«ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՆՈՐԴԻ ԷԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա խոսել է իր գործունեության, մեր երկրում տիրող վիճակի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերությունների մասին:

-Նարինե՛, «Ազիզյաններ» սիթքոմի ավարտից հետո Ձեզ էկրաններին չենք տեսնում: Հրավերներ չկա՞ն, թե՞ կան, բայց Ձեր սրտով չեն:
-Դերասանը ո՞նց կարող է հրավեր ունենալ ու չցանկանա այն ընդունել: Բոլոր դերերն էլ դերասանի համար են. լավ ու վատ դեր չկա, պարզապես առայժմ հրավեր չունեմ: Առցանց հաղորդման շրջանակում եմ հանդես գալիս, կոչվում է «Բոլոլա», բայց հիմա արձակուրդում ենք: Մոտ ժամանակներում նորից կսկսենք հաղորդումը՝ արդեն նոր ֆորմատով:
-Հենց այդ հաղորդման շրջանակում անդրադառնում եք նաեւ քաղաքական թեմաների: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տիրող ներքաղաքական վիճակի մասին: Ատելության մթնոլորտի մասին են շատ խոսում. նման բան նկատու՞մ եք. եթե այո, ովքե՞ր են դրա ձեւավորողները:
-Նախ ասեմ, որ քաղաքականությունից գլուխ չեմ հանում, բայց մի բան լավ եմ հասկանում, որ նախկին իշխանավորները, ամեն դեպքում, շանորդի էին: Պարզ է, որ նախորդներն ու ներկաները պետք է միմյանց ատեն, բայց մեր երկրի վիճակը դեպի լավն է գնացել: Քաղաքը մաքրվել է: Ես ապրում եմ Շենգավիթում եւ նկատում եմ դրական փոփոխություն: Գզվռտոցները թողնենք մի կողմ, բայց նաեւ հարգանքի մթնոլորտ կա մեր երկրում: Բարություն է մտել մարդկանց մեջ: Ես երբեք քաղաքական որեւէ ճամբարում չեմ եղել: Սխալ է, արտիստը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Ես ի՞նչ գործ ունեմ… Թող երկրի վիճակը լավ լինի, բայց ինչից խելքս չի հասնում, չի հասնում: Ունեմ շատ ընկերներ, որոնք քաղաքական ճամբարների են բաժանվել: Մտերիմ ընկերներիցս մեկը զանգեց, հարցրեց. «Հո աչքիցդ չե՞մ ընկել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրել եմ»: Ասացի. «Ախպոր պես, դու իմ ընկերն ես, ի՞նչ կապ ունի՝ ինչ ես անում»: Ես ինձ զերծ եմ պահում նման բաներից, բայց մի տեսակ հավատ կա մեջս, որ Փաշինյանը մեր երկրի վիճակը կլավացնի: Արդեն իսկ ահագին բան դեպի լավն է փոխվել: Հարազատ զինվորներ ունեմ, երեխեքը նորմալ սնվում են, նորմալ պայմաններում ծառայում են. դա արդեն իսկ մեծ բան է: Որ հարցնում ենք՝ ինչ է պետք, ասում են՝ ոչինչ, իսկ նախկինում անընդհատ սնունդ ու հագուստ էինք ուղարկում:
-Շոու-բիզնեսից ընկերներ ունե՞ք:
-Բոլոր ասպարեզներից ունեմ ընկերներ, շոու-բիզնեսից՝ համեմատաբար ավելի քիչ: Բայց նրանցից էլ կան մարդիկ, որոնք գալիս են իմ տուն, նստում ենք, սուրճ ենք խմում, ասում-խոսում ենք: Մայրս ասում է՝ քեզ համար բոլորը լավն են: Հա, ես այսպիսին եմ:
-Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ձեր կոլեգան է եղել: Ձեր հարաբերությունները պահպանվե՞լ են: Նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո հանդիպե՞լ եք:
-Այո, երկու անգամ տեսնվել ենք: Իմ Հայկը նույն Հայկն է մնացել, ոչ մի բան չի փոխվել: Հայկոն այն տղերքից է, որին պաշտոնը երբեք չի փոխի, պրեզիդենտ էլ դառնա, չի փոխվի: Ես չեմ ամաչի ասել, որ երազել եմ նրա հետ նկարահանվել: Առաջին անգամ «Սուպեր մամա-2»-ում նկարահանվեցի հետը: Ափսոսում եմ միայն, որ Հայկը, որպես դերասան, այլեւս հանդես չի գալիս: Հայկ քաղաքապետն էլ է լավը, բայց Հայկ դերասանն ուրիշ էր:
-Դուք բնավորությամբ բավականին պարզ եք, եւ մարդիկ կարող են օգտվել այդ հանգամանքից եւ ինչ-որ առումով շահագործել: Մեր օրերում դժվար չէ՞ այդպիսին լինել:
-Շատ է պատահում, որ մարդուն ընդունում եմ բաց սրտով, ինձ հարազատ եմ համարում, մեկ էլ հանկարծ դիմակը պատռվում է, հիասթափվում եմ, զգում եմ, որ դիմացինս այն մարդը չէ, ինչպիսին պատկերացրել եմ: Ինչ-որ պահի չարանում եմ, մտածում եմ՝ ես էլ եմ այդպիսին լինելու, բայց ես չեմ կարող այդպիսին լինել. ինձ Աստված ուրիշ կերպ է ստեղծել: Երեւի է՛լ չեն լինի հիասթափություններ, քանի որ ընկերներն էլ տարիքի հետ ինքնըստինքյան մաղվեցին: Շուտով կբոլորի իմ 50 տարին. հասել եմ այնպիսի տարիքի, որ սթրեսային իրավիճակները երեւի թե մնացին անցյալում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ՏՆՏԵՍԱԳԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը: Քչերը գիտեն, որ նա ավարտել է «Քվանտ» վարժարանը, իսկ 2000-2005թթ. սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

«Տնտեսագիտության հիմքում ընկած է մաթեմատիկան՝ որպես ճշգրիտ գիտություն, ուստի մաթեմատիկական գիտելիքներն օգնել են ինձ ճիշտ հաշվարկներ կատարել հատկապես սցենար գրելու պրոցեսում: Կարողացել եմ կազմել որոշակի ալգորիթմներ, որոնց շնորհիվ հեշտությամբ եմ սցենար գրում: Թեեւ որպես տնտեսագետ ոչ մի օր չեմ աշխատել, առաջին մասնագիտությունս ներկայիս մասնագիտության համար շատ օգտակար է եղել: Բացի այդ, քանի որ տնտեսագիտություն ուսումնասիրելիս ծանոթացել ենք նաեւ մարքեթինգին, այդ գիտելիքներն էլ օգնել են բիզնեսի հարցում. շատ ընկերներիս լավ խորհուրդներ եմ տվել»,- մեկնաբանեց Գրիգորը:
Նա ուսանողական տարիներին խաղացել է բուհի «ծՈՐ-ղՏջ» ՈՒՀԱ թիմում: 2005-07թթ հանդիսանալով «ԸՐՈՐՈՑ» ՈՒՀԱ թիմի անդամ` խաղացել է Մոսկվայի «կՐպՎՖպՐ սՌչՈ»-ում եւ ներկայացրել Հայաստանը: Այդպես Գրիգորն իր քայլերն ուղղել է դեպի դերասանական աշխարհ:
«Կյանքս կտրուկ փոխվեց: Ես պատկերացում անգամ չունեի, որ դերասան կդառնամ, բայց ստացվեց այնպես, որ ընտրեցի դերասանի մասնագիտությունը, որն ինձ ավելի հոգեհարազատ է, ընտրեցի ասպարեզ, որտեղ ավելի հարմարավետ եմ զգում: Կարեւորն այն է, որ չեմ ափսոսում, որ ամեն բան այսպես ստացվեց»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Գրիգորը 2006թ.-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում եւ հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան եւ սցենարիստ` «Աստղային պատերազմներ», «PS club», «PS news», «Yere1», «Բլեֆ», «3 պատ», «Երեւանցիներ», «Ուրիշ կինո»: Եղել է մի շարք հումորային ներկայացումների սցենարի հեղինակներից մեկը, ինչպիսիք են «7.5», «7.5»-2, «No comment» եւ այլն: 2012թ. հիմնել է «Տրիո» էստրադային վոկալ ստուդիան: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻ ԽԱՂԱ
Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի եւ ապաքինման ժամկետների մասին: «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլեւս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին այս դժվար պահին իմ կողքին լինելու եւ ինձ քաջալերելու համար»,- ասել է Ադամյանը:

 

 

 

ԿԱՅԱՑԱՆ
Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից եւս երկուսը: Լոնդոնում տեղի «Չելսին» 0:3 հաշվով զիջեց գերմանական «Բավարիային»: Հյուրերից դուբլ ձեւակերպեց Սերժ Գնաբրին (51‘,54‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Լեւանդովսկին (76’): Մյուս խաղում «Նապոլին» սեփական դաշտում 1:1 հաշվով ավարտեց խաղը կատալոնական «Բարսելոնայի» հետ: Նեապոլցիներից հաշիվը բացել է Դրիս Մերտենսը (30‘), իսկ «Բարսելոնայից» պատասխան գոլը հեղինակել է Անտուան Գրիզմանը (57‘): Պատասխան խաղերը կկայանան մարտի 18-ին:
Անգլիական «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը կլքի լոնդոնյան ակումբը ու կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»: Ըստ տեղեկությունների՝ լոնդոնցիները պատրաստվում են մադրիդյան ակումբին առաջարկել Կեպային փոխարինել Յան Օբլակի հետ: Ըստ El Chiringuito TV-ի՝ անգլիական ակումբը պատրաստվում է նաեւ 30մլն եվրո հավելավճար տրամադրել Օբլակի համար:
Հիշեցնենք, որ Կեպայի ծառայություններից ցանկանում է հրաժարվել «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, ով բազմիցս հասկացրել է, որ իսպանացին չի մտնում իր ծրագրերի մեջ:

 

 

 

ԴԵՄԲԵԼԵՆ  ՉԻ ՀԵՌԱՆԱ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն ամռանը չի լքի իսպանական թիմը. այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է հաջողությունների հասնել կատալոնացիների հետ: Այժմ Դեմբելեն շարունակում է բուժվել ազդրի հատվածում ստացած ծանր վնասվածքից: Ֆրանսիացին շարք կկարողանա վերադառնալ ամենաշուտը 6 ամիս հետո:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս