ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԶՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է. կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Այս ընթացքում Կադաստրի կոմիտեում բազմաթիվ թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին աշխատողները, որոնք նախորդ տարվա նոյեմբերի 7-ին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում աշխատանքից ազատել նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի կադրերին եւ լուծում տալ ոլորտում կուտակված խնդիրներին, դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:
Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով կոմիտեում տեղի ունեցող իրավիճակին, ասաց. «Մենք չէինք կարողանում հանդուրժել կադրային քաղաքականությունը. այն ավելի խորացավ, երբ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց այդ պաշտոնին: Ինքը նշանակումներ էր անում, որոնք համակարգից հեռու մարդիկ էին: Սարհատը որեւէ քայլ չարեց հին կադրերից ազատվելու համար, իսկ մենք դա էինք պահանջում: Անգամ բողոքի ակցիա կազմակերպեցինք կառավարության շենքի դիմաց, մեր տեսլականը ներկայացրինք վարչապետի աշխատակազմին»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս բողոքի ակցիայից հետո կառավարությունում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել: «Մենք պահանջում էինք, որ Սարհատ Պետրոսյանի կադրերին դուրս հանեն համակարգից: Վարչապետը հստակ հանձնարարական էր տվել, ինչից հետո ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, այդ ժամանակ էլ բացատրեցին, որ կոմիտեն նոր նախագահ է ունենալու, պրոֆեսիոնալ մարդ է լինելու: Սուրեն Թովմասյանը երիտասարդ է, ոլորտից հասկանում է, կարեւորը՝ լսելու ունակություն ունի. իրեն ոլորտային սխալների, խնդիրների մասին երբ ասում ենք, ներկայացնում, ինքը լսում է ու փորձում է դրանք ուղղել»,- բացատրեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ Թովմասյանը ցանկություն է հայտնել, որ իր հետ աշխատենք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սուրեն Թովմասյանը, որը այս պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում: Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը: Բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով:
Ըստ Գուրգեն Պողոսյանի՝ աշխատանքից ազատվել են նաեւ տեղակալներ, աշխատակազմի ղեկավարը, մասնագիտական վարչության պետեր եւ այլն: Այժմ Կադաստրի կոմիտեում թափուր տեղեր կան, որոնք լրացվում են մրցույթների միջոցով: Մոտ օրերս միասնական ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ էր հայտարարվել, որի համար ներկայացվել էր 8 հայտ, որից միայն 7-ն է մասնակցել մրցույթին եւ հաղթող ճանաչվել մեկը: Ի դեպ, հայտ ներկայացնողներից մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է եղել:
«Հաղթող ճանաչվել է Սարգիս Արամյանը, նախկինում Աշտարակի մարզային միասնական ստորաբաժանման ղեկավար է աշխատել. մարզային ստորաբաժանումը լուծարվեց, ինքը ազատվեց, բայց հիմա առաջին փուլով հաղթող է ճանաչվել, երկրորդ փուլը՝ հարցազրույցը, առաջիկայում կիմանանք՝ կանցնի, թե ոչ»,- ներկայացրեց Պողոսյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ կոմիտեի ներկայիս ղեկավարը պարբերաբար հանդիպում է նախկին աշխատողների հետ եւ քննարկում ոլորտում առկա խնդիրները: Այդ խնդիրներից մեկն էլ ռեգիստրների հետ է կապված: Պարզվում է՝ ռեգիստրները նախկինում անկախ, ազատ չեն գործել, այլ ցուցումով: «Ռեգիստրներին պետք է թողնել ազատ, պետական գույքերը գրանցողներն են: Կոմիտեի ղեկավարն արձագանքել է նախկին աշխատողների խնդրանքին եւ հանձնարարել է, որպեսզի չխոչընդոտեն ռեգիստրների աշխատանքը: Իսկ նախկինում ստորաբաժանման ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը, ցուցում էր տալիս ռեգիստրին, թե սա պետք է գրանցվի, սա՝ ոչ: Եղբա՛յր, եթե դու պատասխանատվություն չես կրում՝ այդ գործի հետ կապված, ինչո՞ւ ես ցուցում տալիս»,- նկատեց Պողոսյանը:
Զրույցի ընթացքում Գուրգեն Պողոսյանը եւս մեկ խնդրի շուրջ բարձրաձայնեց. խոսքը ռեգիստրների ցածր աշխատավարձի մասին է, որը կազմում է մոտ 120-130 հազար դրամ. «Իրենք օրական 30-40 գործ են փակում, իսկ դա շատ մեծ թիվ է: Ռեգիստրների աշխատավարձերի հարցով դիմել ենք Սուրեն Թովմասյանին, ասել է՝ ես ուզում եմ, ցանկություն ունեմ, բայց գումար չկա: Իսկ ռեգիստրներն էլ հիասթափված են, ուզում են թողնեն այդ աշխատանքը, բայց նորերն էլ գալիս են, տեսնում են, որ ծանրաբեռնված աշխատանք է, աշխատավարձն էլ ցածր, նորից թողնում են ու գնում»: Բացի այս, եւս մեկ խնդիր. Երեւանում գրասենյակները չեն բավարարում: Այժմ Երեւանում կա երեք գրասենյակ, բայց նախկին աշխատողներն առաջարկում են եւս մեկ գրասենյակ բացել Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջաններում:
Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է: Պարզվում է՝ կադաստրային քարտեզները փորձում են բերել այն տեսքին, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: «Երբ մարդը դիմում էր կադաստր իր գույքի գրանցման համար, գլխավոր հատակագծով կոորդինատում էր, Կադաստրը մերժում էր՝ նշելով, որ համադրում կա, օրինակ, իր տան հողը հարեւանի հողի տակ է ընկել: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանում կա X կոորդինատներով հասցե եւ գույք, բայց պարզվում է, որ նույն հասցեի նույն գույքը, ըստ Կադաստրի քարտեզի, Y կոորդինատով է անցնում։ Այդ խնդիրը կա, դատական գործեր կան 300-ից ավել»,- պարզաբանեց Կադաստրի նախկին աշխատակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Գուրգեն Պողոսյանին առաջարկվել է մասնակցել Երեւանի միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնի համար տեղի ունենալիք մրցույթին: Սրան զուգահեռ՝ վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պողոսյանին առաջարկվել է նաեւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ինքը՝ Գուրգեն Պողոսյանը, լսելով հարցը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց:
Այս հարցերի շուրջ զրուցելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նրա քարտուղարուհին՝ խոստանալով փոխանցել Թովմասյանին եւ հետ զանգահարել, սակայն ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ Թովմասյանից զանգ չստացանք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում իր մտահոգությունն է հայտնում՝ նշելով, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված` մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները: Բացի այս, ըստ կոմիտեի՝ բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման եւ հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները:

Կոմիտեին նաեւ մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի եւ չափորոշիչների խախտման համար: Բացի այս, պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի եւ չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել եւ շրջանառության դրել: Այսինքն` նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:
Այսպես, պարզվում է, որ բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով: Իսկ, ահա, հեռուստաընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Ի դեպ, հեռուստաընկերության հետ կապված պահանջը ուժի մեջ կմտնի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱՐՎԱԾ ԳՈՐԾԵՐ
Տավուշի մարզի գյուղերում առկա է խմելու ջրի մատակարարման խնդիր: Ի տարբերություն մարզի 5 քաղաքների, որտեղ խմելու ջրի մատակարարումը իրականացնում է «Վեոլա ջուր» ընկերությունը՝ գյուղական բնակավայրերում ջրամատակարումն իրականացնում են համայնքապետարանները: Գյուղերում ջրամատակարարման համակարգերը տասնամյակների հնություն ունեն, դրանց խողովակները մաշված են, շատ տեղերում՝ փտած: Գյուղերում բացակայում են կոյուղու համակարգերը: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ 2019 թվականին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար համայնքում սուբվենցիոն ծրագրով, 47,6 միլիոն դրամով կատարվել է խմելու ջրագծի ներքին ցանցի շինարարություն: Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով անցյալ տարի 206,5 միլիոն դրամով խմելու ջրագծերի արտաքին եւ ներքին ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականացվել մարզի Զորական, Դեբեդավան, Չինարի, Գետահովիտ, Սարիգյուղ, Աչաջուր, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերում: 2019թ. մարզի համայնքների ֆոնդային բյուջեներով համայնքների խմելու ջրի համակարգում կատարվել են 142,3 միլիոն դրամի աշխատանքներ:

 

 

 

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԵԾ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային 3 զինծառայողների դատավարությունը: Միքայել Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի ժամկետային զինծառայող, 2019թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իր հասցեին հնչած դիտողության կապակցությամբ վիրավորանք է հասցրել շարքային Ռոլանդ Ավետիսյանին, ինչպես նաեւ վաշտի մնացած զինծառայողների հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը: Ժամկետային զինծառողներ Ռոլանդ Ավետիսյանին եւ Սերգեյ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված ժամանակահատվածում իրենց հասցեին սեռական հայհոյանքներ հնչեցնելու համար ծեծի են ենթարկել շարքային Միքայել Պետրոսյանին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, իսկ Ռոլանդ Ավետիսյանին եւ Սերգեյ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ամբաստանյալ 3 զինծառայողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս