ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «ՌՈՄԱ»-Ն՝ ԸՆԴԴԵՄ «ԳԵՆՏ»-Ի, ԵՎ ՄՅՈՒՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի բուռն եւ ֆանտաստիկ հանդիպումներից հետո ֆուտբոլային թատերաբեմ է բարձրանում Եվրոպա լիգան: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգա, բայց այստեղ Եվրոպա լիգայում մեզ՝ հայերիս համար կա շատ ավելի հետաքրքիր դիմակայություն: Այժմ առաջարկում ենք անդրադառնալ «Գենտ»-«Ռոմա» հանդիպմանն ու Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղերից առավել հետաքրքիրներին:

«Գենտ»-«Ռոմա»
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» հետ միասին կփորձի շրջանցել բելգիական «Գենտի» արգելքը:
Առաջին խաղում հռոմեացիները, Կարլես Պերեսի միակ գոլի շնորհիվ, կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ: 1:0 հաշիվը ոչինչ է միանշանակ: Բելգիական ակումբը շատ լավ է կարողանում խաղալ սեփական դաշտում, եւ կարեւոր չէ` ով է մրցակիցը: Առաջին խաղին իր լիարժեք մասնակցությունը չունեցավ Մխիթարյանը եւ դաշտ մտավ միայն 79-րդ րոպեին: Հիմա Հենոն ֆանտաստիկ է զգում իրեն եւ պատրաստ է կարեւոր եւ պատասխանատու խաղին: Պատասխան խաղին թիմերը մոտենում են առանց նոր կորուստների:
Զույգի ֆավորիտը համարվում են «գայլերը», բայց բելգիացիները առանց պայքարի հանձնվող թիմերից չեն:
Իտալիայի Ա սերիայի առաջնության վերջին տուրում «Ռոմա»-ն տանը 4:0 հաշվով ջախջախել է «Լեչեի»-ն եւ այդ խաղի գլխավոր հերոսը հենց Հենրիխ Մխիթարյանն էր, ով դարձավ գոլի հեղինակ եւ կատարեց մեկ գոլային փոխանցում: «Գենտ»-ը նույնպես հաղթական տրամադրությամբ է մոտենում այս խաղին: Վերջիններս Բելգիայի առաջնության 27-րդ տուրում սեփական դաշտում 4:1 հաշվով պարտության են մատնել «Տրյուդեն»-ին: «Գենտ»-ի կազմում այդ խաղում փայլել է կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

«Պորտու»-«Բայեր Լեւերկուսեն»
Պորտուգալական «վիշապները» պատրաստ են իսկական պատերազմ մղել Գերմանիայից ժամանած լեւերկուսենցիների հետ: Հաշիվն էլ պորտուգալական թիմի համար այդքան վատը չէ: Այո, պարտվել են 1:2 հաշվով, բայց խփել են այդքան կարեւոր արտագնա գոլը: Դիմակայության ֆավորիտ համարվում է «Պորտուն». դա ավելի ակնառու է դարձնում այն, որ խաղին մասնակցել չի կարողանա «Բայեր»-ի առաջատար հարձակվող Կեւին Վոլանդը: «Պորտու»-ից խաղը բաց կթողնի Պեպեն, ով վնասվածքի պատճառով չի մասնակցել նաեւ առաջին հանդիպմանը:
«Լեւերկուսեն»-ը լավ թափ է հավաքել եւ վերջին 5 խաղում տարել է նույնքան հաղթանակ: «Պորտու»-ն վերջին 5 խաղերից պարտվել է միայն գերմանական ակումբում, իսկ մյուս 4 խաղերում հաղթել է: «Դրագաու» մարզադաշտը «անեծքային» է բոլորի համար, սակայն Պետր Բոշը եւ իր ֆուտբոլիստները շատ լուրջ են տրամադրված:

«Այաքս»-«Խետաֆե»
Հաջորդ եւ վերջին խաղը, որի մասին պետք է խոսենք, կկայանա Ամստերդամում: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի մասնակիցները ոչ միայն հայտնվեցին Եվրոպա լիգայում, այլ նաեւ այդտեղից դուրս մնալու ճանապարհին են: Մադրիդյան ակումբը առաջին խաղում հաղթել է ամստերդամցիներին 2:0 հաշվով եւ լուրջ հայտ ներկայացրել 1/8 եզրափակիչ դուրս գալու համար: Հոլանդական ակումբը առաջին խաղում այդքան էլ լավ տեսք չուներ, սակայն հնարավոր է՝ տան պատերը նոր ուժ հաղորդեն Էրիկ Տեն Հագի թիմին: «Խետաֆե»-ի նման խաղը մեծ անակնկալ էր «Այաքսի» համար, ինչն էլ պսակվեց ոչ ձեռնտու հաշվով պարտությամբ: Նախորդ մրցաշրջանի «Այաքս»-ը այլեւս չկա, բայց ասել, որ թիմն ի զորու չէ անցնել մադրիդյան արգելքը, չի կարելի: Հոլանդացիները ներքին առաջնության վերջին տուրում եւս պարտվել են` նվազագույն հաշվով զիջելով «Հերակլես»-ին: «Խետաֆե»-ն նույնպես պարտվել է Իսպանիայի առաջնության վերջին տուրում` տանը 0:3 հաշվով զիջելով անդալուզական «Սեւիլիային»: Դիմակայության ֆավորիտը համարվում է «Խետաֆեն»` գոլային լավ պաշարի շնորհիվ, սակայն խաղի հաղթողի հավակնորդը «Այաքսն» է: Այս խաղում բեկումնային կարող է դառնալ ամստերդամցիների մեկ գոլը:
Խաղերը կկայանան վաղը` փետրվարի 27-ին. առաջին երկուսը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21:55-ին, իսկ վերջինը՝ 24:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս