Երևանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:
«Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, և ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: Երևան քաղաքում շատ սպասված, պահանջված նախագիծ է: Ցավոք սրտի, չունենք սքեյթ-պարկ, և մեր երիտասարդներն այսօր տարբեր վայրեր են իրենց համար գտնում, որտեղ կարող են ամեն ինչով զբաղվել: Սա ոչ միայն մարզաձև է, սա նոր մշակույթ է, սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը և՛ սպորտով կզբաղվի, և՛ ժամանակ կանցկացնի: Սա շատ կարևոր է քաղաքի համար և սա սկիզբն է այս մշակույթի և այս տիպի օջախների», – նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երբ մենք տեսնում ենք, որ մեր երկրից մեզ ձայն են տալիս, փորձում են մի բանով մեզ հետ կապված լինեն և օգտակար լինենք իրար, դա մեզ ուժ է տալիս ու եռանդ: Դրա համար, երբ հնարավորություն ունենք, միշտ պետք է կապը պահպանենք, ինչ ձևով՝ տարբերություն չկա», – նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Ըստ պայմանագրի՝ Օղակաձև այգու վեցերորդ հատվածի Երվանդ Քոչարի փողոց հ.6 և հ 6/1 հասցեներում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, 5044 քառակուսի մետր հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ:
Աշխատանքները կիրագործվեն երկու փուլով: Առաջին փուլով՝ մինչև հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային լանջը կձևավորվի որպես ամֆիթատրոն՝ ուղղված դեպի խաղահրապարակ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արևային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։
Երկրորդ փուլով՝ մինչև այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արևելյան հատվածի առկա կանաչ գոտին (մոտ 1845,0 քմ) ՝ հարստացվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով: