Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքը տեղի է ունեցել հաղորդումից մեկ օր առաջ՝ փետրվարի լույս 24-ի գիշերը։ Երկու երիտասարդ մտել էին Խանջյան փողոցի կրպակներից մեկը, ատրճանակի նմանվող առարկայով սպառնացել պահակին ու փող հափշտակել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում էր։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հանցագործության բացահայտմանը միացել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հաղորդումից երկու օր անց հանցագործությունն արդեն բացահայտված էր։
Հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կասկածվողների ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչներ 17 և 19-ամյա երիտասարդները փետրվարի 27-ին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել են տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվել են։
Հետագա միջոցառումներով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք գազային ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։