«Աթենային անձամբ եմ ճանաչում, տաղանդավոր աղջիկ է, ինձ դուր է գալիս, որ նա ազատ է բեմում, չունի ավելորդ կապանքներ: Նկատել եմ, որ դրսի հայ արտիստների մոտ ներքին ազատություն կա, ինչպես, օրինակ, Իվետա Մուկուչյանի դեպքում: Մեզ համար դա մեծ առավելություն է: Գուցե Հայաստանում համարեն, որ Աթենան բեմում անբռնազբոս է, բայց ինձ նրա կեցվածքը շատ է դուր գալիս»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տարվա եվրատեսիլյան հայաստանցի պատվիրակ Աթենա Մանուկյանի մասին նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, որը, ի դեպ, 2008-ին «Եվրատեսիլ»-ում չորրորդ տեղը զբաղեցրած «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակն է:
Ինչ վերաբերում է Աթենայի «Chains on you» երգին, ԴերՀովան այն համոզմանն է, որ դա բավականին թույլ գործ է. ««Դեպի Եվրատեսիլ»-ին ներկայացված ոչ մի երգ ինձ դուր չէր եկել: Աթենայի երգը հետաքրքիր է միայն այնքանով, որ ամերիկյան ոճի մեջ է, բայց չգիտեմ՝ դա Եվրոպայում որքանով կաշխատի: Ամեն դեպքում, կասկածում եմ, որ այդ երգով կանցնենք եզրափակիչ փուլ: Ինձ թվում է՝ շոուն այս պարագայում կարեւոր կլինի,քանի որ երգն է թույլ, ոչ հիշվող: Ափսոսում եմ, որ երգը վատն է, քանի որ Աթենան լավ երգչուհի է: Ի՞նչ ասեմ, բոլոր դեպքերում իրեն հաջողություն եմ մաղթում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից) (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։
Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվեարկության արդյունքում՝ 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։
Աննա Բաբաջանյան