք երկու շատ լավ նախանշաններ ունենք»,- ասել է նա: Ըստ վերջինիս՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում բոլոր զեկուցողները բանավոր ներկայացնում են իրենց մոտեցումները թեզիսների ձեւով, հետո աշխատանք է տեղի ունենում, ու հրապարակում են սեւագիրը: «Հիմա այդ սեւագրին ծանոթանալու նախնական փուլում շատ կարեւոր է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյում ներկայացված լինի: Իսկ Բյուրոյում ներկայացված են այն պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք կա՛մ նախագահ են, կա՛մ համանախագահ են, կա՛մ հանձնաժողովներում որեւէ պաշտոն ունեն, կա՛մ զեկուցող են»,-ասել է «Իմ քայլի» պատգամավորը:

 

 

 

ԱՃԵԼ Է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվարին, 2019թ. հունվարի համեմատ, աճել է 8.9 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: 2020-ի հունվարի ցուցանիշներով՝ շինարարության ոլորտում աճը կազմել է 7.7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 18.7 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 13.2 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2.8 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը, 2019-ի հունվարի համեմատ, աճել է 13.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը ջերմաստիճանը, եղանակի պարզեցման հետ կապված, կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հաջորդ գիշեր մայրաքաղաքում կլինի -3 -5, վաղը` +6 +8 աստիճան:




Լրահոս