Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնի քինգ-բռնցքամարտի սաներն իրենց ուսուցիչների հետ միասին այսօր ժամը 16:00-ին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մազկենտրոնի տնօրեն Արթուր Մամոյանի:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Տորք Անգեղ մարզկենտրոնի քինգ-բռնցքամարտի մարզիչ Վահե Մայանը:
«Մենք տարիներ շարունակ պարապել ենք Աշոտ Ղուլյանի անվան մարզադպրոցում, հետ հեղափոխությունից հետո իմացանք, որ դպրոցն առանց փաստաթղթերի է գործում, մենք դիմեցինք, որպեսզի դպրոցը օրինականացնեն, սակայն, անգործության մատնելով, ոչինչ չարեցին: Մեզ քաղաքապետարանից խնդրեցին, որպեսզի տեղափոխվենք «Տորք Անգեղ» մարզադպրոց: Տեղափոխվեցինք այնտեղ, սկսեցինք մեր պարապմունքները, հիմա էլ տնօրենն ասում է ինձ, որ ժամ չունեմ, ընդամենը երկու ժամ կա, որի համար պետք է 120 հազար դրամ վճարեն, քաղաքապետարանից էլ ասացին, որ նման բան չկա»,-ասաց մարզիչը:
Ըստ նրա՝ մշտապես Նոր Նորք վարչական շրջանի մարզիչները կանգնած են նման խնդիրների առաջ, իսկ թաղապետարանն ու քաղաքապետարանը մատնված են անգործության:
«Անընդհատ թաղապետ է փոխվում, մինչև մեկի հետ լեզու ենք գտնում փոխվում է, նույն էլ տնօրենները, արդեն հոգնել ենք: Այս պահի դրությամբ 60 աշակերտ զրկվելու է մարզվելուց, չնայած այն բանի, որ թաղապետն ու քաղաքապետը պարգևատրում են այդ սաներին: Բոլորը ստում են, ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-ընդգծեց Վահե Մայանը:
Լիդա Եղիազարյան