Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եւ ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն: Դրան զուգահեռ լուրեր են պտտվում, որ եղել են մարդիկ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են էժան գնել, սակայն, Հայաստանում իրացնելու կամ Չինաստան ուղարկելու փոխարեն, արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ դրանք վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող դիմակի պակասի հարցը լուծելու գործին: Բանն այնտեղ է հասել, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Եվ չնայած այս իրավիճակին՝ պարզվում է՝ չկա մի կառույց, որը պետք է վերահսկեր կամ կանխեր նման դեպքերը: Համենայնդեպս, բոլոր հնարավոր օղակները պատասխանատվությունից խուսափում են:
Պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ առանձին վերլուծություն չունեն, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից: Իսկ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք վերահսկողական որեւէ գործառույթ չունեն եւ միայն ստուգում են գրանցված վաճառվող ապրանքների որակը: Իսկ ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությանը, ապա նրանք հիմա զբաղված են հետեւանքները վերացնելով. դիմակ են փնտրում, որ մեծ քանակությամբ ներկրեն:
Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը կվերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու եւ այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որեւէ կառույց չհերքեց:
Իսկ կորոնավիրուսը երեկ հասավ արդեն Վրաստան:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզարշավ են իրականացնելու նաեւ այն պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երեւանում պաշտոնի են նշանակված, եւ այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող կուսակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, եւ շատերն այնքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Եվ վերջիններս նաեւ «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են այս ընթացքում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը Երեւանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն, մեր տեղեկություններով, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Իսկ ինչո՞ւ. ակնհայտ է, որ եթե նրան հարցաքննեին, ապա հերքելու էր իր դեմ ցուցմունք տված անձի կամ անձանց խոսքերը, ինչը իրավապահ մարմիններին այդքան էլ ձեռնտու չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ՀՔԾ-ից հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»: Թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, ցույց կտա ժամանակը:
Պարզվում է՝ վերջին տարիների ընթացքում որոշ ռուսական ընկերություններ փորձում են իրականացնել դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցում՝ շրջանցելով գործող կանոնները: Բանն այն է, որ ռուսական մի շարք ընկերություններ ՌԴ կառավարության կողմից լիազորված ռուսական պետական կազմակերպության կողմից ստացել են պետական գրանցման հիմնավորված մերժում, սակայն «Պրոֆիլակտ Նուտրիշն» ընկերությունը, առանց պատշաճ ապացուցողական հիմքի, Հայաստանում ստացել է պետական գրանցման վկայական: Ի դեպ, այդ սննդային արտադրանքները նախատեսված են օգտագործել մեծահասակների եւ 3 տարեկանից բարձր երեխաների դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար դիետիկ բուժական սննդի կազմում: Դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքը, սակայն, պետք է անցնի ամբողջական հետազոտություններ: Այսինքն՝ Հայաստանում նշված արտադրանքը գրանցված է որպես մասնագիտացված սննդային արտադրանք պացիենտների բուժական եւ կանխարգելիչ սննդի համար՝ առանց դրանց կլինիկական արդյունավետության հաստատման փաստացի հիմքի: Այս թեմայի շուրջ պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Ուսումնասիրություններն արված են, արձանագրվել են որոշակի անհամապատասխանություններ, եւ գործող օրենսդրության շրջանակում դիտարկվում են խնդրի կարգավորման եղանակները»: