Վերջին տարիների ընթացքում որոշ ռուսական ընկերություններ փորձում են իրականացնել դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցում՝ շրջանցելով գործող կանոնները: Այս մասին ահազանգում է Ռուսաստանի սպառողների պաշտպանության ազգային հիմնադրամը: Ավելին, այս հարցով հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կալինինը դիմել է ոչ միայն ԵԱՏՀ-ի տեխնիկական կարգավորման գծով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին, այլեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Պարզվում է, որ ռուսական մի շարք ընկերություններ մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցում իրականացնելու համար ՌԴ կառավարության կողմից լիազորված ռուսական պետական կազմակերպության կողմից ստացել են պետական գրանցման հիմնավորված մերժում. այդ ընկերությունները չեն ունեցել գրանցվող արտադրանքի մեջ բուժական եւ կանխարգելիչ հատկությունների առկայության վերաբերյալ կլինիկական հետազոտությունների արդյունքներ, կամ էլ այդ ընկերությունների կողմից ներկայացվել են այնպիսի կլինիկական հետազոտությունների հաշվետվություններ, որոնք անց են կացվել ցածր գիտական մակարդակով եւ ոչ լրիվ ծավալով:
Սակայն ռուսական «Պրոֆիլակտ Նուտրիշն» (ընկերությունը գործում է Մոսկվայում) ընկերությունը, առանց պատշաճ ապացուցողական հիմքի, շրջանցելով ԵԱՏՄ գործող օրենսդրությունը եւ տեխնիկական կանոնակարգի պահանջները, Հայաստանում ստացել է «Պրոֆիլակտ Q10 ինստանտ ըմպելիք» վիտամինային եւ հանքային կոմպլեքս, չիչխանով մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցման վկայական: Ի դեպ, այդ սննդային արտադրանքները նախատեսված են օգտագործել մեծահասակների եւ 3 տարեկանից բարձր երեխաների դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար դիետիկ բուժական սննդի կազմում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական մեկ այլ ընկերություն եւս՝ «Արտլայֆ»-ը, Հայաստանում ստացել է դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի «Պրեմիքս 123-19 վիտամինային եւ հանքային կոմպլեքս» մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցման վկայական: Ըստ ՌԴ-ի սպառողների ազգային պաշտպանության հիմնադրամի՝ երկու դեպքում էլ պետական գրանցման վկայականնների տրամադրման համար որպես հիմք նշված են միայն լաբորատոր հետազոտությունների արձանագրությունները: Իսկ «Պրոֆիլակտ Q10 ինստանտ ըմպելիքի» համար՝ նաեւ հայկական «Ստանդարտ Դիալոգ» ընկերության փորձագիտական եզրակացությունը: Պարզվում է՝ լիարժեք կլինիկական հետազոտությունների հիման վրա՝ այդ արտադրանքների բուժական կամ կանխարգելիչ հատկությունները հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, ինչպես դա պահանջում են տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Մինչդեռ դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի մասնագիտացված սննդային արտադրանքը պետք է անցնի ամբողջական հետազոտություններ, որոնց անցկացման կարգը եւ ծավալը կանոնակարգված է Ռուսաստանի առողջապահության նախարարության «Դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքի արդյունավետության հետազոտման կարգը» 01.09.2016թ. մեթոդական ցուցումներով:
ՌԴ սպառողների պաշտպանության ազգային հիմնադրամին հայտնի է դարձել, որ վերոնշյալ մասնագիտացված արտադրանքներից ոչ մեկը պատշաճ ծավալով, հայտարարված ոլորտին համապատասխան դրանց կիրառման արդյունավետության կլինիկական հետազոտություններ չի անցել:
Եւ, չնայած սրան, այդ արտադրանքները սկսել են իրացվել Ռուսաստանի տարածքում բժշկական կազմակերպությունների կողմից: Դրանց առքը կատարվում է պետպատվերով՝ պետական բյուջետային միջոցների հաշվին: Այսինքն՝ Հայաստանում նշված արտադրանքը գրանցված է՝ որպես մասնագիտացված սննդային արտադրանք պացիենտների բուժական եւ կանխարգելիչ սննդի համար՝ առանց դրանց կլինիկական արդյունավետության հաստատման փաստացի հիմքի: Իսկ Ռուսաստանում բժշկական կազմակերպությունները, հայտնվելով մոլորության մեջ ՀՀ-ում նշված արտադրանքների պետական գրանցման փաստի առկայությամբ, գնում են այդ արտադրանքը ռուսական պետական բյուջեի միջոցների հաշվին՝ խախտելով օրենքը: Սահմանված կարգով կլինիկական հետազոտություններ չանցած այդ արտադրանքների օգտագործումը մեծահասակների եւ երեխաների, այդ թվում՝ բժշկական կազմակերպություններում բուժում ստացող անձանց, այսինքն՝ բնակչության ամենաանպաշտպան խմբի բուժական կամ կանխարգելիչ սննդի մեջ պոտենցիալ վտանգ է հանդիսանում նրանց կյանքի եւ առողջության համար:
Այս խնդրի շուրջ սպառողների պաշտպանության ազգային հիմնադրամը ահազանգում է եւ պատկան կառույցներից խնդրում է ԵԱՏՄ օրենսդրության պահանջների խախտմամբ սպառողներին մոլորության մեջ գցելուց եւ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար ստուգում անցկացնել եւ միջոցներ ձեռնարկել՝ մասնագիտացված սննդային արտադրանքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ դրանց պետական գրանցման վկայականները հետ կանչելու համար:
Հիմնադրամը պահանջում է նաեւ միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու ռուսական ընկերությունների կողմից ներկայացված հայտերով մասնագիտացված դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդային արտադրանքների պետական գրանցման իրականացում՝ առանց նախատեսված մեթոդական ցուցումների համաձայն անցկացված լիարժեք կլինիկական հետազոտությունների արդյունքների:
Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բելառուսի եւ Ղազախստանի իրավասու մարմինների հետ նմանատիպ խնդրի քննարկման ժամանակ վերջիններս լիարժեք փոխհասկացություն եւ համապատասխան աջակցություն են ցուցաբերել այդ խնդրի լուծման հարցում:
Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Կոմի Հանրապետության «Կլինիկական սրտաբանական դիսպանսեր» պետական հիմնարկը պայմանագիր է կնքել «Կոսմոֆարմ» ընկերության հետ 2020 թվականի առաջին կիսամյակի սրտաբանական դիսպանսերի պետական կարիքների համար չոր սպիտակուցային խառնուրդի մատակարարման նպատակով: Բայց անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին մատակարարի կողմից իրականացվել է մասնակի մատակարարում «Նորմաֆուդ» սպիտակուցային կոմպոզիտային չոր խառնուրդ՝ 70 կգ քանակությամբ: Ավելին, պատվիրատուի կողմից ուտեստների պատրաստման ժամանակ տվյալ խառնուրդներն օգտագործելիս բացահայտվել է, որ խառնուրդը վատ է լուծվում, ձեւավորվում են փաթիլներ, կոշտիկներ, մուգ բծավորումները չեն լուծվում: Մեկ այլ օրինակ. «Բրյանսկի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի եւ «ՄԵդիկո» ընկերության միջեւ կնքվել է սննդային արտադրանքի մատակարարման պայմանագիր, առաքվել է դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի «Նորմաֆուդ» չոր, կոմպոզիտային, սպիտակուցային խառնուրդ մասնագիտացված սննդային արտադրանք: Սակայն հետո բացահայտվել է, որ խառնուրդը չի ունեցել միասեռ տեսք, առկա են եղել մուգ բծավորումներ, խառնուրդը վատ է խառնվել ջրով բացելիս:
Այս թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Նախարարության որակի ենթակառուցվածքների վարչությունը ուսումնասիրություններ է կատարել տվյալ փաստաթղթերի փաթեթի շուրջ: Ուսումնասիրություններն արված են, արձանագրվել են որոշակի անհամապատասխանություններ, եւ գործող օրենսդրության շրջանակում դիտարկվում են խնդրի կարգավորման եղանակները»:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել են խախտումներ, եւ իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՀԵՏԱՁԳՎԻ
Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով։ Այս մասով համապատասխան նախագիծը կքննարկվի կառավարության այսօրվա նիստում: «…Համաձայն «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ. հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում՝ մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված, 2020թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների»,-նշված է հիմնավորման մեջ:
ԶՈՐԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԽԱՂԱՂ ՉԷ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 20-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Զորականի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Խոջայանի` 2020թ. հունվարի 31-ի թիվ 538, 2020թ. հունվարի 14-ի թիվ 529 եւ 2019 դեկտեմբերի 19-ի թիվ 527 հրամանները: Նույն որոշմամբ մարզպետը հանձնարարել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին 3-օրյա ժամկետում այդ որոշման պատճենները տրամադրել Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենին եւ Արեւիկ Բաղիրյանին: Սիլվա Խոջայանի դիմումի հիման վրա՝ մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով՝ 2020 փետրվարի 7-ից Սիլվա Խոջայանն ազատվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից: Մարզպետ Հ. Չոբանյանի փետրվարի 7-ի մեկ այլ որոշմամբ Հայկ Ազարյանը նշանակվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը եւ աշխատանքային պայմանագիր կնքելը:
Փետրվարի 25-ին Սիլվա Խոջայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ չնայած Տավուշի մարզպետը չեղյալ է համարել Արեւիկ Բաղիրյանին իր հայտարարած նկատողությունները, նրան աշխատանքից ազատելու հրամանները, սակայն Արեւիկն այժմ չի կարողանում դասեր վարել, քանի որ դպրոցի աշակերտները նրա դասերին չեն մասնակցում: Սիլվա Խոջայանը նաեւ հայտնեց, որ դպրոցի ուսուցիչները եւ Արեւիկի հարաբերությունները վատ են: Ս. Խոջայանն ասաց, որ ինքը այժմ որպես ուսուցչուհի աշխատում է Զորականի դպրոցում, առաջիկայում կայանալու է Զորականի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, ինքը զորականցիների ցանկությամբ ու պահանջով մասնակցել է ու մասնակցելու է այդ մրցույթին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական: ՍԱՏՄ Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն եւ պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի եւ պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման տարողությունները փոխարինվել են: Տեսչական մարմինը վերացրել է կասեցման որոշումը եւ «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին թույլատրել վերսկսել արտադրական գործունեությունը: