«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվեն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը։ Ի դեպ, դրանց հիման վրա՝ տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ:
Այսինքն՝ տեսչական մարմնի կողմից կիրականացվեն սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումներ։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ կհաստատվի դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը։ Նկատենք, որ այժմ տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է միայն բողոքների, ահազանգերի հիման վրա։ Այսինքն՝ այս ստուգաթերթերը հաստատվելուց հետո տեսչական մարմինը հնարավորություն կունենա ստուգել ռիսկային ոլորտները։