ՀՅԴ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՅԿՈՏԻ ՔԱՐՈԶ ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների խորհրդաժողովն երեկ իր աշխատանքները շարունակել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների 50 ներկայացուցիչներ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ՀՅԴ-ի՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցության ձեւաչափի շուրջ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հանրաքվեն բոյկոտելու քարոզ իրականացնել:
-Պարո՛ն Սաղաթելյան, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների խորհրդաժողովն անցկացրել եք նաեւ Արցախում. ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Մեր Հայ դատի գրասենյակների գործունեության հիմնական աշխատանքների ուղղություններից մեկը նաեւ Արցախն է ու 25 երկրից մեր Հայ դատի պատասխանատուները, որոնք խորհրդաժողովի են: Շատ ճիշտ էր մեկ օր անցկացնելը. սա նաեւ խորհրդանշական եւ կարեւոր ուղերձ տալու միտում ուներ:
-Իսկ խորհրդաժողովի վերջում ինչ-որ որոշում կայացվելո՞ւ է, հայտարարություն լինելո՞ւ է:
-Դեռեւս շարունակվում են, խորհրդաժողովի վերջում անպայման, կարծում եմ, հայտարարությամբ հանդես կգանք: Սա, կարող եմ ասել, համահայկական, նույնիսկ համաշխարհային բնույթի միջոցառում է, Հայ դատի 25 երկրների գրասենյակներ Հայ դատի աշխատանքների օրակարգով յուրաքանչյուր երկու տարին մեկ խորհրդաժողով են գումարում, ամփոփում նախորդ աշխատանքները եւ որոշում առաջիկա անելիքները: Այս իմաստով բավականին ծավալուն, մեծ ընդգրկուն օրակարգ ենք քննարկում եւ վերջում հայտարարությամբ հանդես կգանք:
-Խորհրդաժողովի աշխատանքների ընթացքում արդյոք անդրադարձ կատարվե՞լ է Հայաստանում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչպես նաեւ Արցախում մարտին սպասվող համապետական ընտրություններին:
-Խորհրդաժողովի օրակարգում ներքաղաքական հարցեր չկան, բայց խորհրդաժողովի օրակարգում առանձին գլուխ կա՝ Արցախի հետ կապված ու նաեւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության հետ կապված: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ անկախ ՀՀ իշխանությունների հետ ունեցած մեր բազմաթիվ տարաձայնություններից՝ արտաքին ճակատում մենք շարունակում ենք մեր ուժերն ու հնարավորությունները ծառայեցնել՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին: Այս իմաստով մենք մեծ քննարկում ենք ունենում, եւ դրանով էր պայմանավորված ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ 5-6 ժամանոց ժողովը:
-Ի՞նչն էր ամենաանհանգստացնող հարցը արտաքին քաղաքականությունում, որը քննարկվել է այդ ժամանակի ընթացքում:
-Իհարկե, մենք Արցախի հարցում ունենք բազմաթիվ մտահոգություններ, ուզում էինք հասկանայինք առաջին ձեռքից բանակցությունների տրամաբանությունը, եւ ասում եմ նորից՝ այդ հարցով մենք մեր պատրաստակամությունն ենք միշտ հայտնել. արտաքին ճակատում մենք պետք է օգնենք մեր պետությանը:
-Իսկ Ձեզ բավարարեցի՞ն այն պատասխանները, որոնք տվեց նախարարը՝ բանակցությունների վարման հետ կապված: Արդյոք այն, ինչ ակնկալում էիք, դա՞ էր:
-Պարզաբանումներ լսեցինք, բավարարեց, թե ոչ… Մեզ չի բավարարում այդ պատասխանները ու բոլոր հավաստիացումները, քանի դեռ ի նպաստ մեզ մենք լուծումներ չունենք: Բնականաբար, սխալ ձեւակերպում կլինի՝ ասեմ՝ բավարարեց կամ չբավարարեց:
-ՀՅԴ-ն ինչ որոշում է կայացրել՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու հետ կապված, արդյոք ակտիվ հակաքարոզչություն իրականացնելո՞ւ եք:
-Մենք «Ոչ»-ի քարոզ չենք իրականացնելու, մենք բոյկոտի քարոզ ենք իրականացնելու, մեր հասարակությանը բացատրենք, որ դա կեղծ, ժողովրդի, պետության առջեւ կանգնած մարտահրավերների հետ առնչություն չունեցող օրակարգ է: Ու կոչ ենք անելու մեր հայրենակիցներին մասնակից չդառնալ իրավական, հակասահմանադրական պրոցեսին: Այս իմաստով մենք քարոզչություն իրականացնելու ենք:
-Այսինքն՝ մարզերում, Երեւանում ՀՅԴ-ն շրջելու է ու հորդորի բոյկոտել հանրաքվե՞ն:
-Այս պահին բավարարվում ենք հարցազրույցներով, բայց չենք բացառում նաեւ այդ աշխատանքը:

 

 

 

«ԲՈՒԿԼԵՏՆԵՐԸ» ՁԵՌՔՆԵՐԻՆ՝ ՔԱՐՈԶ ԿԱՆԵՆ

Երեկ, ի վերջո, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խոսեց ու տեղեկացրեց, թե ինչ քարոզարշավ են պատրաստվում իրականացնել իրենք: Բանն այն է, որ իշխանությունները տեւական ժամանակ է՝ լռության ուխտ էին պահում ու որեւէ կերպ չէին խոսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մանրամասների մասին: Տեսակետ կար, որ վերջիններս նաեւ ծրագիր չունեին ու այս ժամանակահատվածում պլաններ էին մշակում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի նախընտրական բուկլետները ձեռքներին՝ շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզ անելու են նաեւ այն պատգամավորները, պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երեւանում պաշտոնի են նշանակված. օրինակ՝ եթե փոխնախարար են, իրենք եւս պետք է «գործուղվեն» մարզ քարոզ իրականացնելու նպատակով: Մեր տեղեկությունների համաձայն՝ հանձնարարված է նաեւ, որ պետք է քարոզչություն իրականացնեն ընտրացուցակներում ընդգրկված այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել: Գրեթե բոլոր մարզպետները եւս ակտիվ ներգրավվելու են քարոզարշավին ու կրկին շատ ծանրաբեռնված օրակարգով քարոզ են իրականացնելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում այդքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Վերջիններս նաեւ համարվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ մարդիկ, ինչը այդքան էլ ընդունելի չէ ՔՊ-ականների եւ իմքայլականների համար: Մեր տեղեկություններով՝ շատերի կարծիքով՝ քարոզարշավն իրականացնելու համար Փաշինյանին ավելի նվիրված մարդիկ կան, որոնք ավելի լավ կկազմակերպեին աշխատանքները, քան նշված անձինք: Փաշինյանն ու Սիմիդյանը «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլորի աշխատանքները, որն իրականացվում է այս ընթացքում հանրաքվեի կազմակերպման հարցում: Նշենք, որ Փաշինյանը Երեւանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Իսկ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ ձեւաչափով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, թե, ըստ անհրաժեշտության, Փաշինյանը արձակուրդ կմեկնի ու ակտիվ կմասնակցի քարոզարշավին: «Քարոզարշավի ակտիվ փուլը կսկսվի մարտի 2-ից մինչեւ ապրիլի 3-ը: Ծրագրվում է այցելել երկրի բոլոր 10 մարզերի քաղաքներ եւ բնակավայրեր: Միջոցառումները կսկսվեն Սյունիքի մարզից եւ կավարտվեն Երեւանում: Մայրաքաղաքում, հնարավոր է, որ մեծ հանրահավաք կազմակերպվի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել»,-հայտարարեց Պապիկյանը: Ըստ Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբն ունի 10 միկրոավտոբուսներ՝ քարոզարշավի լոգոներով, ինչպես նաեւ ավտոմեքենաներ, որոնք օգտագործվել են 2018 թվականի քարոզարշավի ժամանակ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԺԳՈՀ Է
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ կրկին խորհրդակցություն էր անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը եւ հետագա քայլերը: Սակայն ներկայացնելով 2019 թվականի արդյունքները՝ Փաշինյանը նաեւ քննադատել է ներկաներին: «Ժամանակն անցնում է, եւ մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները եւ ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը եւ կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,- նշել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վիճակագրությունը, տեղեկացավ, որ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայությունում նախորդ ընթացքում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ՝ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ:

 

 

 

ԿԳՆԱ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ըստ այդմ, զեկույցում նշված է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Բացի այդ, 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը եւ այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչեւ 1%: Այսօր կառավարությունում համապատասխան քննարկումից հետո այն կանցնի ԱԺ մշտական հանձնաժողովներով եւ կքննարկվի լիագումար նիստում:




Լրահոս