Եկող շաբաթը շատ թեժ է լինելու իշխանությունների համար, քանի որ մարտի 3-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, իսկ երկուշաբթի` մարտի 2-ին, իշխող ուժը որոշել է սկսել սահմանադրական փոփխությունների հանրաքվեի քարոզչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրներն այս օրերին ավելի շատ զբաղված են հանրաքվեի հարցերը լուծելով, քան բուն օրենսդրական աշխատանքով:
Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անելանելի վիճակում են հայտնվել, հատկապես՝ մարզերից ընտրվածները, քանի որ վերջիններս պետք է առավոտյան շտապեն խորհրդարան՝ աշխատանքի, այնուհետեւ շտապեն շտաբներ՝ աշխատանքները «կոնտրոլ» անելու: Մենք տեղեկացանք նաեւ՝ երկուշաբթի սպասվում է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ էլ կհաստատվի ԱԺ հերթական նիստի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 2-ին նիստ է լինելու, որտեղ օրակարգում մեկ հարց կա: Հարցը՝ փաստաբաների ծառայությունների մատուցման վերաբերյալ, ներկայացնելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այսինքն՝ առաջիկա շաբաթը բուռն է լինելու: