ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիքային որ խմբի մարդիկ են ավելի հաճախ դիմում ինքնասպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Պաշտոնապես Հայաստանում ինքնասպանություն գործում են ավելի շատ գործազուրկները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանք կազմել են 613: Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որմեր հանրապետությունում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարում են արական սեռի ներկայացուցիչները: Օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարել է 418 տղամարդ՝ նախորդ տարվա արձանագրված 363 դեպքի դիմաց: Իսկ, ահա, կանայք, հակառակը, 2019 թվականին, 2018-ի համեմատ, ավելի քիչ են դիմել ինքնասպանության՝ 2019-ին՝ 195, 2018-ին՝ 243: Բացի այս, անցյալ տարվա ընթացքում ինքնասպանության ավելի հաճախ դիմել են 30-65 տարեկան խմբի 84 անձ, 18-29 տարեկան՝ 15 անձ: Իսկ, ահա, ինքնասպանության փորձ նախորդ տարում կատարել է 460 անձ, որից 273-ը՝ 30-65 տարեկան են եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները:

Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: Սակայն մասնագետներ էլ կան, որոնք ճիշտ չեն համարում խնդիրը միայն սոցիալական վիճակի հետ կապել: Անգամ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ինքնասպանությունների թիվը բավականին կպակասի, եթե Հայաստանում մարդիկ սկսեն հոգեկան առողջությանը հետեւել:

Բացի այս, կարծիք է շրջանառվում նաեւ այն մասին, որ ինքնասպանությունների հիմնական պատճառներից են դեպրեսիաները, խաղամոլությունը, պատանեկան տարիքը (որն ամենավտանգավոր շրջաններից է) եւ կյանքի վերջին փուլը՝ 70-ից հետո, երբ դեպրեսիան ուղեկցում է մարդուն: Օրինակ, ըստհոգեբան Սամվել Խուդոյանի՝ մարդկանց ինքնասպանության կարող է դրդել նաեւ մարդկային եւ նյութական կորուստը: Մասնագետի խոսքով` դեռահասության տարիքում ինքնասպանությունները կարելի է կանխել, եթե ծնողներն ուշադիր լինեն իրենց երեխաների արտահայտություններին:

Օրինակ՝ դեռահասների շուրթերիցհնչող «Ես այսպես չեմ կարող ապրել» կամ «Սա կյանք չէ», «Այս կյանքն ինձ համար չէ» արտահայտությունները չպետք է անտեսվեն ծնողներիկողմից: Նշենք, որ Հայաստանում ինքնասպաննություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն: Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, թվերի տարբերությունն այնքան աննշան է, որչի կարելի կոչել աճ: «Բոլոր դեպքերում հիմնական պատճառը սոցիալական վիճակը չէ հաստատ: Սովորաբար այդպիսի կապ չի բացահայտվել: Օրինակ՝ զարգացած, հարուստ երկրներում ինքնասպանությունները ավելի շատ են, քան աղքատ երկրներում, ավելի ծայրահեղ աղքատ երկրներում գրեթե չկա»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Որոշ մասնագետներ տեսակետ են հայտնում նաեւ, որ լրատվամիջոցները վերջին շրջանում սկսել են մանրամասն նկարագրել ինքնասպանության դեպքերը, մինչդեռ հնարավոր է, որ դրա հետեւանքով ոմանք մանրամասները լսելիսիրենց ցավի լուծումըտեսնեն ինքնասպանության մեջ: Սակայն Սամվել Խուդոյանն ասաց, որ ինքնասպանությունների թվի աճը եւսչի կարելի կապել դրա հետ՝ նշելով, որ դարձյալ այդպիսի կապ չի բացահայտվել:

«Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը. շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նորսկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչփոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին: Շատերը գործազուրկ դարձան կառույցների իրար միանալուց հետո, պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Իհարկե, ենթադրում եմ մեծ հարցականով»,- զրույցի ընթացքում նկատեց Խուդոյանը: Զրույցի ընթացքում նա նաեւ նշեց, որ Հայաստանում զարգանում է հոգեբանին դիմելու մշակույթը. «Ամեն տարի շատանում է հոգեբաններին դիմողների քանակը: Բայց Հայաստանում դա այն մասնագիտություններից է, որ այնպես չէ՝ դիպլոմ ստացար, հոգեբան ես. լավ մասնագետների քանակը քիչ է: Իսկ եվրոպական երկրներում կրթության որակը բարձր է»:

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը ճանաչել է ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ-որ մեկը ինքնասպան է լինում, իսկ յուրաքանչուր տարի ինքնասպան է լինում շուրջ 900 հազար մարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս