Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը: Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Եվ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումների միջոցով այն կարող է տարածվել:

Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերահսկողություն իրականացնում: «Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում», – նշեց Նարեկ Զեյնալյանը: Եվ, վերջինիս խոսքով, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է: Մնում է միայն հասկանալ, թե 14 օր ով ինչ որակով եւ պատասխանատվությամբ է պոտենցիալ վիրուսակիրներին վերահսկում: Հուսանք՝ դա չի արվում միայն խոսքով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս