ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է փոփոխություններ կատարել մի քանի պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի կազմերում: Այդպիսի անհրաժեշտություն խմբակցության մոտ առաջացել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո. այժմ նա խորհրդարանում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Եվ, ահա, այդ պատճառով խմբակցությունը նման որոշում է կայացրել եւ դիմել ԱԺ խորհրդին՝ փոփոխությունների համար, Աժ խորհուրդն էլ այն կհաստատի մարտի 2-ին կայանալիք նիստում:
Մասնավորապես, կփոխվեն «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում պատվիրակությունների կազմերը, եւ Տիգրան Ուրիխանյանին կփոխարինի ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Փոփոխություն է ցանկանում անել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Գոռ Գեւորգյանը: