Ինչպես 2009 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հասարակությանը համոզում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, այնպես էլ այս օրերին ՀՀ առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, համառորեն վստահեցնում էր, թե կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, սահմանները փակելու կարիք չկա, ամեն ինչ վերահսկելի է:
Եվ չնայած 2009 թվականին եղավ ճիշտ հակառակը, եւ ճգնաժամը ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլեւ բավականին լուրջ հետեւանքներ թողեց տնտեսության վրա՝ միանգամից հետընթաց գրանցելով բոլոր ոլորտներում, այս պահի դրությամբ իսկապես կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հակառակ նախարարի պնդումներին, հրահանգեց փակել Իրանի հետ Հայաստանի սահմանը` չնչին բացառություններ նախատեսելով:
Բայց այս պահի դրությամբ Հայաստանը կանգնած է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդրի առջեւ: Բանն այն է, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ Չինաստան դիմակներ էր ուղարկել, եւ այսօր մենք արձանագրում ենք, որ Հայաստանում դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են. սա՝ այն դեպքում, երբ դեռեւս մեկ ամիս առաջ պահեստներում մեծ քանակությամբ դիմակներ էին պահվում, որոնք ներմուծված էին հենց Չինաստանից: Եվ, ահա, չնայած այս պահի դրությամբ կորոնավիրուսը դեռեւս Հայաստան չի հասել, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով: Եվ բավական չէ՝ դեղատներում դիմակներ չկան, լինելու պարագայում էլ գներն աստղաբաշխական են. դրանք թանկացել են հինգ, նույնիսկ վեց անգամ: Դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։ Միեւնույն ժամանակ Հայաստանում մասնավոր անձինք եւ կազմակերպությունները եւս շարունակում են Չինաստան դիմակներ ուղարկել, այն էլ՝ մեծաքանակ: Օրինակ՝ Երեւանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը Չինաստան դիմակների առաքման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է: Իհարկե, բարեգործություն անելն ու կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելը կարեւոր է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում եղել են նաեւ մարդիկ, դեղատներ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են գնել, սակայն Հայաստանում իրացնելու փոխարեն արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու գործին: Իհարկե, բիզնեսը՝ բիզնես, հասկանալի է` մարդիկ ունեն ազատ առեւտուր անելու իրավունք, բայց ո՞վ, ինչպե՞ս պետք է վերահսկեր իրավիճակը:
Բանն այնտեղ է հասել, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Իր հերթին էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է հայտարարություն տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի եւ այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաեւ շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: Եվ, ըստ էության, ՏՄՊՊՀ-ն եւս փորձելու է պարզել՝ արդյոք եղել են դեպքեր, երբ դիմակներն իրացվելու փոխարեն վերավաճառվել են այլ երկրներում, եւ հենց դա է պակասուրդի իրական պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրենք եւս այս ընթացքում տարբեր հարցումներ են ուղարկում, այդ թվում՝ նաեւ Պետական եկամուտների կոմիտե: ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախնական պատկեր ներկայացրեց. «Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների եւ առեւտրային ցանցերի նկատմամբ։ Փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներից։ Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ խոշոր դեղատնային ցանցերի («Նատալի Ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ») կողմից բժշկական դիմակների իրացման գների բարձրացում չի արձանագրվել։ Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին վերոնշյալ դեղատնային ցանցերում վաճառքում առկա չեն բժշկական դիմակներ։ Դիմակների պակասուրդը առավելապես պայմանավորված է ներմուծման ծավալների կտրուկ կրճատմամբ, ինչպես նաեւ պահանջարկի կտրուկ ավելացմամբ», – նշեց Անի Սմբատյանը: Միեւնույն ժամանակ Պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացան թվեր ներկայացնել, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից՝ ասելով, թե առանձին այդպիսի վերլուծություն չունեն: Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ իրենք եւս դիմել են տարբեր աղբյուրների դիմակների պակասը լրացնելու համար, եւ ընդգծեց, որ բժշկական հաստատություններում դիմակների դեֆիցիտ չկա, իսկ դեղատներում էլ առկա իրավիճակը կփորձեն լուծել այլ աղբյուրների հաշվին:
Ի վերջո, ո՞վ է վերահսկում, եւ ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանից հասկանալ՝ իրենց կենտրոնն ինչ գործառույթ ունի այս հարցում: Սակայն Գաբրիելյանը բացատրեց. «Դեղատնային օղակի հետ կապված՝ մեր կենտրոնը վերահսկողական որեւէ գործառույթ չունի: Այստեղ հսկվում է միայն գրանցված վաճառվող ապրանքների որակը»:
Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը վերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, ըստ լուրերի, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու եւ այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որեւէ կառույց չհերքեց:
Սա նույնն է, որ առաջիկայում պարզվի՝ մեր երկրի համար պահուստային ցորեն կամ ալյուր էլ չունենք կամ քիչ ունենք: Ու եթե, կորոնավիրուսով պայմանավորված, անհրաժեշտություն լինի ՀՀ սահմանները ընդհանրապես փակել, ինչպե՞ս է լուծվելու տարրական` հացի խնդիրը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվել է Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես Եվրամիության հետ ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարեւոր հարթակ: Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը: ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշուն ու մոտեցումները, ինչպես նաեւ անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում վերջին հանդիպումներին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28 կլինի Հայաստանում: Այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալվում է նաեւ, որ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
12 ՆՈՐ ՉՎԵՐԹ
Դեպի Հայաստան 2020թ. նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից. այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Այս տարի Հայաստանից դեպի Գերմանիա եւ Իտալիա կունենանք ուղիղ թռիչքներ՝ Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, ինչպես նաեւ դեպի եվրոպական այլ երկրներ՝ Պաֆոս, Սալոնիկ, Աթենք, Լառնակա, Վիեննա, Վիլնյուս: Սա, բնականաբար, կազդի զբոսաշրջային ցուցանիշների աճի վրա»,- նշել է Սաֆարյանը:
ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կտուգանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն ուսումնասիրել է ընկերության կողմից 2019 թվականի 3-րդ եռամսյակի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը: Եւ հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը այդ ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով: Իսկ առնվազն 18 դեպքում դիմող անձինք պատշաճ կերպով չեն ծանուցվել առաջացած խնդիրների մասին։ Արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում որոշում կկայացնի ընկերությանը տուգանել 10 մլն դրամ գումարի չափով։ Ընկերությունը կբողոքարկի տուգանելու մասին որոշումը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Բայց նկատենք, որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ է, որ ընկերությունը տուգանվում է ՀԾԿՀ-ի կողմից:
ԿՈՄԻՏԵԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Դատական հայց՝ ՀՀ քննչական կոմիտեի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 25-ին Արսեն Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ հայց ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի դեմ: Մասնավորապես, վերջինս դատարանից պահանջում է, որ կոմիտեին ստիպի իր կողմից գրավոր քննությունը չհաղթահարելու մասով որոշումը անվավեր ճանաչի եւ, որպես հետեւանք, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովին հայցվորի թեկնածության վերաբերյալ դրական եզրակացություն տա, իր թեկնածությունը ցուցակում ընդգրելուն պարտավորեցնի: Ըստ էության, Գրիգորյանը ցանկանում է քննիչ դառնալ, սակայն հանձնաժողովը մերժել է, եւ հիմա նա դատարանի միջոցով է ցանկանում կոմիտեի որոշումը անվավեր ճանաչել:
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կառավարություն է ներկայացվելու ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Մենք տեղեկացանք, որ ճանապարհային քարտեզով նախատեսված է մոտ 100 գործողություն, որոնցից 80-ը կիրականացնի նախարարությունը: 2019 թվականի համար նախատեսված գործողություններն արդեն իրականացվել են՝ ուղղված ջրային ոլորտի քաղաքականության փոփոխությանը, իսկ 2020 թ.-ի համար նախատեսված 25 գործողությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության հետ կապված գործառույթներին: